Ասում է Դանիայից Երեւան եկած գիտնականը
Երեւանում այսօր աշխատանքը կավարտի «Գենոմիքս» կոչվող միջազգային գիտաժողովը` նվիրված մարդու օրգանիզմում գենետիկ փոփոխությունների առաջացման խնդիրներին: Բժշկագիտական նման գիտաժողով առաջին անգամ է անցկացվում, երբ նորությունները ներկայացվում են մոլեկուլային, այսինքն գենային մակարդակի վրա: Քննարկվող գլխավոր խնդիրը Ժամանակակից կենսաբանության հնարավորությունների օգտագործումն է (գեների գործունեության մեխանիզմի պարզաբանման ճանապարհով) գենետիկ հիվանդությունների եւ քաղցկեղի կանխավ ախտորոշման համար: Օրինակ, հստակեցնելու շաքարախտի այն տեսակը, որ ժառանգաբար է փոխանցվում մարդուն: Որովհետեւ, եթե այդպես է, բուժման մեթոդոլոգիան պիտի տարբերվի այլ պատճառներով առաջացած շաքարախտի բուժումից:
Անկախացումից հետո գիտական ճյուղերի մեջ հատկապես կենսաբանությունն ու կենսաբանները ծանր վիճակում հայտնվեցին` օտարանալով ու անհաղորդ մնալով հետազոտման նորագույն մեթոդներին, զրկվելով գիտական արդյունավետ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունից: Այնպես որ, կոնֆերանսն, անկասկած, օգտակար եղավ ե՛ւ տարեց, ե՛ւ երիտասարդ հայ գիտնականների համար: Այն նախաձեռնել էր Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը (տնօրեն Թամարա Սարգսյան): Մասնակցում են Դանիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից ժամանած անվանի գիտնականներ, նաեւ ուսանողներ այդ երկրների ու Հայաստանի բժշկական հաստատություններից: Նրանք գործնական պարապմունքներ անցկացնելու համար իրենց հետ սարքեր ու սարքավորումներ են բերել:
Բժշկագիտական Ժամանակակից միջոցների կիրառումը կարող է չափազանց օգնել պարբերական ախտով տառապող հիվանդին, եթե ոչ բուժելու, գոնե անհամեմատ թեթեւացնելու նրա վիճակը: Այն տարածվածությամբ առանձնանում է գենետիկ կամ ժառանգական հիվանդությունների մեջ: 1997 թվականից մինչ օրս Գենետիկ կենտրոնում այս ախտով տառապող 6 հազար հիվանդ է հաշվառվել: Հետազոտությունները պարզել են, որ 5 մարդուց մեկը տվյալ գենի հետ կապված մուտացիայի կրող է: Հիվանդությունը կարող է առաջանալ տվյալ գենի որոշակի մուտացիոն փոփոխությունների պատճառով, ինչպես, ի դեպ, ժառանգական մյուս հիվանդությունները: Մնացած դեպքերում հիվանդությունների առաջացման խթանը շրջակա միջավայրի աննպաստ պայմաններն են:
Ի՞նչ ենք մենք ուտում եւ ի՞նչ օդ ենք շնչում. քաղցկեղի առաջացման հարյուրավոր պատճառներ կան, բայց գլխավոր որոշիչների մեջ թվարկվում են նաեւ սնունդն ու շրջակա միջավայրը: Կոպենհագենի քաղցկեղի գիտահետազոտական ինստիտուտի աշխատող, դոկտոր Նունե Համբարձումյանի հայացքովՙ այդ երկու բացասական գործոններն էլ Հայաստանում կան: Տրանսպորտային արտանետումներից գերհագեցած օդ եւ աշխարհի էժան շուկաներից ներկրվող կասկածելի սնունդ:
Չինաստանում կրծքի քաղցկեղը շատ չնչին տոկոս է կազմում, գիտնականները փորձել են պարզաբանել` ինչո՞ւ: Պարզվել է, որ երբ չինացի կանայք փոխել են բնակավայրը եւ ապրել ԱՄՆ-ում, նրանցից ոմանց մոտ որոշ ժամանակ անց հայտնաբերվել են քաղցկեղի ախտանշաններ: Կոնկրետ դեպքում օդի ու ջրի կտրուկ փոփոխությունն է եղել քաղցկեղի առաջացման պատճառը:
Ժամանակակից բժշկագիտությունը քաղցկեղի տեսակների վաղ ախտորոշման նոր, գերժամանակակից մեթոդաբանություն է հայտնագործել, որի շնորհիվ հնարավոր է գրեթե անվրեպ բուժում նշանակել: Նունե Համբարձումյանն ասում է, որ հայ երիտասարդությունը բավական աչքաբաց է, լի գիտելիքների ու նոր ինֆորմացիան յուրացնելու մեծ ցանկությամբ: Քաղցկեղի բուժման նոր մեթոդաբանությունն ու ախտորոշման սարքերն այնքան բարդ ու թանկ չեն, եւ կարելի է դրանք հիմնավորապես ներդնել այստեղ ու յուրացնել:
Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների տարածվածության սանդղակում կրծքի քաղցկեղից հետո թոքերի, ստամոքսի, արգանդի վզիկի չարորակ գոյացություններն են: Հանրապետությունում, սակայն, քաղցկեղի վաղ ախտորոշման կենտրոններ ու լաբորատորիաներ չկան: «Հայաստանում ուռուցքաբանության ոլորտը սարսափելի վիճակում է, հիվանդները վաղ չեն ախտորոշվում, կամ եթե մեկին հաջողվում է վաղ ախտորոշվել, բուժումն այնքան թանկ է, որ միեւնույնն է, չի բուժվում: Այնքանով, որքանով քաղցկեղն անբուժելի հիվանդություն է համարվում, դրա դեմ միակ արդյունավետ միջոցը վաղ հայտնաբերումն է: Երբ հիվանդը բժշկի մոտ է գալիս արդեն մետաստազներով, նրա փրկության մասին դժվար է խոսել:
Վաղ ախտորոշման կենտրոններ ստեղծելու մասին կառավարությունից բացի պիտի մտածեն նաեւ գործարար, հարուստ մարդիկ, որոնք բավական շատ են Հայաստանում», ասում է Կոպենհագենի նույն ինստիտուտից Երեւան եկած Մարիամ Գրիգորյանը: Ստամոքսի խոց առաջացնող բակտերիաների մի մասը ժամանակի ընթացքում վերափոխվում է քաղցկեղածին մանրէի: Եթե խոցով հիվանդը ժամանակին չբուժվի, ապա դատապարտված լինելու հավանականությունը մեծ է: Վաղ ախտորոշման կենտրոնի առկայությունը շատ կարող է օգնել նրան: Քաղցկեղի բուժումը թանկ հաճույք է, բայց վաղ ախտորոշումը բավական մատչելի կլինի նույնիսկ մեր նման աղքատ բնակչությամբ հարուստ երկրի համար:
Մարիամ Գրիգորյանը պատմում է, որ Կոպենհագենում ստեղծվել է «Դանիայի քաղցկեղային միություն» կազմակերպությունը, որը գործում է բնակչության հավաքած գումարներով` ամեն տարի 100 մլն դոլար: Դանիայում, շնորհիվ այդ կենտրոնի, քաղցկեղի հետազոտությունները եւ բուժումն անվճար են: Եվ ընդհանրապես, բժշկությունը մեծ մասամբ ձրի է դանիացիների համար:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ