Ոչ մի արդար բան չկա՞ այս երկրում
«Ազգ» օրաթերթի խմբագրատուն է դիմել «միլիոնատեր բոմժ» ծածկանվամբ Կորյուն Վահունին` ձեռքին իր աֆորիզմների նորահրատարակ բարալիկ գրքույկը: Նորքի տուն-ինտերնատում բնակվող Վահունին, որ, Աստված գիտե, թե ինչ դժվարությամբ է գումար հավաքել իր գրքույկը տպելու համար, հայտնվել է առաջին հայացքից բավական զվարճալի, բայց իրականում ցավալի հանգամանքներում:
Օգոստոսի 10-ին Կորյուն Վահունին իր աֆորիզմների գրքույկը տպագրելու համար գնում է «Ամարաս» տպարան, մուտքի մոտ ծանոթանում մեկի հետ, որը ներկայանում է իբրեւ հրատարակչության տնօրենի տեղակալ: 40 էջանոց գրքույկը 5 հարյուր օրինակով տպագրելու համար տնօրենի տեղակալ ներկայացած անձը պահանջում է 100 հազար դրամ: Վահունին նրան է հանձնում իր աֆորիզմների ձեռագիրն ու 50 հազար դրամը, սակայն վերջինս որեւէ պայմանագիր չի կնքում Վահունու հետ, ոչ էլ նրան ստացական է տալիս: Վահունու պնդումներից հետո տնօրենի տեղակալ ներկայացած անձը վերջապես մի թուղթ է տալիս իրեն: Հաջորդ օրը Վահունին պարզում է սակայն, որ իր հետ «գործարք կնքածը» ոչ թե տպարանի տնօրենի տեղակալն է, այլ Վանեցյան Քաջիկը, որը, Վահունու համոզմամբ, խաբեբա է: Վահունին դիմում է տնօրենին, որը սկզբում խոստանում է սեղմել հիշյալ անձին, բայց հաջորդ օրը ասում է, թե ում հետ գործը բռնել է, թող նրա հետ էլ շարունակի: Այնուամենայնիվ, մի քանի օր անց տպագրվում է Կորյուն Վահունու աֆորիզմների գրքույկը` պայմանավորված 40-ի փոխարեն 32 էջով եւ առանց տիտղոսաթերթի (գրքույկի առաջին էջն է` մինչ բովանդակության սկիզբն ընկած ներդիրը): Զավեշտը հասնում է այն կետին, որ գրքույկի առաջին էջի բացակայությամբ հետաքրքրված Վահունուն ասում են, թե դրա համար ինքը պայման չի կապել, համ էլ այդ մի էջի համար ավելորդ հարկ կուզեն: «Ես էլ մտածեցի, թե ինչ լավ է, որ ամեն մի տխմար խոսքի համար հարկ չեն պահանջում, թե չէ դուք ավելի շատ հարկեր կվճարեիք անմիտ խոսքերի համար, քան ես իմ աֆորիզմների համար, եւ լավ է, որ ձեզ չեն պարտադրում պայմանագիր կապել ամեն մի հիմար միտք ասելու համար, թե չէ դուք անթիվ-անհամար պայմանագրեր կկնքեք ձեզ դիմող մարդկանց հետ», մեզ ուղղված նամակում գրում է Վահունին:
Ընթերցողին չհոգնեցնենք եւ նշենք, որ Վահունու պնդումների արդյունքում տպարանում խոստանում են եւս 2 հարյուր օրինակ տպել` այս անգամ տիտղոսաթերթով: Վահունու հավաստմամբ, նոր գրքույկի այդ էջում էլ «Ամարասի» փոխարեն նշված է լինում «Մաստեր» տպարանի անունը, իսկ տեխնիկական խմբագրի, սրբագրիչի եւ համակարգչային շարվածք անողների անունները համընկնում են «Նաիրի» հրատարակչության նույն գործն անող աշխատողների անուն-ազգանունների հետ, որոնք, Վահունու խոսքով, անգամ համատեղման կարգով չեն աշխատում «Ամարասում»: Սա էլ քիչ էր, նոր գրքույկների կազմերը լավը չեն լինում: Այս առիթով էլ Վահունուն առաջարկում են առանց տիտղոսաթերթիկների գրքույկների կազմերը հանեն եւ անցկացնեն նորերին: Հեղինակի դժգոհությունը սակայն բավարարում են: «Ահա այսպիսի տպարանական աջաբսանդալ` պատրաստված «Ամարաս» տպարանի խոհանոցում, տպարանի ավագ խոհարարի տեղակալ ու ֆավորիտ Սլիչենկո Սերգեյի` նույն ինքը Վանեցյան Քաջիկի բաղադրատոմսերով եւ ավագ խոհարարի «դաբրոյով», գրում է աֆորիզմների հեղինակը:
Կորյուն Վահունու արկածները շարունակվում են ոստիկանատանը, ուր նրան այս ու այն կողմ են ուղարկել, ապա եւ թերթերից մեկում, որտեղ սկզբում խանդավառված լրագրողը հաջորդ օրը հրաժարվել է անդրադառնալ հեղինակի խնդրին` պատճառաբանելով, թե իրենք մեկ անգամ արդեն անդրադարձել են Վահունուն: «Դա նույնն է, ինչ ոստիկանությանը երկրորդ անգամ դիմելիս ասեն` մենք մի անգամ քո պահանջը բավարարել ենք, երկրորդ անգամ չենք կարող զբաղվել քո հարցով», լրագրողին պատասխանել է Կորյուն Վահունին:
Միակողմանի չլինելու համար «Ազգ»-ը փորձեց զրուցել նաեւ «Ամարասի» ղեկավարներից որեւէ մեկի հետ: Հրատարակչատան տնօրեն Արկադի Ասրյանը նախ մեզ հետ զրույցում ասաց, թե բոմժերի հասցեին իրենք ոչինչ չեն ասում, հետո էլ ավելացրեց. «Մենք բոլոր հարցերը լուծել ենք, ինքն էլ այլեւս չի երեւացել: Ինքը պատահական մարդու միջոցով է իր հարցերը լուծել, իսկ եթե մեզ հետ խնդիր ունի, թող գա, մենք կլուծենք»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ