«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2006-10-12 | #195, 2006-10-13 | #196, 2006-10-14


ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՇԱՏ ԲԱՆ ՉՏՎԵՑ

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց Վրաստանի վերաբերյալ բանաձեւի նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նախագիծը նախաձեռնել է Ռուսաստանի Դաշնությունը եւ հիմնականում բովանդակում է Վրաստանի Կոդորի կիրճում տիրող իրավիճակին առնչվող երաշխավորություններ Վրաստանին, նաեւ կոչ վրաց պետությանը` կատարելու միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Այս բանաձեւն ի սկզբանե կարող էր զսպաշապիկի դեր կատարել Վրաստանի համար: Բայց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բանաձեւը ստացավ ԱՄՆ աջակցությունը միայն տառացիորեն մի լավ խմբագրվելուց հետո, որին մեծապես մասնակցեց Գերմանիան: Եվ, ըստ էության, ներկա տեսքով բանաձեւը Վրաստանի համար առանձնակի բարդություններ չի ստեղծում, քանի որ բանաձեւով պահպանվում է Ռուսաստանի խաղաղապահ մասնակցությունը Աբխազիայում մինչեւ 2007 թ. ապրիլի 15-ը: Նաեւ Ռուսաստանը կմասնակցի Կոդորի կիրճի դիտարկմանը:

Նշենք, որ ամեն դեպքում ՄԱԿ-ի Վրաստանում դիտորդական առաքելության գլխավոր ռազմական դիտորդ գեներալ Հատտակը առաջարկել է վրացական կողմին Կոդորի կիրճի վերին հատվածից դուրս բերել զինամթերքն ու ծանր տեխնիկան: Դրանք հիմնականում պահեստների ձեւով են հայտնաբերվել:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4