«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2006-10-13 | #196, 2006-10-14 | #197, 2006-10-17


«ՓԱԿՈՒՂԻ» ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ՆՈՐ» ՏԱՐՐԸ

Մի բանով արդարացան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների եւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների 2006 թվականի մասին արած հայտարարությունները: Փակուղուց դուրս գալու համար, որի մասին հայկական եւ ադրբեջանական փորձագիտական շրջանակներում խոսում են վաղուց, կամ պետք էր կոլեկտիվ ճեղքում անել ու ամեն տեսակի արգելքների վրայով առաջ անցնել, կամ էլ փորձել նորանոր ուղիներ: Ե՛վ առաջին, ե՛ւ երկրորդ տեսանկյուններից 2006 թվականն արդեն հաստատ աննկատ չի մնալու բանակցային գործընթացի ողջ պատմության մեջ:

Երկու սենսացիա մեկ «փաթեթում»

Մինչեւ 2006 թ. հունիսը Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում տարակուսանքով փորձում էին կռահել, թե այդ ի՞նչ արտառոց բան կարող էր տեղի ունենալ կողմերի անսասան սկզբունքների հետ: Ամենից շատ զարմացնում էր միջնորդների միանշանակ լավատեսությունը, կապված Հայաստանի եւ Ադրբեջանի համար ոչ ընտրական 2006 թվականի հետ: Դատելով ամեն ինչիցՙ հենց այս տարվա ընթացքում պետք է տեղի ունենար ճեղքում բանակցային գործընթացում, կողմերը պետք է միաժամանակ կատարեին դեպի խաղաղություն տանող իրենց երկրորդ եւ ավելի հիմնավոր քայլը (առաջինն, ինչպես հայտնի է, կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումը եւ նրա կատարմանն ուղղված ջանքերն էին):

Տարեսկզբին մեկնարկած բանակցային առաջին փուլը (փետրվար, Փարիզի արվարձան Ռամբույե) «կռահողների» շրջանում հույզերի ալիք չբարձրացրեց: «Հնարավորությունների պատուհանով դուրս գալու» երկրորդ անհաջող փորձից (հունիս, Բուխարեստ), ընդարձակված, հետեւապես նաեւՙ ավելի մանրամասն շարադրված սկզբունքները չստորագրվելուց հետո, հայկական եւ ադրբեջանական հասարակական շրջանակներում արդեն գրեթե վրդովմունք էր արտահայտվում միջազգային ուժերի անհիմն լավատեսության պատճառով: Ոչ ոք չէր կասկածում, որ ոչինչ արդեն, գոնե այս տարի, տեղի չի ունենալու:

Սակայն հունիսին միանգամից երկու սենսացիա արեցին իրենքՙ միջնորդները: Նախ, բոլորի համար անսպասելիորեն նրանք հրապարակեցին առաջարկությունների բովանդակությունը, դրանով իսկ ստիպեցին հայ եւ ադրբեջանցի բանակցողներին կոնկրետ ու առարկայական հանդես գալու իրենց հասարակությունների առաջ եւ հիմնավորելու հերթական տապալման պատճառները:

Սա աննախադեպ քայլ էր, քանի որ տպավորություն էր ստեղծվում, որ առանց հակամարտության կողմերի հետ համաձայնեցման, միակողմանի կերպով միջնորդները որոշել են փոխել բանակցությունների գաղտնիության բնույթը եւ բանավեճի գործընթացի մեջ ներքաշել ողջ հասարակություններին: Ակնկալվող հասարակական բանավեճերը պետք է հաստատեին կամ, հակառակը, ժխտեին բանակցողների այն մշտական պնդումները, թե ցանկացած պարտադրված տարբերակ Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում առաջ է բերելու ներքաղաքական խժդժություններ, որոնք ոչ միայն ոչ մի դրական բանի չեն հասցնի բանակցային գործընթացը, այլեւ կարող են այն վերջնականապես խզել: Այսպիսի պատճառաբանությունն իրականում ուներ հսկայական ազդեցություն:

Դատելով ամեն ինչից դժվար է հիմա ասել, թե նման փաստարկումն աչքի առաջ ունեցողներից ո՞վ էր ավելի շատ հետաքրքրված խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությամբ` հայկակա՞ն, ադրբեջանակա՞ն կողմերը, թե՞ միջնորդ տերությունները: Գուցե ա՞յդ պատճառով կարգավորման իմիտացիայի մեջ սեփական իշխանություններին մեղադրելու հետ միասին Հայաստանում եւ Ադրբեջանում քննադատում էին միջնորդներին այդ «իմիտացիոն գաղտնի համաձայնությանը» մասնակցելու համար: Այսպիսով, բանակցությունների գաղտնազերծումը միջնորդներին օգնելու էր հասնելու բավական կոնկրետ մարտավարական նպատակի` պարզել կողմերի հասարակական շրջանակներում առկա կարծիքների բեւեռայնության աստիճանը, իսկ գլխավորը` «տեղերում» որոշարկել կրիտիկական զանգվածի այն ներուժը, որը կարող է իրականություն դարձնել վերը նշված մտավախությունը:

Երկրորդ սենսացիան տեղի ունեցավ միջնորդների մյուս քայլի հետեւանքով: Այդ նույն համատեղ հայտարարության մեջ նրանք ընդգծեցին, որ չընդունված առաջարկությունները մինչ օրս եղած տարբերակներից ամենահավասարակշռվածն են, ասել է թեՙ լավագույնը, որտեղ հաշվի են առնված կողմերի շահերը: Պետք է հասկանալ, որ այդ առաջարկություններում, ինչպես երբեք, խաղաղ գոյակցում են տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Եվ ուրեմնՙ եթե այս լավագույն տարբերակն էլ չի ընդունվում, ապա միջնորդներն այլեւս ոչ մի նոր բան առաջարկել չեն կարող, նրանց երեւակայությունը սպառվել է, եւ հիմա պետք է առաջնորդներն ասեն, թե ինչ են ուզում: Մի շարք փորձագետներ արդեն վաղուց են ասում, որ իրականում կարգավորման տարբերակների քանակը անսահման լինել չի կարող, քանի որ բավական կարծր է սկզբունքային անհամաձայնությունների շրջանակը: Սակայն, իմ կարծիքով, միջնորդների գլխավոր նպատակը միայն այդ հանգամանքի պաշտոնական ընդունումը չէր, այլեւ այն, որ կողմերին պետք էր պարզորոշ կերպով հասկացնել տալ երեք բան.

- ԵԱՀԿ միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության եւ նրա անարյուն կարգավորմամբ շահագրգռված կողմերի, առանձին ուժերի եւ գերտերությունների համար ամենաօպտիմալ ձեւաչափն է.

- այդ օպտիմալ ձեւաչափում այլեւս չեն կարող լինել այնպիսի արմատապես նոր տարբերակներ, որոնք կազմված կլինեն փոխզիջումային հիմքով.

- եթե միջնորդների «ինքնաբացարկը» ընդունեն կողմերը, ապա ղարաբաղյան կարգավորման փակուղային իրավիճակն էլ ավելի կահագնանա:

Իսկ դատավորներն ովքե՞ր են

Հրապարակված սկզբունքների շուրջ միանգամից ծավալվեցին քննարկումներ, դրանք ենթարկվում էին մանրազնին վերլուծության, ամենն արտացոլվում էր հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ներում: Եվ այս համատեքստում գրեթե աննկատ մնացին այնպիսի մտավախությունները, ինչպիսիք արտահայտված են, օրինակ, Միջազգային ճգնաժամային խմբի (բրիտանական կազմակերպություն) Կովկասյան ծրագրի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի հայտարարության մեջ. «Միջնորդներն առաջին անգամ հայտարարեցին իրենց գործունեության շարունակման անիմաստության մասին: Ինձ շատ զարմացրեց այն, որ Հայաստանում եւ Ադրբեջանում քիչ են խոսում այդ մասին: Դա նշանակում է, որ կողմերը կարող են ինքնուրույն վարել բանակցությունները: Եթե ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան հետ են քաշվում, ապա միջազգային ո՞ր ուժերն ունեն անհրաժեշտ հեղինակություն եւ իրավասություն միջնորդական առաքելություն իրականացնելու համար: Ես չեմ հավատում նոր միջնորդների առաջ գալու հավանականությանը: Մենք մտնում ենք բավական սարսափելի մի փուլ, որի ընթացքում կողմերի միջեւ որեւէ խաղաղ բանակցություն չի ընթանա»:

Եվ իրոք, չեմ կարող ասել, որ վերջին առաջարկությունների հայամետության կամ ադրբեջանամետության չափումներին զուգահեռ հակամարտող կողմերի հասարակական շրջանակներում նույնքան լրջորեն դիտարկվում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են. կուզենա՞ն, արդյոք, կողմերն առանց միջնորդների ինքնուրույն վարել խաղաղ բանակցությունները, չի՞ ընկալվի այդ ցանկությունը հակամարտության երկու կողմերում էլ որպես սեփական իշխանությունների կապիտուլյանտական քայլ, սկզբունքորեն հնարավո՞ր են ուղիղ բանակցությունները, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ղարաբաղյան հակամարտությունը հայ-ադրբեջանական դժվար լուծելի հակասությունների մի թանձրուք է, պատված առայժմ չհամընկնող աշխարհաքաղաքական շահերի բավական հաստ շերտով: Եվ ամենագլխավոր հարցը` շահագրգռված «կողմնակի երկրներից» որեւէ մեկի փոխարինումը մյուսներով չի՞ հանգեցնի, արդյոք, բանակցային գործընթացի էլ ավելի խճողման:

Մինչեւ սեպտեմբեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հունիսյան «ձիով քայլի» մասին դատողություններում գերակշռում էին այն պնդումները, թե դա նրանց PR-ծրագիրն է, որն ուղղված է մի կողմից ցույց տալու իրենց անդադար ջանքերը, մյուս կողմիցՙ բարձրացնելու իրենց նկատմամբ վստահությունը: Մինչ այդ եւ հայկական, եւ ադրբեջանական կողմերն արտահայտում էին միջնորդներից իրենց դժգոհությունները: Սակայն, եթե առաջին դեպքում դա անում էին բացառապես փորձագետներ եւ առանձին ուժեր, ապա Ադրբեջանում բողոքներն ու քննադատությունն արտահայտվում էին այդ թվում նաեւ պաշտոնական մակարդակով: Հետեւաբար, եթե կատարվածն ընդամենը միայն PR-քայլ էր, ապա այն ուներ միայն մեկ հասցեատերՙ Ադրբեջանը:

Այսպիսի հասցեականության մեջ վստահությունն ամրապնդվեց հատկապես այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ամենամյա նստաշրջանի (թվով` 61-րդ) օրակարգ ՎՈՒԱՄ երկրների պնդումներով մտցվեց ԱՊՀ տարածքում սառեցված հակամարտությունների եւ միջազգային անվտանգության վրա նրանց ազդեցության հարցը: Նման փորձեր արդեն ձեռնարկվել էին (սկսած 2004 թվականից), եւ թե՛ Հայաստանում, թե՛ եվրոպական կառույցներում գնահատվել որպես միջնորդական ձեւաչափը փոխելուն եւ հարցը ՄԱԿ-ի շրջանակներ տեղափոխելուն ուղղված Ադրբեջանի ջանքեր:

Դեռեւս 2001 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 56-րդ նստաշրջանում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեց որոշում ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի միջեւ եվրոպական անվտանգության ամրապնդման բնագավառում համագործակցության մասին: Այդ փաստաթղթով մի կողմից, իհարկե, եւս մեկ անգամ շեշտվում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավար դերը նաեւ եվրոպական աշխարհամասում համընդհանուր անվտանգության համակարգի պահպանման գործում, սակայն մյուս կողմից առանձնահատուկ տեղ էր հատկացվում ԵԱՀԿ-ին: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Անվտանգության խորհուրդ են մտնում այդ թվում նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ապա այդ փաստաթղթով ավելի շատ ընդգծվում էր դեպի ԵԱՀԿ եղած վստահությունը, քան հակառակը: Ուրեմնՙ ղարաբաղյան կարգավորման ձեւաչափի փոփոխությունը ենթադրելու էր Ռուսաստանի կամ Ֆրանսիայի եվրոպական որեւէ մեկ այլ պետությամբ փոխարինում: ԱՄՆ հարցը պարզապես չէր կարող մեջտեղում լինել մի քանի պատճառներով, եւ դա ակնհայտ է: Թեկուզ միայն այն պատճառով, որ այդ դեպքում անհնարին կլինեին Վրաստանի եւ Ադրբեջանի համատեղ գործողությունները հարցը ՄԱԿ-ի նստաշրջան տեղափոխելու համար:

Ադրբեջանում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մասին վաղուց են խոսում որպես երկրների, որոնք սատարում են հայկական կողմին: Բայց եթե Ֆրանսիայից «ազատվելն» Ադրբեջանի համար ոչ մի արտառոց հետեւանք չէր ունենալու, ապա Ռուսաստանի հարցի հետ ամեն ինչ շատ ավելի բարդ էր: Չնայած Ադրբեջանում բազմիցս արված այն հայտարարություններին, թե այդ Ռուսաստանի օգնությամբ հայերը կարողացան հաղթանակ տանել ղարաբաղյան պատերազմում, եւ ընդհանրապես հակամարտությունը Ռուսաստանի ձեռքի գործն է, այնուամենայնիվ կտրուկ դիվանագիտական շարժումներ Ռուսաստանի դեմ Ադրբեջանն իրեն թույլ տալ չի կարող:

Այսպիսովՙ չնայած ՄԱԿ-ում ՎՈՒԱՄ երկրների համատեղ ելույթին, այդ քայլից կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր տարբեր սպասելիքներ ուներ: Եթե Վրաստանի համար կարեւոր էր առանց որեւէ արգելք հաշվի առնելու գնալ Ռուսաստանի դեմ (ՎՈՒԱՄ չորս անդամ երկրներից, ի դեպ, միայն Վրաստանն էր հանդես գալիս ամենաբարձրՙ նախագահական մակարդակով, մյուսներըՙ ներկայացնում էին արտգործնախարարները), ապա Ադրբեջանի համար կային երկու հնարավոր հարցեր.

- որպես ագրեսոր ֆիքսել ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայերին (ինչպես նշված է ՄԱԿ-ի ԱԽ 1993 թվականին ընդունված չորս որոշումներում), այլ Հայաստանը,

- համանախագահների ձեւաչափ մտցնել նոր եվրոպական, Ադրբեջանի նկատմամբ ադրբեջանական իսկ տեսանկյունից ավելի լոյալ մի պետության (հնարավոր է, Գերմանիային):

Արդեն այն, որ ղարաբաղյան հարցը ՄԱԿ-ի նստաշրջանում դիտարկելու նախօրեին Գերմանիայում տեղի ունեցած «Բերտելսման-2006» ֆորումին Ադրբեջանը ներկա էր երկրի նախագահի մակարդակով, հաստատում է մեր ենթադրությունն այն մասին, որ երբ խոսքը միջնորդների հնարավոր փոփոխության մասին է, ապա նկատի է առնվում ոչ թե հարցի «տեղափոխումը ՄԱԿ-ի շրջանակներ», այլ եվրոպական մի միջնորդի փոխարինումը մեկ այլով: Ի դեպ, Ի. Ալիեւի ֆորումի ընթացքում ունեցած ելույթից արդեն կարելի էր ենթադրել, որ եվրոպական կառույցների հետ իր հարաբերությունները Ադրբեջանը վերջնականապես խզել չի պատրաստվում երկու հիմնական պատճառներով. նախ, որովհետեւ Ադրբեջանն ինքն է ձգտում դառնալ եվրոպական «ընդհանուր ճարտարապետության» մի բաղկացուցիչը, եւ երկրորդՙ քանի որ եվրոպական կառույցների հետ կապը թելադրված է երկրի աշխարհաքաղաքականությամբ, այն բանով, որ ինչպես նշված էր նաեւ Ի. Ալիեւի ելույթում, Բաքու-Ջեյհան նավթամուղի անվտանգությունը չի կարող ապահովված լինել առանց դրա մեջ նույն այդ Եվրոպայի ակտիվ մասնակցության.

Հին միջնորդներ «նոր» էլէմենտներով

Հայ-ադրբեջանական արդեն սովորական դարձած հայտարարությունների պատերազմի այս փուլի գագաթնակետը (մի պատերազմ, որը կայուն միտումով ահագնանում է բանակցային ամեն մի տապալումից անմիջապես հետո) իր առավելագույն բարձունքին հասավ հենց ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ղարաբաղյան խնդիրը դիտարկելուց առաջ: Դրան զուգահեռ մեջտեղ բերվեց Մինսկի խմբի համանախագահների գործունեության «շարունակման մասին» առաջին տեղեկատվությունը: Սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ նոր փաստաթղթի մասին, որը Ադրբեջանի ԱԳ նախարարը հանձնել էր միջնորդներին եւ որը, սակայն, դեռեւս հայկական կողմին չէր ներկայացվել: Սեպտեմբերի վերջինՙ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Նյու Յորքում գտնվելու օրերին, հայտնի դարձավ համանախագահների հետ նրանց առանձին հանդիպումների մասին: Հոկտեմբերի 3-ին Բաքու այցից հետո համանախագահները մամուլի ասուլիս տվեցին նաեւ Երեւանում, ինչով ցույց տվեցին իրենց «դարձը դեպի ակտիվ միջնորդություն»: Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում հանդիպեցին նախարարներ Վ. Օսկանյանն ու Է. Մամեդյարովը

Ինչի՞ մասին են կոնկրետ խոսելու երկրների նախագահները, եթե տեղի ունենա նրանց հանդիպումը այս վերջին սկզբունքների առիթով. այս մասին շատերը ստիպված են դարձյալ կռահումներ անել, քանի որ ակնհայտ է, որ համանախագահների «բաց տեքստերի էքսպերիմենտը» սպասելի արդյունքներ չտվեց: Համենայնդեպս, հասարակությունները չդարձան իրենց առաջնորդների վրա ճնշում գործադրելու գործիքներ եւ չստիպեցին նրանց վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Այժմ խոսվում է այն մասին, որ դեռեւս 2006 թվականի փետրվարից շրջանառության մեջ դրված առաջարկություններն, ըստ էության, չեն փոխվել, նրանք հավանության են արժանացել համանախագահ երկրների մայրաքաղաքներում (հետեւաբարՙ կենսենսուսային են), եւ խոսքը կարգավորման սկզբունքներից մեկում ինչ-որ մի «նոր տարր» մտցնելու մասին է: Քանիցս հայտարարվել է, որ հայկական կողմի համար առաջարկություններն ընդունելի են եղել որպես հետագա բանակցությունների հիմք, իսկ ադրբեջանական կողմի համար անընդունելի է եղել հանրաքվեի գաղափարը: Եթե ճշմարտություն համարենք այս նկարագրությունը, ապա կարելի է ենթադրել, որ այդ «նոր տարրը» կապված է լինելու հենց այդ գլխավոր անհամաձայնության, այսինքն` հանրաքվեի հետ: Այլապես, ի՞նչ իմաստ ունեն նորանոր հանդիպումները:

Կարելի է անել ուրիշ ենթադրություն: Այն, որ Հարավային Կովկասում ստեղծված ներկա իրավիճակում, երբ ռուս-վրացական հարաբերությունները հասել են նույնպես պայթյունավտանգ կետի, այսօր կարեւոր է չխզել բանակցային գործընթացը եւ էլ ավելի չբարդացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում: Կա եւս երկու-երեք, կատարվածից բխող ենթադրություն այն մասին, թե կոնկրետ ի՞նչ են քննարկելու կողմերը այս միջնորդական ձեւաչափի պայմաններում: Բայց դրանցից որեւէ մեկի վրա հենվելու համար պետք է իմանալ հարցի պատասխանը. հայկակա՞ն, ադրբեջանակա՞ն կողմը, թե՞ միջնորդներն են կատարել առաջին քայլը «հունիսյան աղմկոտ դադարից» հետո:

ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոնի տնօրեն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4