Ստամբուլում գործող «Անատոլու քյուլթյուր» հասարակական կազմակերպության եւ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ Թուրքիայում կազմակերպվեցին հայկական կինոնկարի ցուցադրություններ: Հոկտեմբերի 7-ին Դիարբեքիրի Մշակույթի կենտրոնում, իսկ 10-ինՙ Ստամբուլի Բողազիչի համալսարանի Միթհաթ Ալամ կինոյի կենտրոնում ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» կինոնկարը: Հոկտեմբերի 12-ին Ստամբուլի Բիլգե համալսարանում այս կինոնկարից բացի ցուցադրվեցին նաեւ Հարություն Խաչատրյանի «Վերադարձ դեպի Ավետյաց երկիր» եւ «Վավերագրողը», ինչպես նաեւ Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» կինոնկարները: Հիշյալ հաստատություններում հայ կինոյի անցյալի եւ մասնավորապես ներկայի վերաբերյալ բանախոսություններով հանդես եկավ կինոգետ Արծվի Բախչինյանը Երեւանից: Հանդիսատեսն ամեն անգամ արձագանքեց ակտիվորենՙ բազմաբնույթ հարցեր ուղղելով բանախոսին: