Ռուսաստանը վրաց հանցագործ խմբերի դեմ պայքարում շատ յուրօրինակ արդյունքներ է արձանագրում: Մասնավորապես, ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ, բացահայտվել է վրացական բանկային մաֆիա, որը 2004 թ.-ից օրինականացրել եւ Ռուսաստանից դուրս է բերել մոտ 7 միլիարդ դոլար: Ռուսաստանի ՆԳՆ տնտեսական անվտանգության բաժնի տվյալներով, փողերի լվացմամբ զբաղվում է «ՎԵԿ-բանկը», ընդ որում, գումարների մեծագույն մասը դուրս է բերվել արտերկրում գործող բանկային հաշիվներ գոյություն չունեցող ընկերությունների անուններով:
Բանկային հանցագործ խմբավորումը ղեկավարել է «Ջուբա» մականունով մի վրաստանցի, որը գտնվում է փախուստի մեջ: Թբիլիսցի «Ջուբայի» ղեկավարած հանցախումբն անօրինական բանկային գործողություններ է իրականացրել շատ նմանօրինակ խմբերի համար եւ իր համակարգով օրինականացրել է ավելի քան 200 մլրդ ռուբլի, 391 մլն դոլար եւ 66 մլն եվրո: Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, «Ջուբան» հաճախակի հայտարարել է, թե Վրաստանում ֆինանսավորել է «Փոքրիկ հաղթանակ բերող պատերազմ», որ հավանաբար կարող է վերաբերել Աբխազիայում վրացիներին զենք մատակարարելուն:
Ա. Հ.