«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2006-10-13 | #196, 2006-10-14 | #197, 2006-10-17


ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԹԱՏՐՈՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ԿՆՇՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ճիշտ վեց ամիս առաջ Երեւանում ճանաչված ու սիրված դերասան, ՀՀ եւ ԽՍՀՄ ժող. արտիստ Արմեն Ջիգարխանյանին շնորհվեց ՀՀ ոստիկանության պատվավոր անդամի տոմսը` ՀՀ ոստիկանության 5-ամյակի կապակցությամբ: Չնայած, որ այդ փաստը զարմացրել էր սիրված դերասանին, սակայն հոգու խորքում գոհունակություն էր զգացել:

Հայ թատերասեր հանդիսատեսը հոկտեմբերի 17-ին, ժամը 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հնարավորություն կունենա մասնակցելու Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 70-ամյակի եւ նրա ղեկավարած դրամատիկական թատրոնի 10-ամյակին նվիրված մեծարման եւ հոբելյանական հանդիսությանը: Այդ օրը պաշտոնական մասից հետո կցուցադրվի Վ. Պավլովի «Պահանջվում է ստախոս» ներկայացումը (ըստ Դ. Պսաթասի համանուն պիեսի): Երեկ ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը լրագրողներին ներկայացրեց սպասված ու սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանին եւ նրան հանձնեց հայ միջնադարյան մանրանկարչության գոհարներից հուշանվերՙ ի հիշատակ հանդիպման: Գյուրջյանը եւ Ջիգարխանյանը շնորհավորեցին լրագրողներին «Հայ մամուլի օրվա» առիթով, մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ:

Ջերմ ու անկեղծ զրույցի ընթացքում Ջիգարխանյանը պատմեց, թե ինչպես 10 տարի առաջ Մոսկվայում ստեղծեց իր թատրոնը, համախմբելով երիտասարդ շնորհալի սկսնակ դերասանների ու իր ռեժիսորական հմտությունները ներդնելով ստեղծեց իր ուրույն ձեռագիրը ունեցող մի դրամատիկական թատրոն: «Երբ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանից հրավեր ստացանք իմ թատրոնի եւ իմ ծննդյան հոբելյանը Երեւանում տոնելու, սիրով համաձայնեցինք ու արդեն այստեղ ենք: Ես չգիտեմ թե ինչ անակնկալ է մեզ սպասում, միայն ասեմ, որ շատ էի մտածում թե ինչ ներկայացումով հանդես գանք ու որոշեցի` «Պահանջվում է ստախոսը» ներկայացնել: Պարզվեց, որ 45 տարի առաջ ես Երեւանի Ստանիսլավսկու անվ. ռուսական պետ. թատրոնում խաղացել եմ այդ պիեսը եւ հենց այդ պիեսի իմ տարբերակը կդիտեք, իսկ թե ինչ «ինտրիգներ» են պատրաստել մեզ համար, ազնվությամբ չգիտեմ, եկեք մի քիչ համբերենք ու կտեսնենք...», ժպտալով կատակեց Արմեն Բորիսովիչը:

Լրագրողների բոլոր հարցերին պրն Ջիգարխանյանը պատասխանում էր հումորով, անվանի մարդկանց ասույթներից մեջբերումներով ու կատակում: «Ազգի» այն հարցին, թե անցած տարիների ընթացքում թատրոնը ի՞նչ ճանապարհ է անցել եւ ի՞նչ առիթով է հաճախ այցելում ԱՄՆ, եղավ պատասխան. «Քանի որ իմ սիրելի կնոջը աշխատանքային հրավեր էր եկել ԱՄՆ-ից, ես էլ տարին երկու անգամ Սոչի գնալու փոխարեն 1,5-2 ամիս գնում եմ Ամերիկա: Ես բացի հայերենից եւ մի քիչ ռուսերենից ուրիշ լեզու չգիտեմ եւ բիզնեսի հետ էլ գլուխ չունեմ: Իմ թատրոնում այժմ 52 դերասան կա, որոնցից 4-ին վերջերս շնորհվեց վաստակավորի կոչում: Ես թատրոնում ունեմ ամուսնական զույգեր, ծնված երեխաներ, այնպես որ մենք մի մեծ ընտանիք ենք: Թատրոնը ընդհանրապես շատ դաժան հիմնարկություն է: Ես անգամ ուզում եմ վիճել Օստրովսկու հետ, որն ասել է, թե թատրոնը տուն է: Ո՛չ, թատրոնը տուն չէ, այլ շատ բարդ ու դժվարին մարդկային փոխհարաբերություններից կազմված մի բան է, որը կառուցված է շատ թերությունների ու առավելությունների վրա եւ այն բնության մի մոդել է իր բոլոր օրենքներով` ուժեղի եւ թույլի, ով ում կարող է «բռնել ու կուլ տալ» եւ հենց դա է իսկական թատրոնը: Ես կարծում եմ դա էլ թատրոնի հաջողությունն է, որը տարբերվում է KBH-ից, չնայած որ այնտեղ էլ նույն օրենքներն են գործում: Այն երիտասարդը, որ գալիս է թատրոն, անցնում է քիմիական պրոցեսով` հաճախ նա անճանաչելիորեն փոխվում է ու զարմացնում բոլորին, այ դա է թատրոնի գաղտնիքը: Թատրոնը շատ բարդ կառուցվածք ունի, որին հաճախ խանգարում են թատերական ուսումնական հիմնարկները, որտեղ ապագա դերասանները աճում են ուրիշ զտման միջավայրում, իսկ թատրոն գալով` «կոտրվում են»: Իսկ թատրոնը մեռնո՞ւմ է հարցին պրն Ջիգարխանյանը պատասխանեց. «Վատ թատրոնը մահանում է, բայց եթե թատրոնում սերը, ցանկությունը մահանում է, ապա իհարկե, թատրոնը մահանում է... իսկ լավ թատրոնը երբեք չի մահանա»:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Մոսկվայի «Իզվեստիա» թերթի մշակույթի բաժնի պատասխանատու Ելենա Յանկովսկայան, որն էլ նշեց. «Մոսկվայում չկան կոմեդիա բեմադրող թատրոններ, անգամ Շեքսպիրի գործերը մատուցում են ով ինչպես ուզում է, սակայն դահլիճները լեփ-լեցուն են: Իսկ Ջիգարխանյանի դրամատիկական թատրոնը առաջատարներից է իր ասելիքով, իր մատուցման ձեւով եւ դերասանական լուրջ կազմով...»: «Ես ամենասովորական ծաղրածու եմ եւ ոչ թե փիլիսոփա, չնայած որ իմ բեմադրություններում հստակ ընդգծված են խորը փիլիսոփայությունը», ասաց Ջիգարխանյանը:

Աշխատելով մշտապես երիտասարդների հետ Ա. Ջիգարխանյանը նշեց, որ եթե նրանք տաղանդավոր են, ապա նրանց հետ հեշտ չէ աշխատել, իսկ եթե անտաղանդ են` լավ է չհանդիպել: Գուլակյանի աշակերտը լինելով, պրն Ջիգարխանյանը հպարտությամբ նշեց, որ իր ուսուցչից սովորել է թատրոն փորձի չգնալ սոխ, սխտոր եւ Քարահունջի օղի օգտագործած, որն էլ պահանջում է իր թատրոնի դերասաններից: Զրույցի ավարտին պրն Ջիգարխանյանը կատակեց. «Ես միշտ խաղացել եմ իմ երազանքը, ուրախ եմ, որ 2,5 ժամում ունեցել եմ 50-ից ավելի կանայք, երեխաներ, թոռներ` բեմի վրա...» ու քահ-քահ ծիծաղեց:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4