Ավստրիայի Ֆուգեն քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի գավաթի 11-րդ խաղարկությունը: Կանանց մրցաշարում գերազանց հանդես եկավ Երեւանի «Միկան»` դառնալով գավաթակիր: Անցկացրած 7 մրցախաղերից 5-ում «Միկան» հաղթեց, 2-ն ավարտեց ոչ-ոքի եւ 12 միավորով արժանիորեն նվաճեց պատվավոր մրցանակը:
6-րդ տուրում «Միկան» 3,5-0,5 հաշվով պարտության մատնեց «Հերցլիային»: Դանիելյանը, Խուրցիձեն ու Աղինյանը հաղթեցին մրցակիցներին, իսկ Չիբուրդանիձեն պարտիան ավարտեց ոչ-ոքի: Ավարտական տուրում մեր թիմը ոչ-ոքի խաղաց Չելյաբինսկի «Յուժնի Ուրալի» հետ: Բոլոր չորս պարտիաներում էլ մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:
Հարկ է նշել վրաց շախմատիստուհիների մեծ ներդրումը թիմային հաղթանակում: Վաստակած ընդհանուր 17,5 միավորից 11-ն իրենց օգտին գրանցեցին Մայա Չիբուրդանիձեն եւ Նինո Խուրցիձեն, որը, ինչպես եւ Չիբուրդանիձեն, հանդես եկավ առանց պարտության: Նա 7 հնարավորից վաստակեց 6 միավոր, ինչը բացարձակ լավագույն արդյունքն է մասնակիցների շրջանում:
Էլինա Դանիելյանը ցույց տվեց 50 տոկոսանոց արդյունք` 7 հնարավորից վաստակելով 3,5 միավոր, իսկ Նելլի Աղինյանը թիմին պարգեւեց 3 միավոր:
Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Վրաստանի «Էներգի Ինվեստը», որը եւս պարտություն չկրեց մրցաշարում եւ «Միկային» զիջեց մեկ միավորով: 3-րդ տեղում Ռուսաստանի Կրասնոտուրինսկի AVS-ն է (10 միավոր):
Տղամարդկանց մրցաշարում Երեւանի «Բանկերի արքան» 10 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը: 6-րդ տուրում մեր շախմատիստները 2-4 հաշվով զիջեցին «Աշդոդին», իսկ ավարտական մրցաշարում 3,5-2,5 հաշվով պարտության մատնեցին «Շիրոկի Բրիեգին»: Այդ մրցաշարում մեր թիմից հաղթանակներ տոնեցին Ռաֆայել Վահանյանն ու Աշոտ Անաստասյանը: Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Արսեն Եղիազարյանը պարտվեց: Մեր թիմից լավագույն արդյունքի հասավ Տիգրան Պետրոսյանը, որը 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր: Տիգրանն առաջին 5 տուրերում անընդմեջ հաղթանակներ էր տոնել եւ միայն 6-րդ պարտիայում առաջին եւ միակ անգամ զիջեց մրցակցին` Ալեքսանդր Մոիսեենկոյին: Տիգրանի արդյունքը լավագույններից է մրցաշարի մասնակիցների մեջ: Իսկ բացարձակ լավագույն ցուցանիշն ունի Բրեմենի «Վերդերի» շախմատիստ Տոմի Նիբակը, որը 7 հնարավորից իր թիմին 6,5 միավոր է պարգեւել:
Հարկ է նշել նաեւ Աշոտ Անաստասյանի վստահ խաղը: Նա մեր թիմից միակն էր, որ անպարտելի մնաց` տոնելով 3 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Անաստասյանը ցույց տվեց երկրորդ արդյունքը Պետրոսյանից հետո (5 միավոր): 4-ական միավոր վաստակեցին Ռաֆայել Վահանյանն ու Արտաշես Մինասյանը: Կարեն Ասրյանի արդյունքն է 3,5 միավոր: Սմբատ Լպուտյանը 4 հնարավորից վաստակեց 2 միավոր, իսկ Արսեն Եղիազարյանը 3 հանդիպումներում թիմին բերեց ընդամենը մեկ միավոր:
Տղամարդկանց մրցաշարի հաղթող դարձավ «Տոմսկ-400-ը», որը վաստակեց 12 միավոր: Նույնքան միավոր էին վաստակել նաեւ 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած «Լադյա Կազանն» ու «Ուրալ Սվերդլովսկայան»: Ուստի տեղերը բաշխելիս հաշվի առնվեց խաղացված բոլոր պարտիաներում թիմերի վաստակած ընդհանուր միավորների քանակը: Այս ցուցանիշով (30 միավոր) «Տոմսկ-400-ը» գերազանցեց մրցակիցներին: Նշենք, որ «Ուրալ Սվերդլովսկայայի» կազմում մրցանակակիր դարձավ Վլադիմիր Հակոբյանը: Նա թիմի կազմում անցկացրած 6 պարտիաներում վաստակեց 3 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ