«Դեյ.ազ» գործակալությունը շարունակում է ապատեղեկատվությունը
Երեկ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեց իր զեկուցումըՙ նվիրված ինտերնետում Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական պատերազմին: Պրն Մարտիրոսյանի դիտարկմամբ, ադրբեջանական կողմը բավական ակտիվ է օգտագործում ինտերնետի հնարավորությունները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դեմ ուղղված տեղեկատվական պատերազմում: Ի դեպ, այդ պատերազմում գերակշռող մասն ապատեղեկատվությունն է:
Ներկայացնելով Հարավային Կովկասի հիմնական եւ այցելուների ամենամեծ թիվ ունեցող լրատվական ինտերնետային աղբյուրներից մեկիՙ ադրբեջանական «Դեյ.ազ» գործակալության ապատեղեկատվության օրինակներ, փորձագետը նշում է, որ վերջինիս նյութերը բավական արագ եւ լայն տարածում են գտնում ինտերնետի հսկայական ցանցում:
Փորձագետի դիտարկմամբ, ինտերնետում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հանգուցային բառերի արձանագրումից հետո առաջին հերթին ադրբեջանական աղբյուրներ են հայտնվում ինտերնետային էջում: Ապատեղեկատվությունն ինտերնետում ադրբեջանցիները տարածում են ոչ միայն ուղղակի լրատվամիջոցների միջոցով: Դրա համար օգտագործվում են նաեւ ցանցային բազմազան միջոցներՙ ֆորումներ եւ այլն: Ադրբեջանցի ինտերնետ օգտագործողները հաճախ ապատեղեկատվությունը քննարկման առարկա են դարձնում ֆորումներում, ինչը կտրուկ մեծացնում է ինտերնետ նետված տեղեկատվության լսարանի թիվը եւ բարձրացնում տեղեկատվության աղբյուր ադրբեջանական լրատվամիջոցների վարկանիշը:
Սամվել Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ տեղեկատվական պատերազմում ադրբեջանցիների օգտագործած հաքերական մեթոդներին, որոնք կամ վնասում են հայկական ինտերնետ աղբյուրների տեղեկատվությունը, կամ էլ համապատասխանեցնում սեփական շահերին ու ցանկությանը: Փորձագետի դիտարկմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին «ինտերնետ բախումը» տեղի ունեցավ 2000 թ.-ին, որից հետո ադրբեջանական կողմի հարվածներն առժամանակ ընդհատվեցին: Հաջորդ մեծ բախումը տեղի ունեցավ 2005 թ.-ի գարնանը, երբ ադրբեջանական կողմը խափանեց հայկական մի շարք ինտերնետ կայքերի աշխատանքը: Հիշեցնենք, որ խոսքը հիմնականում այն էջերի մասին է, որոնք մեծ լսարան ունեին եւ Հայոց մեծ եղեռնի մասին հավաստի տեղեկատվություն էին պարունակում: Կիբերպատերազմների զոհեր են դարձել նաեւ հունգարական ինտերնետ աղբյուրները: Մարդասպան Ռամիլ Սաֆարովի դատավարությունից հետո ադրբեջանական եւ թուրքական խմբերի «աշխատանքով» հունգարական 100 ինտերնետային էջերի աշխատանք խափանվեց:
Սեմինարի մասնակիցները նշում էին, որ հակահայկական այս քարոզչությունը եւ ծրագրված քաղաքականությունը մեր երկրում համապատասխան հակահարված չեն ստանում: Ավելին, չկա որդեգրված պետական քաղաքականություն, գույքագրված չեն ազգային նշանակություն ունեցող տեղեկատվական ռեսուրսները:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ