Կրթության ազգային ինստիտուտը հաշվի չի առել ԵՊՀ լեզվի ամբիոնի բացասական կարծիքը
«Նշեցեք այն բառը, որը գաղտնավանկ ունի. 1) գաղտնիք, 2) գամփռ, 3) վայրէջք, 4) կարկին:
Գրական ո՞ր հերոսի անունն է ձեռք բերել «վախկոտ» նշանակությունը.1) Կարապետ, 2) Փանոս, 3) Նազար, 4) Մարտիրոս»:
Այս օրինակները քաղված են հանրակրթական դպրոցների հայոց լեզվի եւ գրականության այս տարվա ավարտական քննական թեստից, որի առաջին փորձարկումը հոկտեմբերի 18-ին կանցկացվի Արարատի մարզում եւ Երեւանում: Կարծում ենք, դրանք արդեն մոտավոր պատկերացում տվեցին, թե հայոց լեզվի եւ գրականության իմացության ինչ մակարդակ է պահանջվում մեր դպրոցականներից: Մինչ թեստի մասին Երեւանի պետական համալսարանի լեզվի ամբիոնի կարծիքին անդրադառնալն ասենք, որ հայոց լեզու եւ գրականություն, քիմիա առարկաների քննական թեստերի առաջին փորձարկումների մասին երեկ «Հայելի» ակումբում մանրամասներ ներկայացրեց կրթության նախարարության «Գնահատման եւ թեստավորման» կենտրոնի տնօրեն Վանյա Բարսեղյանըՙ հատուկ նշելով, որ փորձարկման կարեւոր նպատակներից մեկը թեստային համակարգն առանց ցնցումների դպրոց մտցնելն է: «Ազգի» հարցին, թե ո՞ր մասնագետներն են մշակել հայոց լեզվի եւ գրականության թեստը, պրն Բարսեղյանը նշեց միայն լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը անունը, որը «ժամանակին թեստի մշակման խմբում է աշխատել, նաեւ «Կրթության որակ եւ համապատասխանեցում» վարկային ծրագրով վերապատրաստվել է արտասահմանում»: Մյուսների անունները տնօրենը չէր հիշում, միայն ասաց, որ հանձնաժողովի մյուս 4 անդամները հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներ կամ դասախոսներ են ( կարելի էր մտածելՙ ռազմագիտության կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչներ պիտի լինեին, չնայած հայերենի պարագայում մեզանում ոչինչ պետք չէ բացառել, չէ՞ որ «հայերենագետներն» օրեցօր շատանում են):
Նրա ասելով, հայերենի թեստում նշված բոլոր 50 առաջադրանքները «ընտրովի պատասխան են պահանջումՙ ելնելով այն սկզբունքից, որ աշակերտի ամբողջ աշխատանքը պետք է ստուգման ենթարկվի զուտ համակարգչային սարքավորումների եւ ծրագրերի միջոցով, առանց որեւէ անձի սուբյեկտիվ միջամտության: Պատասխանների համար ստեղծվել են հատուկ ձեւաթղթեր, որոնք ենթակա են միայն համակարգչային ստուգման»: Հայոց լեզու եւ գրականություն առարկայից փորձնական ավարտական եւ միասնական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 7500 տասներորդցի:
«Հայերենի թեստերը դրվե՞լ են հասարակական քննարկման, դրանք կազմող հանձնաժողովն ի՞նչ կարծիքներ է ստացել, դրանց մշակմանը մասնակցե՞լ են, օրինակ, Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի մասնագետները», մեր հարցերին Բարսեղյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Դրանք ուղարկվել են կրթական հաստատություններ, ստացվել են տարբեր կարծիքներ, բայց քանի որ մշակվել են ամռանը, այդ ժամանակ պետական համալսարանի բոլոր մասնագետները եղել են կենտրոնացված քննությունների հանձնաժողովներում: Ցանկանում էինք նրանց էլ ընդգրկել, բայց զբաղվածության պատճառով իրենք չկարողացան մասնակցել: Բայց իրենց կարծիքները միշտ հաշվի են առնվել, դրանք անանուն տեսքով հանձնվել են թեստը մշակողներին, ուղարկվել են կրթության ազգային ինստիտուտ»:
Պարզելու համար, թե ի՞նչ կարծիք է ուղարկել Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դասախոսական կազմը, զրուցեցինք Ռուբեն Սաքապետոյանի հետ: Ահա թե ինչ ասաց նա. «Մեր ամբիոնը խիստ բացասական կարծիք է հայտնել: Նախ այդ թեստը չափազանց պարզունակ էՙ 4-րդ դասարանի հայոց լեզվի վարժությունների մակարդակով: Խիստ դիտողություններ արեցինք հատկապես հայ գրականության վերաբերյալ, որովհետեւ աշակերտի իմացությունը որոշվում է գրողների երկերի վերնագրերը թվարկելով կամ հեղինակների անունները իմանալով: Դրանք կազմվել են վարորդական թեստերի նման, ասենքՙ «որտե՞ղ կանգնեցնել մեքենան. ա) կամրջի վրա, բ) կամրջի տակ, գ) կամրջից դուրս»: Ոչ մի կապ չունեն գրականության իմացության հետ, թութակավարժություն է, ոչ թե հայոց լեզվի եւ գրականության դասընթացի համակարգված ամփոփում: Հարցերի ընտրության ոչ մի սկզբունք չկաՙ պատահական, այս ու այն կողմից վերցված, անկապ հարցեր են:
Ո՛չ պետական համալսարանն է տեղյակ, ո՛չ ակադեմիան, ո՛չ մանկավարժական համալսարանը: «Ազգային ինստիտուտ» կոչվող դուքանը իր «ընտրյալներին»ՙ մի քանի ուսուցչի եւ 2 դասախոսի հավաքել է շուրջն ու գնում է «առաջ»:
Ամեն ինչ քողարկվում է օբյեկտիվություն, կրթության որակ ապահովելու սուտ անուններով: Սա հայ դպրոցի հերն անիծելու լավագույն միջոցն է, դպրոցը մեռնում է հենց այս կարգի փորձարկումների պատճառով»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ