Իսկ «Ակօսի» խմբագիր Դինքը դա համարում է «խայտառակություն»
Այդ մասին երեկ ինտերնետային էջում տեղեկացրել էր «Միլիեթը»ՙ «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը հայտարարությունն առաջին էջից, իսկ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի «ընդվզումը»ՙ որպես առաջնորդող լուր: Ըստ թուրքական թերթի, պատրիարքը Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագծի ընդունման առնչությամբ ասել է. «Ֆրանսիացիները լուրջ հարված հասցրին Թուրքիայի եւ Հայաստանի առանց այդ էլ խիստ սահմանափակ երկխոսությանը: Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած այս օրինագիծը համարում եմ հակաժողովրդավարական, որովհետեւ խոչընդոտում է անհատի խոսքի ազատությունը»:
Մեսրոպ Բ Մութաֆյանն այնուհետեւ նշել է, որ Թուրքիայի հայերն անհանգստությամբ են հետեւում իրադարձությունների զարգացմանը, եւ նրանք իրենց վրա զգում են օրինագծին թուրքական հակազդեցության դրսեւորումներից բխող ահավոր ճնշումները:
Օրինագծի հարցում պատրիարքին է միացել «Ակօսի» խմբագիր Դինքը: Նա, ըստ «Միլիեթի», նշել է, որ օրինագծով շահեց Թուրքիան, Հայաստանը վնաս կրեց, իսկ հայկական սփյուռքը «կրակեց ինքն իր ոտքին»: Ըստ Հրանտ Դինքի, օրինագծի ընդունման որոշումը պատմության հետ հաշտվելու առումով երկարաժամկետ հեռանկարում անբարենպաստ դրության մեջ է դրել հայերին, որովհետեւ, ինչպես ինքն է պնդում, «համաշխարհային հասարակական կարծիքն իբրեւ տուժած կողմ հայերին միշտ համարել էր իրավացի, իսկ թուրքերինՙ ոչ: Հիմա արդեն տուժող կողմ են դարձել թուրքերը»:
Օրինագծի հաստատումը խոսքի ազատության առումով բնութագրելով իբրեւ «խայտառակ որոշում», Դինքը միաժամանակ ընդգծել է. «Օրինագիծը Ֆրանսիայի անճարակության արտահայտությունն է»: Այդ ընթացքում հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆաքը ֆրանսիական «Մոնդ» թերթի երեկվա համարում հրապարակված հարցազրույցով քննադատել է օրինագծի ընդունումը եւ նշել է, որ դա որեւէ կերպ չի նպաստի պատմական հարցի (Հայոց ցեղասպանության) լուծմանը, ավելացնելով. «Հայերի վիշտը պետք է կիսենք մենքՙ թուրքերս, հարգանքով վերաբերվենք դրան եւ հաշտվենք մեր անցյալի հետ: Կարծում եմ, ի վիճակի ենք քննարկել մեր պապերի սխալները»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ