«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2006-10-14 | #197, 2006-10-17 | #198, 2006-10-18


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԻԾՆ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԱՌԻԹ Է ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագծի ընդունման առնչությամբ Թուրքիայում բորբոքված կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում: Նորանոր դրսեւորումներ է ստանում թուրքական հակազդեցությունը: Այդ դրսեւորումներից, ըստ երեւույթին, պետք է առանձնացնել Բարձրագույն ուսումնական խորհրդի նախագահ, դոկտ. պրոֆ. Էրդողան Թեզիչի այսպես կոչված շատ ազգանվեր խիզախությունը:

Հոկտեմբերի 16-ին, ինչպես նշել է թուրքական հանրային հեռուստատեսությունը, կից նամակով Ժակ Շիրակին է վերադարձրել «Պատվո լեգեոնի» շքանշանը, որին նա արժանացել էր երկու տարի առաջ հենց Ֆրանսիայի նախագահի հրամանով:

Հոկտեմբերի 17-ին Թեզիչի օրինակին է հետեւել նախկին պետնախարար, «Մայր հայրենիք» կուսակցության պատգամավոր Քյամրան Ինանը: «Միլիեթի» վկայությամբ, նա Թուրքիայի նկատմամբ թշնամական համարելով վերոհիշյալ օրինագիծն ընդունելու Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը, Անկարայում Ֆրանսիայի դեսպանատանն է հանձնել հանգուցյալ նախագահ Ֆրանսուա Միտերանից անձամբ ստացած «Պատվո լեգեոնի» շքանշանը:

Օգտվելով առիթից նշենք, որ Թուրքիայում բուռն քննարկումների տեղիք է տալիս Բարձրագույն ուսումնական խորհրդի նպատակահարմարությունը ոչ միայն ուսանողների շրջանում: Ինչ վերաբերում է Թեզիչին, ապա նրա նշանակումն այդ խորհրդի նախագահի պաշտոնում տարակուսանք է առաջացնում: Այլ կերպ, Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագիծն ինքնահաստատման լավագույն առիթ է երկրում հակազդեցության թիրախ դարձած Թեզիչի համար:

Թեեւ Քյամրան Ինանը որեւէ առնչություն չունի Թեզիչի գլխավորած խորհրդի հետ, սակայն նա էլ թուրքական քաղաքական շրջանակներում հայտնի է այսպես կոչված քրդական ծագումով: Այս հանգամանքն, ամենայն հավանականությամբ, ինքնահաստատման հրամայականի առջեւ է կանգնեցրել նաեւ Ինանին, եւ նա օգտագործել է ֆրանսիական օրինագծի ընդունման առիթըՙ ազգասիրության ջղաձգումներով: Ի վերջո Թուրքիայում PKK-ի գործունեության ակտիվացմանը զուգընթաց աճում են նաեւ հակաքրդական տրամադրությունները:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4