ՆԱՏՕ-ն էլ չի խառնվում աբխազական եւ օսական խնդիրներին
ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ Էնոն երեկ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ծրագրում իր խաղաղապահներին մտցնել վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների գոտի: «Նովոստի-Գրուզիա» ինտերնետային կայքէջի հաղորդմամբ, Էնոն տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ն նման ծրագրեր չունի, ավելինՙ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները դիտարկում է որպես երկկողմ, որոնց վրա ՆԱՏՕ-ն ուղղակի ազդեցություն չունի:
Այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն հայտարարում է տարբեր երկրների հետ իր համագործակցության մասին, ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրները, բնականաբար բացառությամբ Վրաստանի, հրաժարվեցին Քիշնեւում միավորման խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունել վրաց-ռուսական հարաբերություններին վերաբերող հայտարարություն: Պատճառաբանությունն այն էր, որ թեեւ երկրներն աջակցում են Վրաստանին, բայց հատկապես ձմռան շեմին պետք է մտածեն իրենց տնտեսական խնդիրների մասին:
ՎՈՒԱՄ-ի նման հայտարարություն ընդունելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Վրաստանը, որն ի դեմս մի շարք նախարարների, նաեւ հայտարարում է Ռուսաստանի հետ ռազմական գործողություններից չվախենալու մասին, ընդ որում Վրաստանը նման իրավիճակի դեպքում միանշանակ վստահ է Ռուսաստանի պարտության մեջ: Մինչդեռ Ռուսաստանն իր հերթին հայտարարում է, որ Վրաստանի հետ պատերազմելու որեւէ մտադրություն չունի, ընդգծելով, որ դա կնշանակի ռուսաստանցի ժողովրդի պատերազմ վրացի ժողովրդի դեմ:
Թեեւ ՎՈՒԱՄ երկրներն ըստ էության մերժեցին հակառուսաստանյան հայտարարության ընդունումը, սակայն վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այսօր Եվրոմիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ռուս-վրացական հարաբերությունները քննարկման թեմա են, ընդ որում հավանական է, որ Եվրոմիության երկրներն անհանգստություն արտահայտեն Վրաստանի դեմ Ռուսաստանի կիրառած միջոցների առնչությամբ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ