Երեւանում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում պայքարի լարվածությունը գնալով աճում է: Տղամարդկանց մրցաշարում առաջատարի դերը ստանձնել է ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոն, որը վաստակել է 6,5 միավոր: Նա ոչ-ոքի խաղաց Լեւան Պանցուլայայի հետ: 6-ական միավոր ունեն Լեւան Պանցուլայան, Նիկիտա Վիտյուգովը, Դանիել Սթելվագենը, Արման Փաշիկյանն ու Դմիտրի Ֆրոլիանովը: Փաշիկյանը 8-րդ տուրում պարտության մատնեց Դեպանին: 5,5 միավոր ունի Զավեն Անդրեասյանը, որը եւս հաղթանակով ավարտեց պարտիան Ռոման Նեշեպուրենկոյի հետ: 4,5 միավոր ունի Լեւոն Բաբուջյանը:
Կանանց մրցապայքարում 6,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են վրաց շախմատիստուհի Սալոմե Մելիան եւ հնդիկ գրոսմայստեր Սաշդեւ Տանիան: ԱՄՆ-ում բնակվող Տաթեւ Աբրահամյանը վաստակել է 5,5 միավոր: Նա ոչ-ոքի խաղաց հնդիկ շախմատիստուհի Դրոնավալի Հարիկայի հետ:
Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Սիրանուշ Անդրեասյանը, որը սեւերով հաղթեց Բեատա Կաձիոլկային: 4,5 միավոր է վաստակել Անահիտ Խառատյանը, 4-ական` Լիանա Աղաբեկյանը, Անի եւ Նունե Դարբինյանները, Աննա Հայրապետյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ