«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2006-10-14 | #197, 2006-10-17 | #198, 2006-10-18


ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ՕՇԱԿԱՆՈՒՄ

Շաբաթ օրըՙ հոկտեմբերի 14-ին, Սբ. Թարգմանչաց տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց շարժումը եւ Արագածոտնի թեմն ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Օշական: Քայլարշավն առաջնորդվեց Մատենադարանի պահոցներից դուրս բերված Շուխոնց հրաշագործ ավետարանով եւ մեսրոպյան տառերով:

Ավետարանը գրվել է 1669 թ. Սպահանի (Շոշ) Ջուղա գյուղում, Սբ. Ամենափրկիչ վանքի կրոնավոր Բարսեղի ձեռքով եւ Խոջա Մանասի պատվերով: Հայտնի չէՙ ավետարանը երբ եւ ինչ ճանապարհով է հասել Աշտարակ: Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ ավետարանն Աշտարակում եղել է 1750-60-ականներին եւ եղել է Շուխյան գերդաստանի սեփականությունը: 1920-48 թթ. Աշտարակից ու դրա եկեղեցիներից պետությունը 16 գիրք է հավաքել, այդ թվում եւ Շուխոնց ավետարանը, որն էլ մյուս գրքերի հետ հետագայում տեղափոխվել է Մատենադարան:

Ինչ վերաբերում է ուխտագնացությանը, ապա այն դեռ նախորդ տարի սկսված քայլարշավի շարունակությունն է: Անցյալ տարի երիտասարդները մաշտոցյան տառերով Էջմիածին-Օշական ուխտագնացություն էին կազմակերպելՙ նվիրված գրերի գյուտի 1600-ամյակին: Ինչպես «Ազգի» հետ զրույցում տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչներից Գաբրիել Փանոսյանը, նախատեսում են ամեն տարի նման միջոցառում կազմակերպել եւ հայ գրերը ողջ հանրապետությունով անցկացնել: Օշականի Սբ. Մ. Մաշտոց եկեղեցում պատարագից հետո մասնակիցներն ուղեւորվեցին Աշտարակ քաղաք, որտեղ անդաստանի արարողություն եւ մատաղի օրհնություն տեղի ունեցավ:

Օրը նշանավորվեց Հայաստանի գրողների միության եւ առաքելական եկեղեցու մեկ այլ միջոցառմամբ եւս: Արդեն չորրորդ անգամ Թարգմանչաց տոնի առթիվ տեղի ունեցավ Մայր աթոռի եւ Հայաստանի գրողների միության մրցանակաբաշխությունը: Այս տարի «Կանթեղ» մրցանակին արժանացան հայ եւ օտարերկրյա 4 մտավորականներ: Օտարալեզու գրականությունը հայ ընթերցողին մայրենի լեզվով ներկայացնելու համար մրցանակի արժանացան Սամվել Մկրտչյանը եւ Ռուբեն Ղուլյանը, առաջինն անգլիալեզու գրականություն, երկրորդըՙ Դանթեի «Աստվածային կատակերգությունը» թարգմանելու համար: Հայ գրականությունը օտար լեզվով թարգմանելու համար մրցանակի արժանացան լիտվացի մտավորականներ Սիգրիտա Սկերան, որը «Նարեկն» է թարգմանել, եւ Մարիտե Կոնտրեմաիտենՙ անցյալ տարի Հայոց մեծ եղեռնի տարելիցին նվիրված ցուցահանդես կազմակերպելու եւ գրքույկ հրատարակելու համար:

Հայաստանի գրողների միության բարձրագույն պարգեւիՙ վաստակի համար մեդալի արժանացան հայ ժողովրդի բարեկամներ Կիմ Բակշին եւ մեր երկրում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ քարտուղար Դավիթ Մուրադյանը ներկայացրին վերջիններիս մեծ ավանդը հայ մշակույթն աշխարհում ներկայացնելու եւ տարածելու գործում: «Թեեւ ինքս երբեք ոչ մի տող հայերեն չեմ թարգմանել, սակայն հայոց իմաստությունը, փորձառությունը, վիշտն ու ուրախությունը ռուսերենով թարգմանող եմ ինձ համարում», ասաց Կիմ Բակշին: Այնուհետեւ ՀԳՄ անդամները միջոցառման մասնակիցներին ներկայացրին հատվածներ իրենց թարգմանական գրականությունից:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4