Հայ մամուլի օրվա առթիվ, երեկ, Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհեց 2006 թ. «Ազդարար» մրցանակները: Միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի ներածական խոսքից հետո ձայնը տրվեց այս տարվա ժյուրիի նախագահ Հ. Ավետիքյանին, որ բարձր գնահատեց նման մրցանակների շնորհումը մասնավորաբար այս օրերին, երբ հայաստանյան մամուլը կանգնած է ընդհանուր անորոշության, նյութական ու քաղաքական ճնշումների դիմաց: «Այս մրցանակները, ասաց նա, պրոֆեսիոնալ արժեչափերի վերահաստատում է նշանակումՙ ոչ միայն քաջալերելու մրցանակի արժանացողներին, այլեւ յուրօրինակ պատգամ է տարբեր տրամաչափի չինովնիկներին»: Այնուհետեւ, հաջորդաբար բեմ հրավիրվեցին «Ազդարար» մրցանակի նախորդ տարվա դափնեկիրներըՙ Ջուլիետա Մարտիրոսյանը, Օֆելյա Ասատրյանը, Ֆահրադ Ափուջանյանը, ինչպես նաեւ տիկին Աստղիկ Գեւորգյանը, որոնք մրցանակները հանձնեցին «Սի-Էս փաբլիշինգ հաուզ» հրատարակչության տնօրեն Վարդան Ալոյանին, «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին, «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանին, «Վեմ» ռադիոկայանի ներկայացուցիչ Հասմիկ Բաբաջանյանին, վավերագրող լուսանկարիչ Զավեն Սարգսյանին, «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի ստեղծագործական խմբի ղեկավար Ռաֆայել Հովհաննիսյանին (այս հատուկ մրցանակը հաստատվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմիցՙ Հայաստան-սփյուռք մերձեցմանը նպաստող ծրագրի համար):
Հայ մամուլի օրվա կապակցությամբ «Ազդարար» անվանական կրթաթոշակ է սահմանել Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանըՙ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2 գերազանցիկ ուսանողների համար, իսկ ՀՀ անկախության 15-ամյակին նվիրված լավագույն աշխատանքի համար ժուռնալիստների միության մրցանակին է արժանացել Գյումրիի «Նոյեմի» հեռուստաստուդիանՙ «Անկախության հասակակիցը» տեսանյութի համար: