ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
2006 թ. ապրիլի 18-ին Սահմանադրական դատարանը իր թիվ 630 որոշմամբ հաստատեց հարյուրավոր քաղաքացիների պնդումները, որ ՀՀ կառավարության թիվ 1151-Ն, քաղաքացիական օրենսգրքի 218 եւ հողային օրենսգրքի 104, 106 եւ 108 հոդվածները հակասում են ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության որոշումները վավերացնում է ՀՀ նախագահը, երեկ հենց նրա նստավայրի մոտ էին հավաքվել եւ դժգոհում էին Երեւանի 30 թաղամասի (Ֆիրդուսի) սեփականատերերն ու պահանջում էին, որ վերջ տրվի հակասահմանադրական որոշումներին եւ թույլ չտալ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նմանօրինակ խախտումներ, որն էՙ տասնյակ տարիներով իրենց պապական ու հայրական օջախներից սեփականատերերին վտարել, այսպես կոչված պետական կարիքների համար տարածքն օտարել: Պուշկինի, Բուզանդի փողոցների, նաեւ Հյուսիսային պողոտայի շատ օտարված սեփականատերերին չբախտակցելու համար 30 թաղամասի բնակիչները հստակություն են պահանջում, թե ինչ պայմաններով ու փոխհատուցմամբ է որոշված թաղամասի իրացումը, որպեսզի սեփականատերերը չտուժեն: Այդ հարցերի պատասխանները նրանց որեւէ մեկը հստակ չի տալիս, դեռ ավելինՙ ոմն Լեւոն, Վահագն, Վաչագան, Արման, Տիկո, մի քանի անգամ եկել են հորդորել, որոշ առաջարկներ արել ու գնացել... Միայն բանավոր ասել են, որ ներկայացնում են «Սիթի սենթր դիվելոփմենտ» ՓԲԸ ու թողել են հեռախոսահամար:
Հանրապետության նրբանցքի բնակիչ Անահիտ Սաֆարյանը դժգոհում էր, որ երեք անգամ իր տուն են եկել ու տեղեկացրել, որ քանդելու են, բայց երբ հարց է տվել փոխհատուցման մասին, թողել ու գնացել են: «Ինչ է ստացվում, փոխհատուցման մասին ոչ մի խոսք չեն ասում, որ սպասեն-տեսնեն, թե այս իրենց նախագիծն ինչպես են բրթելու, ըստ դրա էլ բռնակալի ձեւով մեզ մեր սեփական տներից կհանե՞ն...»: Հիմնականում 30 թաղամասի սեփականատերերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որ ԱԺ-ում եղած նախագիծը չընդունվի, որպեսզի իրենք էլ Հյուսիսային պողոտայի բնակիչների նման բոմժի կարգավիճակում չհայտնվեն: «Մենք պահանջում ենք, որ նախագիծը չընդունվի, քանի որ չկա բնակիչների շահերը պաշտպանող հստակ փոխհատուցման կարգ, կառավարությանը պատասխանատվության ենթարկել օտարված գոտիներում կատարված անօրինականության համար եւ վերջ տալ մարդկանց իրենց սեփական տներից վտարելը: Թող սեփականաշնորհեն մեր տան տակ եղած հողը, տնամերձը, ավտոտնակը... Բազմիցս դիմել ենք այդ հարցով, մերժել են ե՛ւ կադաստրում, ե՛ւ դատարաններում, այժմ էլ երկու գործ գտնվում է եվրոդատարանում: Մենք մեր տներից դուրս չենք գա մինչեւ մեր մեկ սմ-ի համար համարժեք փոխհատուցում չտրվի, անկախ նրանիցՙ սեփականաշնորհված է, թե ոչ (ոչ մեր մեղքով): Մենք չենք դառնա քավության նոխազ կամ էլ բոմժ...»:
Ահա այսպես վճռական էին 30 թաղամասի բնակիչներն ու անդրդվելի: Ասեմ, որ սեպտեմբերին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն ասուլիսի ժամանակ 30 թաղամասի օտարման մասին ասաց, որ հենց այդ թաղամասի համար մշակվել է հատուկ ծրագիր, որով սեփականատերերին պետք է բավարարեն բնակարանով տեղում կառուցվող շենքից, նաեւ դրամական փոխհատուցումՙ եթե կլինեն բնակիչներ, որ չեն սպասի շենքի շահագործմանը: Պրն Զախարյանը նաեւ հստակ շեշտեց, որ մինչեւ վերջին բնակչի հետ չկնքվի պայմանագիր, թաղամասը չի օտարվի: Իսկ թե ի՞նչ մանրամասներովՙ քաղաքապետը չպատասխանեց եւ ասաց, որ դա թաղամասի տերերի գործն է... Արդյոք այդ հատուկ որոշումը կկիրառվի՞, թե՞ ֆիրդուսցիներն էլ նույն բախտին կարժանանան այնպես, ինչպես մինչ հիմա օտարվածները, ցույց կտա ժամանակը: Մի բան է միայն պարզ, որ բազմաթիվ սեփականաշնորհման դիմումներ 10 եւ ավելի տարի մերժել են ե՛ւ քաղաքապետարանում, ե՛ւ կադաստրում, ու բնակչությանը փաստի առաջ կանգնեցրել, թե տանդ տակի հողը չես սեփականաշնորհել, տնամերձի կեսը, ավտոտնակը եւ այսպես շարունակ...»: Իսկ ի՞նչ անեն նրանք, որ մեկ բնակարանում համասեփականատեր են դարձել հավասար բաժնեմասերով մի քանի ընտանիքներ (ծնողների մահվանից հետո) եւ ինչպե՞ս է լուծվելու նրանց փոխհատուցման հարցը, որպեսզի նրանցից որեւէ մեկը չտուժի: Ահա թե ինչպիսի ծանր ու բարդ խնդրի առաջ են կանգնած 30 թաղամասի բնակիչները: