Լեւոն Անանյանի 60-ամյակը Կամերային երաժշտության տանը
Կյանքի բարդ ու հակասական ճանապարհներին արածի ու գնահատվածի հարաբերակցությունն ամեն պարագայում վաղ թե ուշ ներդաշնակվում է: Պատահական անարդարություն կյանքը չի արձանագրում: Մարդը որոշակի մի տարիքի, երբ հասնում է ժամանակ-երեւույթի ըմբռնման, իմաՙ անցողիկ ու անանց արժեքի իմաստավորումին, եւ ապրած օրերը մեծ ժամանակից իրեն նետված ընծա ընդունում, միաժամանակ պարտքի գիտակցումն ապրելն ավելի սթափ ու արթուն է դարձնում, հաշվետու կամ առավել ուշադիր:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գրական-մտավորական կերպարը ձեւավորվեց «Գարուն» ամսագրում. միջավայր, որ խորհրդային տարիների համար անսովոր մթնոլորտ էր ստեղծելՙ գեղարվեստական մտածողության, գրական մտքի ու ճաշակի այլընթաց շարժում սկսել, թարմ շնչառություն բերելով, որ ապահովում էր մշակույթի իրական արժեքներ ներկրելու ու դրանցով ներարկվելու պատրաստ ստեղծագործող արվեստագետներին անհրաժեշտ թթվածինը: Այդ տարիներին ամենասիրված ու սպասված «Գարուն» ամսագիրն իր ակտիվ ազդեցությունը դրականորեն թողեց գրական-հասարակական մտածողության վրա: «Գարունի» 40-ամյա կենսագրության մեջ անուրանալի դեր է ունեցել Լ. Անանյանը, նախՙ իբրեւ հրապարակախոս, ապա եւՙ խմբագիր, որ հատկապես կարողացավ հանդեսն ամեն գնով պահպանել 90-ականների ծանր, անլույս ու անմխիթար տարիներին եւ ավելինՙ ստեղծեց «Ապոլոն» հրատարակչությունը:
Հոկտեմբերի 13-ին լրացավ Լեւոն Անանյանի ծննդյան 60-ամյակը եւ այդ օրն իր համար հիշարժան դարձրեց Կամերային երաժշտության տան երեկոն: Կյանքը սովորաբար տարբեր նշաձողերի (նպատակ) հասնելու ձգտում է, անհատականությունների պարագայում նաեւ առաքելություն, եզակիների համարՙ նվիրում-զոհաբերում, երբ գալիս են նրանք ժամանակի մեջ իրենց սեփական ժամանակը ստեղծելու հրամայականով: Թերեւս իմաստավորված է այն կյանքը, որը գտնում է իր բաժին առաքելության մասըՙ այսինքն, երբ «հանդիպում է ճակատագրին»: Յուրաքանչյուրն իր խորհելիքն ունի այստեղ... «Ամբողջ կյանքում վազքի մեջ եմ եղել, հաջորդ օրը նախորդ օրվա վազքի շարունակությունն էր»: Ճանապարհի այս վազքը նրա համար երեք նշաձող էր պատրաստելՙ գրող-հրապարակախոսի, հրատարակիչ-խմբագրի եւ գրողների միության նախագահի կենսագրականով: «Ես ինձ նախագահ չեմ զգում, այլ մի մշակ, որ ուզում է բերք աճեցնել եւ չի խորշում որեւէՙ անգամ սեւագործ աշխատանքից»: Ու հնչած մեծարման խոսքերը նաեւ դիմանալու կարողություն էին պահանջում. «Արդեն քանի տարի է, տարբեր հոբելյանների ելույթներ եմ ունեցել ու հիմա նոր հասկացաՙ ինչ դաժան կտտանք է դիմանալ սիրո ու գնահատանքի խոսքերին, չնայած որ դրանց մի մասիՙ հալած յուղի տեղ ընդունելու միամտությունը թոթափել եմ վաղուց»:
Շնորհավորանքները բազում էինՙ պաշտոնականից մինչեւ ջերմ-մարդկային. մաղթանքներՙ ՀՀ վարչապետից, ԼՂ նախագահից, մշակույթի նախարարությունից, ԵՊՀ ռեկտորից, Ուկրաինայի ու Վրաստանի դեսպանատներից, «Երկրապահ կամավորական միավորումից» բազմաթիվ հեռագրեր, հին ու նոր ընկերներ, գրչակիցներՙ Մարգո Ղուկասյան, Կարինե Խոդիկյան, Ալեքսանդր Թոփչյան, Հովհաննես Գրիգորյան, Ալեքսանդր Բոժկո, Ռոբերտ Ամիրխանյան, Վարդան Հակոբյան, Գառնիկ Անանյան, Կարեն Աղամյան, Երվանդ Ղազանչյան, Սերգեյ Գալստյան, Լիլիթ Գալստյան, Լիլիթ Հակոբյան, բազմազան ընծաներ, պարգեւներ, ձոներ:
Օրը հոբելյարի համար հիշարժան դարձավ նաեւ իր երեք նոր ժողովածուների («Դիմակայություն», «Մատենագիտություն» «Գարուն» ամսագրի (1967-2000 թթ.) լույս ընծայմամբ: Իսկ «Հուշանվեր»ՙ 14 բանաստեղծությունների ժողովածուն ներկաներին Անանյանի մեջ անթեղված քնարերգուին հայտնաբերելու առիթը տվեց: Ռոբերտ Ամիրխանյանը բանաստեղծական երկու տեքստերով (մեկըՙ նվիրված հոբելյարի ծննդավայր Կողբ գյուղին) երգ ձոնեց նրան:
Լ. Անանյանի մտավորական գործունեությունը վերջին 5 տարիներին հանգրվանեց Հայաստանի գրողների միությունում, մի վայր, որում գտնվողը, Ալ. Թոփչյանի ասելով, իրեն կանգնած է զգում «լպրծուն քարի» վրա, ուստի եւ սայթաքումներն անխուսափելի են, սակայն եւ ձեռք բերած հաջողությունները նույնպես անուրանալի են: Մասնավորապես գրական կյանքը կազմակերպելուՙ ընդհանուր, համահայկական գրական մթնոլորտ ստեղծելու նրա ջանքերը բավականին հաջողեցին, իբրեւ վկայություն նախընթաց 3 համաժողովներն ակտիվացրեցին նաեւ սփյուռքի հայ գրական կյանքը:
Մաղթանք-ընծաներից զատ Լեւոն Անանյանը պարգեւատրվեց նաեւ մեդալներով, «Երկրապահ» կամավորական միության կողմիցՙ «Հայաստանի երկրապահ հուշամեդալով» եւ ՀԳՄ նախագահության որոշմամբՙ «Գրական վաստակի համար» մեդալով: «Մարդու առաջին 50 տարիները տեքստ են, դրանց հաջորդողներըՙ մեկնաբանություն», ասաց Դավիթ Մուրադյանը եւ պատմեց, թե նախագահության որոշումից հետո հաջորդ առավոտյան պահարանը բացեցին ու տեսան, որ մեդալ այլեւս չի մնացել. Անանյանը բոլորն արդեն շնորհել էր վաստակ ունեցող գրողներին. «Այդ մեդալի բացակայությունը նրա անանձնական կերպարն է խորհրդանշում: Անմեդալ մոտենալով, սեղմեմ ընկերոջս ձեռքը, ցանկանալով նրան պահպանել իր անհանգստությունը, եթե դա լինի, ուրեմն մտահղացումներ ու ծրագրեր նույնպես կլինեն»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ