Թուրք ղեկավարներն «ամոթանք» են տալիս Ֆրանսիային
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ինչպես որ ենթադրվում էր, Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագծի ընդունմամբ հակաֆրանսիական հիստերիան Թուրքիայում հասավ գագաթնակետին: Խոսքը «Գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության կազմակերպված երթի մասին չէ, որի մասնակիցներն, ի դեպ, իրենց զայրույթն արտահայտելու համար ձվակոծել են մի շենք: Միայն ուշացումով պարզվել է, որ այդ շենքը ոչ թե Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունն է, այլ ԱՄՆ-ի դեսպանի խորհրդականի առանձնատունը: Ոչ էլ նկատի ունենք Ստամբուլի հայտնի Բերա թաղամասի «ֆրանսիական» փողոցում «Ալժիրի անկախության հուշարձան» կանգնեցնելու քաղաքապետարանի խորհրդի միաձայն ընդունած որոշումը, այլ Թուրքիայի ղեկավարների հիստերիկ հայտարարությունները:
Դրանց հիստերիկությունը պայմանավորված է սպառնալից բնույթով եւ Ֆրանսիային հասցեագրված ամոթանքներով: Արձագանքելով Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը, նույն օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ցեղասպանության հայկական սուտը» օրինականացնելու համար «նեղմիտ» անվանեց ֆրանսիացի քաղաքական գործիչներին եւ ասաց, որ դա «մտքի ազատության» առումով ամոթալի է, միաժամանակ սեւ բիծ Ֆրանսիայի համար: Այս երկիրը, նրա կարծիքով, դատապարտվել է ամոթով ապրելու:
Օրինագծի հաստատման որոշումը Էրդողանը համարեց «պատմական ահավոր սխալ» եւ ավելացրեց. «Պատմությունն, ինչ խոսք, կդատապարտի նրանց, ովքեր անտեսում են հակազդեցության ողջամիտ դրսեւորումները: Մենք չենք ընդունելու այս անարդարությունը, ոչ էլ հանդուրժելու ենք դա»:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչն օրինագծի ընդունման Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը համարեց «ամոթալի» եւ «թուրք ազգի նկատմամբ թշնամական» դիրքորոշման արտահայտություն: Նրան միացավ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Նա, ինչպես հոկտեմբերի 13-ի համարում տեղեկացնում է «Միլիեթը», մասնավորապես ասաց. «Խորհրդարանի այս որոշմամբ Ֆրանսիան ցույց տվեց, որ քաղաքական մանր հաշվարկներ հետապնդող երկիր է: Այս հաշվարկների համար նա գետնով է տվել իր պատմական հեղինակությունը: Թող ոչ ոք չմտածի, որ Թուրքիան այս ամենը կուլ կտա: Մշակել ենք բոլոր ոլորտների համար նախատեսված հակաքայլեր, որոնք աստիճանաբար շրջանառության մեջ են դրվելու ամենայն լրջությամբ: Այս հարցը բնույթով ազգային է: Հուսով եմ, որ Ֆրանսիան ի վերջո դուրս կգա այս փակուղուց»:
Թեեւ Գյուլը չի նշել, թե ինչ ոլորտներ են դրանք, այնուամենայնիվ, «Միլիեթն» արտգործնախարարության աղբյուրներից պարզել է, որ Թուրքիան պատրաստվում է ամենացածր մակարդակի իջեցնել ռազմական, քաղաքական, առողջապահության, կրթական, մշակույթի եւ առեւտրի բնագավառում Ֆրանսիայի հետ համագործակցությունը: Միաժամանակ ենթադրվում է Ֆրանսիայի օտարումը Թուրքիայում հայտարարված միջազգային կարեւոր մրցույթներից:
Օրինագծի ընդունման առնչությամբ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիս Բայքալն ասել է, որ անհնար է պատմությունը գերի վերցնել օրինագծով, Ֆրանսիան պատմական ամոթի տակ իր ստորագրությունը դրեց: Իսկ Ճշմարիտ ուղի կուսակցության նախագահ Մեհմեդ Աղարը մեղադրել էր ֆրանսիացի պատգամավորներին, թե նրանք որպես անեծքի արժանի մարդիկ համաշխարհային հասարակական կարծիքի առջեւ հավերժ դատապարտել են իրենց:
Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագծի ընդունման օրըՙ հոկտեմբերի 12-ին խորհրդակցության համար Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի նստավայր են հրավիրվել վարչապետ Էրդողանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Բույուքանըթը: Հոկտեմբերի 17-ին, ինչպես հայտարարել է արտգործնախարար Գյուլը, արտակարգ նիստի է հրավիրվել Մեջլիսը, որտեղ կքննարկվեն Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագծի ընդունմանն առնչվող խնդիրներ, ինչպես դրա դեմ անհրաժեշտ հակաքայլերի ձեռնարկումը: