«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2006-10-13 | #196, 2006-10-14 | #197, 2006-10-17


3000 ՄՂՈՆ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐԹ` ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԳՈՐԾՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ

«Միացյալ հայ ուսանողներ» ուսանողական կազմակերպության նախաձեռնությամբ հունիսի 27-ից Կալիֆոռնիայի երիտասարդությունը 3 հազար մղոն երկարությամբ քայլերթի է ելել: «Երթ հանուն մարդկության» խորագիրը կրող քայլերթը, որն արդեն ձգվում է մոտ 3,5 ամիս, նպատակ ունի հասարակությանը տեղեկացնելու մարդկության դեմ գործված հանցագործությունների մասին եւ լուծում հայցելու կառավարությունից: Ցեղասպանությունները քննադատող ցուցապաստառներով Լոս Անջելեսից Վաշինգտոն քայլող երիտասարդությունը հույս ունի մայրաքաղաք Վաշինգտոնում լինել նոյեմբերին, ուր հանդիպում է ակնկալում ԱՄՆ-ի ղեկավարության հետ:

Հատուկ «Ազգ»-ին ուղարկված տեղեկության մեջ կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ քայլերթի ամբողջ ընթացքում իրենք հանդիպում են կոնգրեսականների եւ սենատորների հետ, կազմակերպում են ձեռնարկներ, քաղաքական հանդիպումներ, որոնք նվիրված են ոչ միայն Հայոց ցեղասպանության պետականորեն ճանաչմանը, այլեւ մարդկության դեմ գործված բոլոր հանցագործությունների ճանաչմանը:

Ծրագրի կարեւորագույն մյուս նպատակն էլ, նախաձեռնողների խոսքով, ամերիկյան հասարակությանն ու կառավարությանը ցեղասպանությունների միջեւ առկա անժխտելի կապը ցույց տալն է: «Սա շատ կարեւոր քայլերթ է, դրա համար էլ մասնակցում են Կալիֆոռնիայի մի շարք համալսարանների, քոլեջների, արհեստավարժ կրթօջախների ուսանողներ, որոնց համոզմամբ, ցեղասպանությունների ճանաչումը հնարավորություն կտա կանխարգելելու նոր ոճրագործությունները», «Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց քայլերթի մասնակիցներից Ալբրիկ Զոհրաբյանը, որը լուսանկարել է ամբողջ քայլերթը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4