«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2006-10-13 | #196, 2006-10-14 | #197, 2006-10-17


«ԱԼԱՎԵՐԴՈՒ ՕՐ» ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆԸ` ԱՆՑԱԾՆ ԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՐՎԱԳԾԵԼՈՒ ԱՌԻԹ

Տոնախմբությանը մասնակցեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը

Շաբաթ օրը Ալավերդի քաղաքում իշխում էր տոնական տրամադրությունը: Լրացան քաղաքի 68 եւ նույն քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հիմնադրման 5-ամյակները: Ալավերդի բնակավայրը հիմնադրվել է ավելի քան 230 տարի առաջ, սակայն բանավանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թ. հոկտեմբերին: Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 14-ը ալավերդցիների տոնն է:

Այս տարի Ալավերդու տոնը շնորհավորելու համար քաղաք էին եկել հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, վարչապետի օգնական Էդուարդ Շարմազանովը, նախագահ Քոչարյանի խորհրդական Սերգո Երիցյանը: Տոնական միջոցառումներին ներկա էին նաեւ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանը, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Հյուրերին դիմավորեցին քաղաքի կենտրոնում, Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու մոտ: Եկեղեցում մոմ վառելուց հետո հյուրերը հրապարակում հավաքված ալավերդցիների հետ մասնակցեցին տոնական համերգին` մինչ այդ շնորհավորական մաղթանքներ հղելով: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համոզված է, որ Ալավերդին իր երկրորդ երիտասարդությունն է ապրում: «Վստահ եմ, որ հաջորդ տարիներն ավելի արգասաբեր կլինեն խնդիրների լուծման իմաստով», հույս հայտնեց վարչապետը: Իսկ քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, անդրադառնալով այս տարիներին քաղաքի ունեցած ձեռքբերումներին, նշեց, որ էապես բարելավվել է համայնքի ֆինանսական վիճակը, այլեւս արտաքին պարտք չունի, կարգավորվել են գիշերային լուսավորության եւ կոմունալ համակարգերը, տրանսպորտային սպասարկումը: Քաղաքապետը հայտնեց նաեւ, որ բացվել է արդյունաբերական Ալավերդու համար մեծ նշանակություն ունեցող արհեստագործական ուսումնարանը, իսկ պետբյուջեից հատկացված 45 մլն դրամով կառուցվել է քաղաքի ըմբշամարտի դպրոցը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ մյուս հյուրերը, տոնական մի շարք միջոցառումներին մասնակցելուց զատ, այցելեցին Ալավերդու պղնձաձուլական գործարան, որը 1997 թ-ից վերագործարկել է «Վալլեքս գրուպ» ընկերությունների խումբը: Չնայած ամբողջ օրը մեզ համառորեն ուղեկցող անձրեւին` գործարանում հյուրերին երաժշտական կատարումով դիմավորեց Հայաստանի ջազ նվագախումբը: Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը, որ լուծարվել էր 1989 թ., հայտնի էր ծծմբական թթվի արտադրությամբ: Տարեկան 10 հազար տոննա չզտված պղինձ արտադրող գործարանի արտադրությունը արտահանվում է Եվրոպա, հիմնական շուկան Գերմանիան է: Գործարանն աշխատեցնող ACP (Armenian copper program) ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Արզումանյանի խոսքով, գործարանի կանոնադրական կապիտալը կազմում է 6 մլն դոլար, իսկ ներգրավված կապիտալը` 4,5 մլն դոլար: Գործարանն ունի մոտ 850, իսկ «Վալլեքս» ՓԲԸ-ն` 2300 աշխատող: «Վալլեքս»-ի նախագահ Վալերի Մեջլումյանը նշեց, որ այս պահին իրենք շահագործում են Ղարաբաղի Դրմբոնի պղնձի եւ ոսկու հանքը, եկող տարի պատրաստվում են շահագործել նաեւ Ալավերդու պղնձի հանքավայրը: Գործարանի ղեկավարությունը փորձում է լուծել էկոլոգիական հարցերը:

Վարչապետը հանդիպում ունեցավ նաեւ քաղաքապետարանում, որտեղ քաղաքի խնդիրներին անդրադարձավ ասուլիսին: Ալավերդու առաջնահերթ խնդիրներից է գերեզմանատան կարգավորումը, որը, վարչապետի խոսքով, արդեն փողոց է իջել: Արդեն 41 մլն սուբսիդային գումար է հատկացվել խնդրի կարգավորման համար: Ալավերդցիներին հուզող հարթ տանիքներով շենքերի խնդրի առնչությամբ վարչապետը հայտնեց, որ քաղաքաշինության նախարարությանն արդեն հրաման է տրված ժամանակացույց կազմել եւ առաջիկա տարիներին, ըստ առաջնահերթությունների, շենքերի տանիքները վերակառուցել: Երեւանում գրանցված կազմակերպությունների` Ալավերդիում գործող մասնաճյուղերը գույքահարկը մուծում են Երեւանում: Ալավերդցիները խնդիր էին բարձրացրել, որ հարկերը մուծվեն ըստ գործունեության եւ ոչ ըստ գրանցման վայրի: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ դոտացիաների համահարթեցման խնդիրը եւս օրենսդրական նախաձեռնությամբ առաջիկայում կլուծվի:

Վարչապետի ալավերդյան խիստ հագեցած այցում էական էր նաեւ նրա հանդիպումը երիտասարդների հետ, որի ժամանակ նա կոչ արեց երիտասարդներին ազգային դիմագիծը պահելով ակտիվ լինել մեր երկրի քաղաքական-հասարակական կյանքում: Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ տարեցտարի պետբյուջեում ավելի շատ գումար է հատկացվում երիտասարդներին. այս տարի մոտ 300 մլն դրամ է հատկացվել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4