«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2006-10-11 | #194, 2006-10-12 | #195, 2006-10-13


ԻՏԱԼԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՌԱՄՍՅԱԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն երեկ համատեղ ասուլիսում ներկայացրին մշակութային այն միջոցառումները, որոնք տեղի են ունենալու հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին: Նախարարն իր խոսքում նշեց, որ 2003 թ. ապրիլի 15-ին Երեւանում ստորագրվել է ՀՀ կառավարության եւ Իտալիայի կառավարության միջեւ մշակութային, կրթական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Երկու երկրների սերտ կապի արդյունքում հայ արվեստագետները բազմիցս եղել են Իտալիայում ու փոխշփումները գնալով ընդլայնվում են: Վկան նաեւ անցած տարի հոկտեմբերին իտալական մշակութային ամիսն էր Հայաստանում: «Այս տարի համագործակցության ծրագրերը հստակեցվել էին ու օգոստոս ամսին կայացավ «Հնագիտությունը եւ հուշարձանների վերանորոգումը» միջազգային սեմինարը: Իսկ դեսպան Կլեմենտեի հետ մշակված ծրագրով, իտալական կառավարության ֆինանսավորմամբ, տարին կփակենք եռամսյա իտալական մշակութային միջոցառումների շարքերով: Արդեն Իտալիա է մեկնել երիտասարդ քանդակագործ Արեգ Պետրոսյանը, վերականգնողական հմտությունները վերապատրաստելու ծրագրի շրջանակներով` իտալական կրթաթոշակով»:

Դեսպան Մարկո Կլեմենտեն մինչ կներկայացներ միջոցառումների ցանկը, շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ներին ու բարձր գնահատեց հատուկ ուշադրության ու մշտապես լուսաբանելու այն բոլոր միջոցառումները, որ կայացել են Հայաստանում: Բարձր գնահատելով հայ-իտալական մշակութային համագործակցությունը, դեսպանը նշեց, որ վերջին 3 տարում մշտապես զբաղվել է մշակութային երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ: «Մշակույթը մի կամուրջ է, որ միացնում է մեր երկու ժողովուրդներին, որոնք ունեն հազարամյակների պատմություն եւ երկուսն էլ գեղեցիկի սիրահար են», ասաց դեսպանն ու ավելացրեց , որ դա շատ կարեւոր ռեսուրս է ազգի կյանքի գոյատեւման համար, նաեւ տնտեսական ու քաղաքական առումով...

Մշակութային ոլորտի լավագույն համագործակցությունը նշելով դեսպանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժամը 19:00-ին կսկսվի իտալական մշակութային միջոցառումների բացումը` Ֆրանչեսկա Սելվա պարային խմբի «Confi-dance» ժամանակակից պարի ներկայացմամբ` մենակատարներ Աննալիզա Ֆոնտանա, Պաոլո Գուալդի, Լուիզա Պուչչին եւ Դանիելա Րիչչին: Երեւանի կինոթատրոններից մեկում կանցկացվի իտալական կինոյի հետահայաց ցուցադրություն: Դեկտեմբեր ամսին Երեւան կժամանեն երիտասարդ երկու երգիչներ, որոնք ՀՖՆ-ի հետ օպերայի բեմում հանդես կգան երկու համերգով` Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարումով: Եռամսյա մշակութային բոլոր միջոցառումներն անվճար են. «Սա է մեր գաղափարը, որպեսզի դեպի արվեստը տանենք այն մարդկանց, ովքեր միջոցներ չունեն ազատորեն օգտվելու այդ «բարիքից», եւ մեր ջանքերի շնորհիվ մենք էլ մեր լուման կներդնենք մշակույթի զարգացման ու սերունդներին փոխանցելու գործում, ասաց դեսպանը:

Ասուլիսի ավարտին նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորեց լրագրողներին «Հայ մամուլի օրվա» առիթով, մաղթելով հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4