Այսուհետեւ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականները միմյանց տեղեկացնելու են ոչ միայն տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը այս կամ այն կերպ ազդող օրենսդրական փոփոխություններին, այլեւ ընդհանրապես սպասվող գործողություններին, «որպեսզի մեր գյուղատնտեսական արտադրանք արտահանողները կարողանան այլ շուկաներ կամ ճանապարհներ որոնել սովորական շուկաներ հասնելու համար», տեղեկացրեց Վահան Հովհաննիսյանը երեկ Երեւանում կայացած Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստում: Նկատի ունենալով նաեւ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումների մասին տեղեկացնելը` հանձնաժողովի համանախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Եթե դա չի արվում, ապա իսկապես հարված է: Իհարկե, մեզ շատ լավ հասկանում են եւ մյուս կողմից մեր կոլեգաներն ասում են հետեւյալը. «Դանակը հասել է ոսկորին, եւ այլեւս չենք կարող Սաակաշվիլու ռեժիմի նկատմամբ անտարբեր ու զուսպ մնալ եւ չարձագանքել ամբողջ ուժով»: Հիմա արձագանքում են ամբողջ ուժով, հասկանալով, որ այդ արձագանքումը մեզ համար բավականին տհաճ հետեւանքներ է ունենում: Ինչպես գազի սակագների բարձրացման ժամանակ գտնվեց ելք, եւ գտնում են, որ այս դեպքում էլ ելք կգտնվի»:
Նիստում եզրակացվել է, որ տրանսպորտային հաղորդակցությունը փակուղային համարել չի կարելի եւ հնարավոր է զարգացման ուղիներ գտնել: Հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի տեսանկյունից, տարբերակները երեքն ենՙ Իրանի տարածքով, որը լավագույնը չէ, բայց այսօր գործողն է, աբխազական երկաթգծի գործարկումը, որը միմիայն քաղաքական խնդիր է եւ կարող է բերել տնտեսվարողների ու արդյունահանողների ակտիվ ու արդյունավետ գործունեության միայն քաղաքական լուծումից հետո, եւ լաստանավային փոխադրման հնարավորությունը, որի ամբողջական օգտագործման համար Ռիժկովը նախորդ տարի ակտիվորեն աշխատել է ու չի նկատել հայկական կողմի նույնքան շահագրգիռ աշխատանքը: «Որոշ խնդիրներ հեռացրել են ուշադրության կենտրոնից նշված պրոբլեմը, բայց այսօրվա նիստից հետո մենք կամ առնվազն ես կրկին կզբաղվեմ լաստանավային փոխադրմանը խանգարող մեր կողմի խնդիրների լուծմամբ եւ հուսանք, որ այստեղՙ Հայաստանում էլ կառավարությունը նույնչափ աշխատանք կտանի: Սիրել պետք է միմյանց եւ չի կարելի, որ մեկը սիրի, մյուսը իներտ վերաբերվի», մանրամասնեց իր մտադրություններն ու նկատառումները Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:
Հանձնաժողովի երեւանյան նիստին եկող տարի կհաջորդի մոսկովյանըՙ մարտին, ապա Երեւանում սեպտեմբերինՙ երկու երկրներում էլ կայանալիք խորհրդարանական ընտրություններից հնարավորինս հեռու: Սեպտեմբերին կայանալիք նիստի օրակարգի մասին խոսելը վաղաժամ է, իսկ մարտին կքննարկվեն մինչ այդ ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովի մշակած առաջարկները գիտատեխնիկական համագործակցության առնչությամբ, ինչից ակնկալվում է նաեւ Ռուսաստանին պարտքի դիմաց տրված ձեռնարկությունների վերագործարկման եւ առավել արդյունավետ աշխատանքի հնարավորություն: Գույք պարտքի դիմաց ծրագիրը, ինչպես տեղեկացրեց Նիկոլայ Ռիժկովը երեկվա նիստում, «հատուկ չի քննարկվել, բայց անդրադարձ եղել է, չնայած օրակարգում չկար, որովհետեւ շատ ձեռնարկություններից, այդ թվում եւ «Մարս» եզակի ձեռնարկությունից, ցավոք, չենք ստանում այն, ինչ պետք է որ ստանայինք: Այդ պատճառով էլ պայմանավորվել ենք, մարտին տնտեսական հարցերի քննարկման համատեքստում հատուկ կդիտարկենք պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների վիճակը»:
Հանձնաժողովի երեկվա նիստում, Ռիժկովի որակմամբ, քննարկվել են նաեւ անհարմար հարցեր. «Բայց մեկտեղվում ենք ոչ թե միմյանց գովաբանելու կամ գլուխ շոյելու, այլ լուծելու մեր կյանքում եւ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում ծագող հարցերը»: Իսկ հայկական կողմը անդրադարձել է ռուս-վրացական հարաբերությունների Հայաստանի վրա ազդեցությանը, ինչի մասին լռելը Ռիժկովի գնահատմամբ էլ անբնական կլիներ, սակայն այս առումով որեւէ որոշում չի կայացել: Միայն նիստին հաջորդած համատեղ ասուլիսում հանձնաժողովի ռուս համանախագահը փաստեց, որ ռուսական կողմի վարվելակերպում Վրաստանի նկատմամբ Հայաստանի հանդեպ պատժի որեւէ չափ չի եղել. «Մեր մտքում անգամ երբեւէ չի եղել մեր բարեկամներին պատժել: Ինչպես կարող ենք վիրավորել հայերին, երբ ապրում ենք կողք կողքի: Երկու միլիոն հայ կա Ռուսաստանում, մենք հայ ընկերներ ունենք: Իհարկե, մտածել, թե մենք հատուկ պատժում ենք Հայաստանինՙ մեր ռազմավարական գործընկերոջը, չի կարելի»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ