«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2006-10-13 | #196, 2006-10-14 | #197, 2006-10-17


ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿՈՉԵՐ

Հայ արիական միաբանության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ, անդրադառնալով «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքին (այս դաշինքի խորհրդի անդամ Վահանգն Չախալյանն էր, որ օրեր առաջ Աշտարակ-Երեւան մայրուղու վրա դարանակալված հարձակման էր ենթարկվել), նրանց գործունեությունը որակում է հայապահպան պայքար եւ իրենց զորակցությունը հայտնում: Իսկ միաբանության ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության հայտարարությունը սթափության կոչ է անում` հասկանալու համար, որ առաջին անգամ չէ հայ ազգայնական ձերբակալվում «հայրենի» իշխանությունների կողմից` հայրենիքի ու ազգի հանդեպ իր պարտականությունը կատարելու համար: Վահագն Չախալյանին ձերբակալելու եւ հոկտեմբերի 11-ից ԱԱԾ մեկուսարանում երկու ամսով կալանքի վերցնելու քայլը «պապից ավելի կաթոլիկ լինելու» քայլ համարելով` կազմակերպությունը նշում է, որ «Վահագն Չախալյանը նվիրաբերվում է վրացիներին»: «Մենք մեր վճռական բողոքն ենք հայտնում ու պահանջում ազատ արձակել Վահագն Չախալյանին: Արդեն այս ձերբակալությամբ սեպ է խրվել Ջավախքի հայության ու ՀՀ իշխանությունների միջեւ եւ հուզումներ առաջացրել Ջավախքում, որը նման վերաբերմունքը շարունակելու դեպքում միտում ունի վերածվել հակամարտության», ասվում է հայտարարության մեջ:

Չախալյանի ազատման համար «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահությունը պատրաստվում է բաց նամակ ուղարկել մեր երկրի իշխանություններին: Հավելենք նաեւ, որ հոկտեմբերի 15-ին Վրաստան-Հայաստան` Ժդանովկա-Բավրա անցակետում ի պաշտպանություն դաշինքի անդամ Չախալյանի կազմակերպվել էր խաղաղ բողոքի ակցիա: Սադրիչ միջադեպի առնչությամբ ՀՀ իշխանավորներից մեկի հետ խոսելու բողոքավորների ցանկությունն անտեսվել է, քանի որ ոչ մի պետական աշխատող չի ներկայացել մաքսատուն:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4