«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2006-10-11 | #194, 2006-10-12 | #195, 2006-10-13


«ՄԻԿԱՆ» ՊԱՀՊԱՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

Տիգրան Պետրոսյանը գերազանց արդյունք ունի

Ավստրիական Ֆուգեն քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի գավաթի խաղարկության 4-րդ տուրում կանանց մրցաշարի միանձնյա առաջատար «Միկան» հանդիպեց վրացական «Էներգի Ինվեստի» հետ: Նախորդ երեք տուրերում հաղթանակ տոնած «Միկայի» շախմատիստուհիներն այս անգամ բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով: Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց առաջին խաղատախտակի վրա խաղացող Մայա Չիբուրդանիձեն` պարտության մատնելով Նանա Ձագնիձեին: Իսկ ահա Էլինա Դանիելյանը զիջեց Լեյլա Ջավախիշվիլուն: Ոչ-ոքի ավարտվեցին Խուրցիձե-Գվետաձե, Աղինյան-Մատնաձե պարտիաները:

Չնայած մեկ միավորի կորստին, «Միկան» չորս տուրից հետո 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 6-ական միավորով հաջորդ տեղերում են Կրասնոտուրինսկի AVS-ը, Սաքարտվելոյի «Էներգի Ինվեստը» եւ Սարատովի «Էկոնոմիստը»: AVS-ը 4-0 հաշվով հաղթեց «Հերցլիային», իսկ «Էկոնոմիստը» 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց «Պոդգորիցային»: «Յուժնի Ուրալի» շախմատիստուհիները 4-0 հաշվով պարտության մատնեցին «Լուչիային»: Այդ մրցախաղում «Յուժնի Ուրալի» կազմում հանդես չեկավ Լիլիթ Մկրտչյանը: Նա մասնակցել է առաջին երեք տուրերի մրցախաղերին` վաստակելով 1,5 միավոր:

«Միկայի» կազմում առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Նինո Խուրցիձեն, որը 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր: Նրանից կես միավոր պակաս ունի Մայա Չիբուրդանիձեն: 1,5-ական միավոր են վաստակել Էլինա Դանիելյանն ու Նելլի Աղինյանը: Հարկ է նշել, որ «Միկայի» կազմում ընդամենը չորս շախմատիստուհիներ են ընդգրկված, չկա պահեստային խաղացող, ինչպես մյուս թիմերում է: Այնպես որ մեր շախմատիստուհիների վրա ծանրաբեռնվածությունը մեծ է:

Տղամարդկանց մրցաշարում «Բանկերի արքան» 4-2 հաշվով առավելության հասավ «Գրոս Խակեի» նկատմամբ: Մեր թիմից հաղթանակներ տոնեցին Արտաշես Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Հիշեմ Համդոուչիին եւ Ալբերտո Անդրեսին: Ասրյան-վան Վելի, Լպուտյան-Չանգ, Վահանյան-Բաուեր, Անաստասյան-Գոմես պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

4 տուրից հետո «Բանկային արքան» 7 միավորով 2-6-րդ տեղերն է բաժանում «Տոմսկ-400-ի», «Աշդոդի», «Ուրալ Սվերդլովսկայայի» եւ «Լադյա Կազանի» հետ: Իսկ առաջատարը Չեբոքսարիի «Էլարան» է, որը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց` առավելության հասնելով «Ցլիշիի» նկատմամբ (3,5-2,5): «Ուրալ Սվերդլովսկայայի» կազմում Վլադիմիր Հակոբյանը պարտվեց Վիտալի Գոլոդին: Սակայն դա չխանգարեց ուրալցիներին 4-2 հաշվով հաղթել իսրայելական «Բեեր Շեւային»: Մեր թիմի կազմում պարզապես գերազանց է խաղում Տիգրան Պետրոսյանը: Նա բոլոր չորս պարտիաներում էլ հաղթել է: 4 հնարավորից 3-ական միավոր ունեն Ռաֆայել Վահանյանն ու Աշոտ Անաստասյանը: Ասրյանը վաստակել է 2,5 միավոր, Մինասյանը` 2: Սմբատ Լպուտյանը 3 հնարավորից մեկ միավոր ունի: Արսեն Եղիազարյանը մասնակցելով միայն մեկ հանդիպման, պարտիան հաղթանակով է ավարտել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4