Հոկտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքական հանրային հեռուստատեսությունը, որն իրականում պետական է, ինչպես նաեւ կիսապաշտոնական «Անատոլու» գործակալությունն իսկույն արձագանքելով դրան, ի լուր աշխարհի հայտարարել էին, որ հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ, նա էրդողանին «ցավ» է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագծի ընդունման առնչությամբ եւ խոստացել է անել այն, ինչ հնարավոր է, որպեսզի օրինագիծն օրենքի ուժ չստանա:
Այդ առումով թուրքական վերոհիշյալ լրատվամիջոցներին էր միացել «Պանարմենիանը», ավելինՙ այս գործակալությունն առաջ անցնելով նրանցից, նշել էր, որ նախագահ Ժակ Շիրակը ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետից: Ընդ որում «Պանարմենիանն» օգտվելով, ամենայն հավանականությամբ, «Անատոլու» գործակալությունից, նպատակահարմար չէր գտել սկզբնաղբյուր նշելու, որ նախագահ Շիրակին վերագրվող ներողություն խնդրելու պարագան հնչի համոզիչ:
Ֆրանսիական AFP գործակալությունն ու «Ասոշիեյթեդ պրեսը», հենվելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի եւ դիվանագիտական այլ աղբյուրների վրա, հերքել էին օրինագծի առնչությամբ Էրդողանին Ժակ Շիրակի ցավ հայտնելու, ինչպես նաեւ օրինագծի օրենքի ուժ ստացումը կանխելու խոստմանՙ թուրքական հանրային հեռուստատեսության եւ «Անատոլու» գործակալության հաղորդած ապատեղեկատվության բնույթի հաղորդումները:
Ֆրանսիական եւ ամերիկյան գործակալությունների հերքմանը հոկտեմբերի 16-ին Փարիզում սեփական թղթակցի միջոցով արձագանքել էր «Միլիեթ» թերթը: Թուրքական հանրային հեռուստատեսության եւ «Անատոլու» գործակալության նկրտումներն ակնհայտ են: Նրանք կեղծիքի միջոցով փորձել են շուտափույթ փաստի առջեւ կանգնեցնել ֆրանսիական կողմին: Ինչ վերաբերում է «Պանարմենիանի» նկրտումներին, ապա դրանց հիմքում էլ թուրքական հեռուստատեսության եւ գործակալության տարածած կեղծիքը հիմնավորելու միջոցով այս լրատվամիջոցներին ընդառաջելու եւ տուրք տալու մղումն է:
Նախագահ Ժակ Շիրակին վերագրվող կեղծիքներին, ինչպես այդ մասին ինտերնետային էջերում նշել են «Միլիեթն» ու «Ռադիկալը», երեկվա համարներում արձագանքել են նաեւ «Մոնդ» ու «Փարիզիեն» թերթերը: Նրանք կրկնելով ֆրանսիական AFP-ին եւ «Ասոշիեյթեդ պրեսին», ոչ միայն հերքել են Թուրքիայի վարչապետին նախագահ Շիրակի ցավ հայտնելու կամ օրինագծի առնչությամբ խոստում տալու հրապարակումները, այլեւ նշել են, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի նախաձեռնությունը, հակառակ թուրքական հանրային հեռուստատեսության պնդումներին, չի պատկանում Ֆրանսիայի նախագահին, դա ընդհակառակըՙ կայացել է Էրդողանի խնդրանքով:
Հ. ՉԱՔՐՅԱՆ