«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2006-10-14 | #197, 2006-10-17 | #198, 2006-10-18


ԾՐԱԳՐԱՅԻՆ ՎԵՐԱՑԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Սովորեք Մոհամադից, աղքատության հաղթահարման մարտիկնե՛ր

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրն (ԱՀՌԾ) ամեն առիթի դեպքում հիշատակվում է իբրեւ ժողովրդավարություն գնացող պետության գերնպատակ: Արդեն 4 տարի փողհարվում է այն` մշուշապատ, անհասկանալի ենթածրագրերով ու միջոցառումներով, եւ չկա մեկը, որ ասի, թե այս ընթացքում աղքատության բազում շերտերից ո՞ր մեկը վերջապես հաջողվեց հաղթահարել: Աղքատներն ապրում են ինչպես որ էին, մի քիչ ավելի լավ, մի քիչ ավելի վատ, հարուստներն ավելի են հարստանում: Այսինքն, ովքեր դեռ ամբողջովին չեն հաղթահարել փարթամ կյանքի հասնելու մեծ ու փոքր խոչընդոտները, միջազգային կազմակերպությունների նաեւ այսպիսի ծրագրերի շնորհիվ կարողանում են:

Մեր երկրում աղքատության ծրագրի միակ տեսանելի արդյունքն անվերջ քննարկումներն են, որոնցից մեկը երեկ կայացավ «Կոնգրես» հյուրանոցում: Թեման` ԱՀՌԾ շրջանակներում առողջապահական ծառայությունների որակի ապահովման եւ դեղամիջոցների տնտեսական մատչելիության հիմնախնդիրները: Առողջապահության որակի ապահովման հայեցակարգը մանրակրկիտ ներկայացրեց Ռուզաննա Յուզբաշյանը: Սկսելով համարյա նախնադարյան ժամանակներից, մասնագիտական մանրակրկիտ, պարզագույն բացատրություններով նա այնպես ողողեց ելույթը, որ զեկուցման կեսից արդեն դահլիճում նստածների կեսը չկար:

Որակի վերահսկման համակարգի ներդնումը հայեցակարգի կարեւոր դրույթներից է, բայց որքանով է դրա ստեղծումը մոտ ողջամտությանը, հենց իրենք, ոլորտի մասնագետները, կասկածում են: Հիվանդանոցներում գործելու են ներքին վերահսկողության հանձնաժողովներ, բայց արդյոք նրանք չե՞ն վախենա իրական պատկերը նախարարությանը ներկայացնելուց:

Եվ կամ` որակյալ բուժօգնություն ապահովելու ինչպիսի չափորոշիչներ էլ մշակվեն, իրական չափորոշիչը եւ որակի գնահատականը հասարակության առողջության ցուցանիշներն են: Սոցիալական, բնապահպանական, տնտեսական խնդիրների վատթարացման հետ կենցաղի ու կենսամակարդակի ճահճում հայտնված քաղաքացիներն ավելի հեշտ ու խոցելի դարձան զանազան խոցերի ու ախտերի հանդեպ, իսկ պետպատվերային ֆիկցիայի ծաղրը շատերն են իրենց մաշկի վրա զգացել:

Այնուամենայնիվ, թվում է, աղքատության խրթին խնդիրը լուծելու համար ամեն ինչ ունենք եւ ունեցել ենք` ե՛ւ վարկեր ու դոնորական օգնություններ, ե՛ւ պայծառ գլուխներ, որոնք հաստատ կարող են գլխի ընկնել, թե ինչպես անեն, որ միջոցառումներն ու ծախսվող փողն ավելի արդյունավետ լինեն: Բայց այս ծրագրերը կարծես հմայված լինեն անարդյունավետ քննարկումների շաղակրատանքով: Եվ մեր աղքատներն այդպես էլ մնում են այլ իրականության մեջ, նրանց նվազագույն աշխատավարձը 15 հազարից չի անցնում, նրանց սպառողական զամբյուղի պարունակությունը չի փոխվում:

Մի քանի օր առաջ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն 2006 թվականի խաղաղության մրցանակը շնորհեց բանկիր Մոհամադ Յունուսին: Նա աղքատության հաղթահարման շիտակ ու գործնական մեթոդներ է կիրառում: Բանգլադեշում նրա հիմնած «Գրեմին» բանկը վարկ է տրամադրում աղքատներին, արդեն 30 տարուց ավելի միլիոնավոր մարդկանց իրապես եւ գործնականում օգնում իրենց ապրուստի միջոցներն արժանապատվությամբ վաստակել:

Հայաստանյան նույնօրինակ միջոցառումները պտտվում են սեմինարների ու խորհրդատվությունների շրջանակում, եւ եթե աղքատին ժամանակ առ ժամանակ գործնական օգնություն է ցուցաբերվում, ապա տվյալ պահի ու մարդասիրական անցողիկ մի բռնկման համար: Բայց պահի բարության կյանքը կարճ է թիթեռի կյանքի նման: Գործնական այնպիսի ծրագրեր, որոնց շնորհիվ մարդը կարողանար ինքն իր ու ընտանիքի գլուխը պահել, չկան: Տեսություններից խելամիտ քաղաքականության անցնելու ռուբիկոնն անհաղթահարելի է: Գրպանային մեծ ու փոքր շահեր կան, որ զոհաբերվում են նաեւ մարդասիրական այսպիսի ծրագրերին:

Սովորեք Մոհամադից, աղքատության հաղթահարման կեղծ ու անկեղծ մարտիկնե՛ր:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4