Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագծի ընդունումից երեք օր հետոՙ հոկտեմբերի 15-ին, երբ Թուրքիայում ծավալվող հակաֆրանսիական հիստերիան հասնում էր գագաթնակետին, նախագահ Ժակ Շիրակը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ:
Թուրքական հանրային հեռուստատեսությունը, որն իրականում պետական է, նշեց, որ Թուրքիայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում օրինագծի ընդունման առնչությամբ Ֆրանսիայի նախագահն ափսոսանք է հայտնել, դա համարել է ավելորդ եւ ոչ անհրաժեշտ, ապա եւ խոստացել է անել այն, ինչ հնարավոր է, որպեսզի օրինագիծն օրենքի ուժ չստանա:
Ըստ թուրքական հանրային հեռուստատեսության, Էրդողանը քննադատել է Շիրակին Հայաստան կատարած այցի ընթացքում արած հայտարարությունների համար, եւ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես Եվրոմիությանն անդամակցության նախապայման առաջադրումը Թուրքիային, ասել է. «Անհնար է ընդունել Ձեր այս մոտեցումը»: Ֆրանսիայի նախագահն ըմբռնումով է մոտեցել Էրդողանին:
Թուրքական հանրային հեռուստատեսությունը Թուրքիայի վարչապետի հետ Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցին անդրադարձավ «Շիրակը ցավում է» վերնագրով: «Պանարմենիանի» պարագայում վերնագիրն ստացել է «Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետից» ձեւակերպումը: Մինչդեռ նախագահ Ժակ Շիրակը հեռախոսազրույցի ընթացքում օրինագծի ընդունման առնչությամբ որեւէ ցավ կամ ափսոսանք չի հայտնել, ոչ էլ ներողություն է խնդրել վարչապետ Էրդողանից: Նա պարզապես կրկնել է այն, ինչ Հայոց ցեղասպանության առնչությամբ ասել էր Հայաստանում:
Այդ մասին «Միլիեթի» հոկտեմբերի 16-ի համարում Փարիզից տեղեկացրել է թերթի սեփական թղթակից Սաբեթայ Վարոլը: Նա գրում է. «Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից չհաստատեցին վարչապետ Էրդողանի մամուլին հայտնած տեղեկությունները, թե նախագահ Շիրակը հեռախոսով ցավ է հայտնել եւ իրեն խոստացել անել այն, ինչ անհրաժեշտ էՙ խոչընդոտելու համար, որ օրինագիծն օրենքի ուժ չստանա: Ըստ ֆրանսիական AFP գործակալության, Շիրակն Էրդողանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է պատմական հիշողության վերականգնման ուղղությամբ աշխատանքների անհրաժեշտությունը Թուրքիայի համար եւ այս ենթատեքստում ավելորդ է համարել Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագիծը»:
Վերոհիշյալ աղբյուրները, «Միլիեթի» թղթակցի վկայությամբ, միաժամանակ մատնանշել են, որ նախագահ Շիրակն Էրդողանին կրկնեց Երեւանում արած հայտարարությունները, ինչը հաստատել է նաեւ «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Հ. Չ.