Կարճատեւ ընդմիջումից հետո, որի ընթացքում ՀՀ հավաքականն ընտրական մրցախաղեր անցկացրեց, վերսկսվեց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը: Վերջնագծի մատույցներում հիմնական ուշադրությունը բեւեռված է մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերի համար պայքարող թիմերի հանդիպումներին: Իսկ չեմպիոնի հարցը գործնականում լուծված է: «Փյունիկը» հյուրընկալվելիս հաղթելով «Բանանցին» (2-1), միավորների տարբերությունը հասցրեց 11-ի: Այժմ պաշտոնապես չեմպիոն հռչակվելու համար «Փյունիկին» անհրաժեշտ է մեկ միավոր էլ վաստակել ավարտական չորս խաղերում: Կասկած չկա, որ հաջորդ տուրում «Փյունիկը» 6-րդ անգամ անընդմեջ կհռչակվի Հայաստանի չեմպիոն: Իսկ «Բանանցի» հետ խաղում առաջինը հաջողության հասան դաշտի տերերը: 74-րդ րոպեին «Բանանցի» ֆուտբոլիստ Էդուարդ Կակոսյանը բացեց հաշիվը, սակայն շուտով Ռաֆայել Նազարյանն ու Վալերի Ալեքսանյանն առաջ մղեցին «Փյունիկին»: «Բանանցին» պարտությունից կարող էր փրկել առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը` Արամ Հակոբյանը, սակայն խաղավերջում չկարողացավ իրացնել 11 մ հարվածը: Կասպարովը հետ մղեց գնդակը:
11 մ հարվածը չիրացրեց նաեւ «Արարատի» ռմբարկու Նշան Էրզրումյանը: Բայց դա չազդեց հանդիպման ելքի վրա, քանի որ դեռեւս առաջին խաղակեսում Սերգեյ Էրզրումյանն ու Հարություն Հովհաննիսյանը 2 անգամ գրավել էին «Ուլիսի» դարպասը:
«Կիլիկիայի» ֆուտբոլիստները 4-0 հաշվով հաղթեցին «Շիրակին»: 2 գոլ խփեց Գառնիկ Ղասաբյանը, մեկ` Սարգիս Մովսիսյանը: Իսկ մեկ գնդակ էլ սեփական դարպասն անցկացրեց Հրայր Մկոյանը:
Մրցանակային տեղերի հավակնորդ «Միկան» 2-0 հաշվով պարտության մատնեց «Գանձասարին»: «Միկայից» աչքի ընկան բրազիլացի Ալեքսն ու Արմեն Շահգելդյանը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 24 | 19 | 4 | 1 | 64-18 | 61 |
2. Բանանց | 24 | 16 | 2 | 6 | 54-23 | 50 |
3. Միկա | 24 | 13 | 6 | 5 | 37-19 | 45 |
4. Արարատ | 24 | 13 | 4 | 7 | 41-30 | 43 |
5. Կիլիկիա | 24 | 6 | 4 | 14 | 36-51 | 22 |
6. Շիրակ | 24 | 3 | 7 | 14 | 15-52 | 16 |
7. Ուլիս | 24 | 4 | 2 | 18 | 23-49 | 14 |
Ռմբարկուները
Նշան Էրզրումյան | «Արարատ» | 18 |
Արամ Հակոբյան | «Բանանց» | 18 |
Արսեն Ավետիսյան | «Փյունիկ» | 13 |
Արթուր Քոչարյան | «Գանձասար» | 13 |
Արմեն Շահգելդյան | «Միկա» | 13 |
Սարգիս Մովսիսյան | «Կիլիկիա» | 12 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ