«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2006-10-13 | #196, 2006-10-14 | #197, 2006-10-17


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՆԱԵՎ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 16-ին Երեւանում գումարված Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են ռուս-վրացական հարաբերությունների, ինչպես նաեւ ԵԽ-ին համեմատաբար վերջերս անդամագրված Մոնակոյի պարտավորությունների կատարման, Ուկրաինայի եւ Մեծ Բրիտանիայի նկատմամբ մոնիտորինգի գործընթացի իրականացման հետ կապված հարցեր: Այս մասին նիստի ընդմիջմանը հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:

Ըստ նրա, Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ քննարկում չի եղել: Ներկայումս Հայաստանի հարցով համազեկուցողները աշխատում են եւ, հավանաբար, հանձնաժողովի դեկտեմբերի 12-ին Փարիզում կայանալիք նիստում կներկայացնեն զեկույցի նախագիծը:

Ըստ Տ. Թորոսյանի, ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի երեւանյան նիստում քննարկվել են ռուս-վրացական հարաբերություններին վերաբերող 2 հարց: Քննարկման առարկա են դարձել ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 3-4-ը Ստրասբուրգում կայացած աշնանային նստաշրջանում ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթից հետո պատգամավորների հարցերին տրված պատասխանները, որոնցում Վրաստանի հասցեին արված մի քանի արտահայտությունները առաջացրել էին Վեհաժողովի առանձին պատգամավորների վրդովմունքը: Երեւանյան նիստում հիշյալ հարցի քննարկումը որոշվել է հետաձգել, քանի որ ներկայացված չէր Ս.Լավրովի ռուսերենով խոսքի թարգմանությունը Վեհաժողովում ընդունված պաշտոնական լեզուներով: Այս հարցը, ըստ Տ. Թորոսյանի, ենթադրվում է, որ կքննարկվի Մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստին:

Նիստում քննարկվել է նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առկա լարվածության խնդիրը: Տ. Թորոսյանի կարծիքով, այդ քննարկումները կարող են միայն ճշտել Վեհաժողովի եւ մասնավորապես մոնիտորինգի հանձնաժողովի հետագա քայլերը առաջացած խնդրի վերաբերյալ: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածության վերացման «ամենաճիշտ եւ ընդունելի ճանապարհը երկու պետությունների ղեկավարների միջեւ քննարկումներն են»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4