«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2006-10-14 | #197, 2006-10-17 | #198, 2006-10-18


ԼՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՆԵՇԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

Հայ-գերմանական մշակութային կապերը նոր շնչառություն են ստանում, եւ սրանում մեծ է անհատական նախաձեռնությունների դերը: Նախաձեռնություններ, որ ծնվելով Բեռլինումՙ արագությամբ զարգացան եւ 1 տարում դարձան «Վերջին մտքի հեքիաթը» երկլեզու ներկայացումը, որին հեղինակըՙ հրեա վիպագիր Էդգար Հիլզենրաթը սպասում էր դեռեւս 1980-ականներից, եւ մինչեւ անցյալ տարիՙ մինչեւ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ոչ մի հույս չուներ այն բեմադրված տեսնելու:

Ֆրանց Վերֆելից հետո Հայոց եղեռնին լրջորեն անդրադարձած այս հեղինակի մասին (ում, ի դեպ, Իսրայելը արգելել է մուտք գործել իր տարածք) գործը մեծ տպավորություն թողեց հայ հանդիսատեսի վրա եւ ներկայացվելով մի քանի քաղաքներումՙ Երեւան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ, հաջողությամբ բռնեց այն քննությունը, որի շարունակությունը պիտի լինի նոյեմբերի 23-ին Բեռլինում կայանալիք ցուցանորը: Թե ներկայացմանն ինչ գնահատական կտա գերմանացի հանդիսատեսը, դեռ պետք է սպասել, սակայն այն ինչ տեսանք մեր բեմերում, գերազանցեց բոլոր սպասելիքները:

Դեպքերի ընթացքի մասին սկզբից սկսելովՙ պետք է ասել, որ վեպը պիեսի փոխադրելու գաղափարը պատկանում է ավստրիացի հեղինակ Անդրեաս Յունգվիթին, իսկ արդեն պատրաստի գործը բեմ բարձրացնելու խիզախումըՙ ծագումով կեսհայ, կեսգերմանացի դերասանուհի Բեա Էհլերսին, որն էլ հովանավոր գտնելու ճանապարհին բախտի բերմամբ հանդիպում է «Արցախի բարեկամների միություն» հայկական կազմակերպությանը: Ներկայացման կայացման խնդիրը այստեղ միանշանակորեն լուծվում է դրականորեն, որովհետեւ, ինչպես նշում է կազմակերպության նախագահ Գայանե Ափինյանը, բոլոր այլ հարցերը կարելի էր հետաձգել մի գործի համար, որին հետամուտ է ողջ հայությունը:

Բոննի թատերարվեստի ֆոնդից ֆինանսավորվելՙ Բեռլինի «Թատրոն տանիքի տակ» էքսպերիմենտալ թատրոնը կապեր է հաստատում Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի հետ, եւ աշխատանքը սկսում է եռալ:

Դերասանների համատեղ ջանքերով ստեղծված 2 մասանոց ներկայացումն, ահավասիկ, լեզվական «արգելքով» հանդերձ ոչ մի րոպե դժվար ու անհասկանալի չեղավ: Գլխավոր դերակատարներ Բեա Էհլերսի եւ Ստեփան Գանտրալյանի (Բեռլին) խաղը հաջողությամբ զարգանում ու խորանում է երեւանյան արտիստներիՙ տաղանդաշատ դերասան Արթուր Կարապետյանի եւ Իշխան Ղարիբյանի ընտիր կատարողականով, ովքեր եվրոպական արվեստը «տեղայնացնում են» արեւելյան իրականության մեջՙ իրար հաջորդելով միանգամից մի քանի դեր:

Ի դեպ, այս հնարանքըՙ նույն դերասանի ուժերով միեւնույն ներկայացման մեջ կերտել մի քանի դեր, վերապահված է նաեւ գլխավոր դերակատարներին: Բեան սկզբնապես հեքիաթասաց-մահվան հրեշտակ է, որ մահվան մահճում այցելում է Թովմա անունով շվեյցարաբնակ տարեց հային, պատմում նրան գաղթի ճամփաներին այրված դեմքով շրջող մի հղի կնոջՙ նրա մոր, ապա համընդհանուր հայկական խռովության մեջ մեղադրվող երիտասարդ հոր մասին, որոնց ինքը այդպես էլ չի տեսնում ծնունդից ի վեր: Հետո հրեշտակ-աղջիկը դառնում է Թուրքիայի վարչապետ, իսկ մահվան մահճում հայտնված հերոսըՙ հետապնդվող այն հայըՙ Վարդանը, ում վզին էին ուզում փաթաթել առաջին համաշխարհային պատերազմը սանձազերծողի մեղադրանքըՙ նրան ենթարկելով անասելի կտտանքների:

Այսպիսով, բեմադրիչ Ռոլֆ Կրիգի ընտրած ուղինՙ փոքր դերասանական խմբով ստեղծել մեծ կտավի գործ, լիովին հաջողվել է, եւ բոլոր դերասանները հաջողությամբ կերպարանափոխվում են հենց հանդիսատեսի աչքի առաջ: Տպավորիչ է հատկապես գլխավոր դերասանուհուՙ Բեայի խաղը, որի ներքին հույզերը հաճախ բարձրանում են դերի ենթատեքստիցՙ մատնելով դերասանուհու ներաշխարհի ապրումները: Ավելի զուսպ է Ստեփան Գանտրալյանիՙ մյուս գլխավոր դերակատարի խաղը, որ միաժամանակ պահում է նաեւ ներկայացման ղեկըՙ երկու լեզվով անցումները ծառայեցնելով հօգուտ հանդիսատեսի:

Գեղարվեստական կայացվածությամբ անթերի ու գերազանց է ստացվել Արթուր Կարապետյանի խաղը, որ, անկախ բացասական կերպարներ կերտելուց, արժանանում է բուռն ընդունելությանՙ դերերի զգացողության ու դրանք ճշմարտորեն ներկայացնելու վարպետությամբ:

Հետաքրքրական լուծումներով է ընթանում Պիտեր Բրուկի ուսմունքի ռեժիսորական կիրառումը, այսինքնՙ հագուստի եւ դեկորացիայի նվազեցմամբ բեմական արտահայտչաձեւերի ուժգնացումը, որ տվյալ դեպքում նշանակում էՙ անընդհատ մնալ հանդիսատեսի աչքի առաջ, չապավինել կուլիսներին, հանդերձափոխվել հենց բեմումՙ օգտվելով հատուկ մտածված հագուստներից: Այստեղ լիովին արդարացվում է նաեւ դերասաններիՙ բոբիկ լինելու պարագան, որ միանգամից մի քանի խնդիր է լուծում ե՛ւ հուզական, ե՛ւ կատարողական ասպարեզում:

Ինչ վերաբերում է բեմական երաժշտությանը, ապա այն երբեմն սուր է, հայ հանդիսատեսի համար ոչ ախորժալուր, սակայն որպես ընդհանուր կոլորիտի բաղկացուցիչ տարրՙ օգնում է մթնոլորտի կայացմանը, հավելյալ 2 կերպարովՙ հարվածային գործիքների թմբկահարով ու երգչուհի-ակորդեոնիստով համալրում բեմը:

Խորհրդանշական է նաեւ ներկայացման ավարտը: Հոլոքոստ վերապրած հեղինակը չի շրջանցում իր ժողովրդի պատմությունը եւ պիեսն ավարտում է համաշխարհային 2-րդ պատերազմով, երբ համատարած հրեական որսի օրերին Գերմանիայում ոչնչանում էր մեկ այլ ժողովուրդ: Այս ընթացքում զոհվում է նաեւ պիեսի գլխավոր հերոս Վարդանը, որ վտանգելով անձըՙ հրեաների հետ միասին հայտնվում է գազախցիկում:

Այսպիսով, երկու ողբերգություն, երկու ցեղասպանությունների համադրությունՙ մեկ ներկայացման մեջ, որի ամենամեծ հաջողությունը պետք է համարել լռության պատնեշի վերացումը: Խիզախ քայլն արված է: Հայ հանդիսատեսն իր ջերմ վերաբերմունքով սեպտեմբերի 23-30-ը տվեց ներկայացման արժանի գնահատականը եւ այժմ սպասում է գերմանական կողմի արձագանքներին:

Գերմանական բեմերի ներկայացումներին է սպասում նաեւ հեղինակըՙ 80-ամյա վիպասանը, որի պարագայում կյանքը դեռեւս լի է պարադոքսներով, մինչեւ, գուցե, Իսրայելը վերանայի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության մասին...

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4