«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2006-10-14 | #197, 2006-10-17 | #198, 2006-10-18


«ԴՐՍԻՑ ՆԵՐԴՐՈՒՄ ԱՆԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է ԴԱՌՆՈՒՄ»

Եթե ներսում կոռուպցիան չի սանձվում

Ինչպես տեղեկացրել էինք օրեր առաջ, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը Քյոլնի Հայ տանը վերջերս քննարկում էր կազմակերպել «Հայաստանի Հանրապետության անկախության 15 տարին. երազի եւ իրականության միջեւ» վերնագրով:

Զգացական պոռթկումներից, գունազարդ կոչերից զերծ քննարկումն ավելի շուտ անկեղծ կարծիքներ լսելի դարձրեց, որոնք ներկաներից մի քանիսի բնորոշմամբ, նույնՙ դրսում ապրողի հոգեբանության, հայացքի արդյունքն էին: Առավել հետաքրքրական պիտի լիներ, եթե քննարկումն իսկապես առողջ ու տաք բանավեճ դառնար, իսկ դա կլիներ, եթե միջոցառմանը մասնակցեր հրավիրյալ մյուս կողմըՙ ՀՀ դեսպանությունը, մեր զրույցում նկատել տվեց հին սփյուռքի ներկայացուցիչներից մեկըՙ ափսոսանք հայտնելով, որ Հայաստանի պաշտոնական տեսակետը չլսվեց: Ինչպես հաղորդեց միջոցառումը վարող, ԳԿԽ փոխատենապետ Րաֆֆի Պետիկյանը, դեսպանությունը ափսոսանք էր հայտնել ծանրաբեռնված աշխատանքի պատճառով համայնքային միջոցառմանը չմասնակցելու համար: Քննարկմանը չէր մասնակցում նաեւ անկախության երազը նույնիսկ խորհրդային աքսորում չմոռացած կազմակերպությանՙ ԱԻՄ-ի ներկայացուցիչը:

Ինչեւէ, ուղղանկյուն երկար սեղանի շուրջն իրենց երազների հայրենիքի վերելքների ու վայրէջքների մասին խոսք ասացին գերմանահայոց առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ, Սիրիայում ծնված դոկտոր Սարգիս Քեհեյանը, Գերմանիայում ՀՅԴ ներկայացնող Անդրանիկ Ազնավուրը, Հայաստանում ծնված Հայ ակադեմիականների միության ատենապետ Ազատ Օրդուխանյանը, Թավրիզում ծնված, «Հայաստան» հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղից Ռուբեն Վասիլյանը, Թուրքիայում ծնված, ԳԿԽ հանրային կապերի պատասխանատու Թորոս Սարյանը:

«Հայկական դպրոց, եկեղեցի հաճախած հայը իր մտքի մեջ արդեն շինել էր անկախ Հայաստանը: Ուրախ եմ, որ ունինք 15-ամյա անկախություն ունեցող Հայաստանի Հանրապետությունՙ իր թերություններով, առավելություններով: Մեր տասնամյակների երազն իրագործվեցավ», ասաց դոկտ. Քեհեյանը: Հայաստանի երազը միայն երազ չէր, տեսլական էր, փոխանցեց դաշնակցական Ազնավուրը նկատել տալովՙ Հայաստանը պաշտոնապես անկախ է, պիտի ամրապնդենք, եւ սփյուռքը դրա մեջ մեծ գործ ունի ընելիք: Ազատ կարելի է կոչել, միացյալ չէ, բայց Ղարաբաղի զարգացումով մեկ քայլ առաջ է, կարծիք հայտնեց նա:

Թե՛ սփյուռքը, թե՛ Հայաստանը պատրաստ չէին այս անկախությանը, կարծիք հայտնեց քննարկմանը բեմից մասնակից միակ հայաստանցինՙ Բոխումի համալսարանի ուսանող Ազատ Օրդուխանյանըՙ հաղորդելով, թե Հայաստանի դանդաղ զարգացման պատճառներից մեկը հենց դա է: Մյուս պատճառը կոռուպցիան է, եւ եթե այսպես ընթանա, մեր երազած Հայաստանը շուտ չենք տեսնի: Ինչ վերաբերում է անկախ Հայաստան ունենալու երազին, բանախոսը հիշեցրեց, որ ԱՄԿ կուսակցության անդամները հենց դրա համար են Սիբիր աքսորվել: Իր ձեւակերպմամբ «բավական ուշ» ինքնությունը գտած թուրքահայ Թորոս Սարյանն էլ երազի փոխարեն իրականությունն է տեսելՙ անցյալ տարի առաջին անգամ Հայաստան է այցելել, սկսել լեզուն սովորել: «Երազը մեզ համար առօրյա իրականություն էր, ռադիոն միացնում էինքՙ «Խոսում է Երեւանը», ու հայրենիքը գոյություն ուներ», ասաց Թավրիզում մեծացած Ռուբեն Վասիլյանը: Քաղաքական անկախություն ունենք, բայց արտասահմանյան երկրներից կախվածություն էլ ունենք, չենք մտածում, որ ազատ, անկախ եւ անվտանգ հայրենիք պիտի ունենանք: Մեր երկրի ուղեղները Հայաստանից դուրս են գնում, Հայաստանը լինելու է ծերանոց, գերեզմանոց: Տարեկան 120 հազար ուղեղ է դուրս գալիս: Դա՞ էր մեր երազը: Հասնենք այն բանին, որ մեր երիտասարդությունը երկրից դուրս չգա», դահլիճը «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցչի այս կոչը ծափով ողջունեց:

Անդրադառնալով 15 տարիների բացթողումներին` Քեհեյանը գլխավորապես դժգոհեց, թե Հայաստանում մեծամասնությունը չի ընդունում դասական ուղղագրության վերադարձի անհրաժեշտությունը, այնինչ, ընդգծեց նա, հարեւան Ադրբեջանը փոխել է իր ուղղագրությունը: «Կրոնական վակուում մը կար, որ շահագործվեցավ աղանդներու կողմե, այսօր Հայաստանը կրոնական զարթոնք կապրի, կառավարության միջամտությամբ եկեղեցապատկան հողերը վերադարձվեցան, անկախության ձեռքբերումների մասին իր խոսքում հիշատակեց Քեհեյանը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի օրերուն Հայաստան-սփյուռքը հոռի վիճակի մեջ էինՙ Հայաստանը սփյուռքին ճիշտ չէր գնահատեր, սփյուռքը Հայաստանին չէր վստահեր», ասաց Անդրանիկ Ազնավուրը: Նա շեշտեց, թե Քոչարյանի օրոք Հայաստան-սփյուռք հարաբերությունների իմաստով, Արցախի հանդեպ իրականացվող քաղաքականությամբ, Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ բերելով, մեծ աճ է արձանագրվել: «Կասկածները, որ ունեինք, նվազած են: Ժխտական կարելի է նկատել աղքատության աճըՙ 40-45 տոկոսն աղքատ կարելի է նկատել», ասաց բանախոսըՙ հիշեցնելով, թե սա ողբերգություն է մի երկրի համար, որ զորավոր սփյուռք ունի: Կոռուպցիան չկարողացան զսպել, բայց սրանից 10-15 տարի առաջ մաֆիան ավելի սանձարձակ կգործեր, ասաց դաշնակցության ներկայացուցիչը: Նրա փոխանցմամբՙ վերջերս միջազգային դրամատների, կազմակերպությունների պարտադրմամբ կոռուպցիայի, աղքատության դեմ պայքարի որոշումներ են առնվումՙ առիթ տալով, որ դրսից այդ կազմակերպությունները միջամտեն երկրի քաղաքականության, «եւ Հայաստանը նորեն կկորսնցնե իր անկախությունը», շեշտեց ՀՅԴ անդամը: Ըստ Ազնավուրի, Հայաստան-սփյուռք օրգանական կապ ստեղծելու համար ոստյուն պիտի կատարել եւ երկքաղաքացիության հարցը լուծել: Հայ ակադեմիականների միության նախագահը մեծ նվաճում համարեց ազատագրված Ղարաբաղը, ավանդական կուսակցությունների Հայաստան վերադարձը, Հայաստանում կրթություն ստանալուն զուգահեռ արտասահմանում կրթություն ստանալու կարելիությունը: ԳԿԽ հանրային կապերի պատասխանատու Թորոս Սարյանը Հայաստանի ժողովրդավարացման բացթողումների մասին խոսելիս հատուկ ընդգծեցՙ թեպետ Հայաստանի կանանց մտավոր բարձր կարողությունն ակնհայտ է, սակայն հասարակական կյանքում նրանք սահմանափակ դիրք ունեն:

«Մեր ամենամեծ նվաճումը քաղաքական կայունությունն է», կարծիք հայտնեց «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչը հատուկ ընդգծելովՙ Երեւանից եթե դուրս գանք, նվաճումների մասին չենք խոսի: 15 տարի հետո ենք ուշադիր հայացք ուղղում գյուղերին: «Կառավարական կաշառակերության պայմաններում ինչպե՞ս պիտի ներդրում անենք», վրդովվմունք հայտնեց պարոն Վասիլյանը օրինակներ հնչեցնելովՙ ոստիկան դառնալու համար 2000 դոլար կաշառք է պետք, Երեւանում մի տաքսի վարձեք, կտեսնեք, որ տաքսու վարորդին առանց պատճառի կկանգնեցնեն ու 1000 դրամ թե տվեց, բաց կթողնեն: Եթե չկարողանան այդ հարցը լուծել, դրսից ներդրում անելն անիմաստ է դառնում: Կոռուպցիայի դեմ կուսակցությունները պիտի պայքարեն, ամենամեծ ճնշումը նրանք կարող են անել», պնդեց Ռուբեն Վասիլյանը: «Կոռուպցիայի դեմ ամենամեծ պայքարողը Վազգեն Սարգսյանն էր, գիտենք ինչ եղավ», ակնարկ հնչեցրեց գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանըՙ դահլիճից: «Ասանկ քննադատելով օգուտ չըլլար, դդումի համ կու գա, կարծիք հայտնեց դաշնակցական Անդրանիկ Ազնավուրըՙ առաջարկելովՙ Հայաստան-սփյուռքը ժողով ըլլալե անդին մնայուն մարմին մը պիտի ըլլա Հայաստանի կառավարության մեջ եւ գործե»:

Դահլիճում նստածներն էլ սոսկ ունկնդիր չէին ուզում լինելՙ բարձրախոս ստացան: Թուրքահայերից մեկն առաջարկեց «երթալ, հոն ապրիլ, կառավարության անդամ ըլլալ ու պայքարիլ»: «Եթե ոստիկանը 1000 դոլար ստանա, կաշառք չի վերցնի, կոռուպցիան սոցիալ-տնտեսական-քաղաքական երեւույթի արդյունք նկատելով ասաց Օրդուխանյանը, գանք այստեղ սովորենք, տեղափոխվենք մեր երկիր ու համակարգը փոխենք. այսօր ունենք 2000 ուսանող, վաղը կունենանք 4000, եթե կեսն էլ վերադառնա, կաշառելը դժվար կլինի»:

«Եթե..», դահլիճից, առանց բարձրախոսի, ցածրաձայն հակադարձեց մեկը:

Հայաստանը 1991-ից ազատ շուկայական ճանապարհն է ընտրել: Գերմանիայի նման ուժեղ արդյունաբերություն ունեցող երկրում էլ օտար ընկերություններ շատ բան են գնել, դահլիճից այսպիսի կարծիք էլ հնչեց: Ի պատասխան Ռուբեն Վասիլյանը հարց ուղղեցՙ «Ջեներալ մոթորսը», որ «Օպելը» գնեց, Գերմանիայի կառավարությանը կաշառք տվե՞ց»:

«Գերմանիայի կանցլերն էլ կոռումպացված չէ՞ր: Մեր հարեւաններին նայենքՙ Կովկասը, ռուսները, թուրքերը ավելի կոռուպտ են: Ինչո՞ւ մենք էլ կոռուպցիա չունենանք», հանգիստ տոնով մեկնաբանեց դահլիճի գերմանահայերից մեկը հավելելով. «Կա՞ն երկրներ, որ լրիվ անկախ են»: Հնչեց Ազնավուրի պատասխանը. «100 տոկոս անկախ երկիր չկա, բայց հարցը չափի մեջ է. Հայաստանը 70 տոկոսով է կախյալ»:

Ազատ Օրդուխանյանը ընդվզեցՙ մենք կովկասցիներ չենք: Հայաստանի 10 տոկոսն է գտնվում Կովկասում, մնացածը Փոքր Ասիայում է:

«Ուզում ես մի բան փոխել, բոլոր դռները փակվում են, դրա համար էլ Հայաստանից դուրս են գնում», դահլիճից բարձրախոսին մոտեցավ Գերմանիայում ուսանող մի հայաստանահայ: «Որպես ապագա տնտեսագետ եմ ասումՙ ոչ մի երկիր չի բարգավաճի, եթե կոռուպցիայի մեջ է խրված», բարձրախոսին մոտեցավ մեկ ուրիշ ուսանող:

«Թուրքեր կան, որ իրենց ապրանքը Հայաստան կծախեն: Թուրքն այնպիսի ազգ է, որ մեկ անգամ ոտքն ուր դնե, ալ դուրս չելլեր», մտահոգություն հայտնեց Թուրքիայում ծնված գերմանահայուհիներից մեկը: Ուրախ պիտի լինենք, որ սահմանները փակ լինելով, Թուրքիայից ապրանք է գալիս Հայաստան, ասաց Թավրիզում ծնված գերմանահայ Ռուբեն Վասիլյանըՙ տեղեկացնելով, թե հիմնադրամի գործուն անդամներից լինելով լավ գիտի, թե Հայաստանում շինարարական ապրանքՙ մասնավորապես պատուհան Թուրքիայից է ներկրվում:

Հայաստան-սփյուռք համաժողովի արդյունքների մասին տեղեկություններ հաղորդեց Գերմանահայ գործարարների միության ներկայացուցիչը: Արման Տերտերյանի փոխանցմամբ, իրենք հանձն են առել Հայաստանի 958 գյուղերից մեկում մանկապարտեզ ու մշակույթի կենտրոն հիմնանորոգել:

Խոսք առավ գերմանահայոց առաջնորդը: Նա քննադատեց այն սփյուռքահայերին «ովքեր ամեն հավկիթ դուրսն ածելուց հետո» հայրենասիրական զգացում են ունենում.. մեռնելիսՙ «ինծի Հայաստան թաղեցեք: Կարծես Հայաստանը գերեզմանոց է: Ամեն հայ Հայաստանին նյութապես օգնելու պարտականությունն ունի: Հայրենիքն ալ պարտականություն ունի սփյուռքին օգնելու, եւ հարկ է ՀՀ պաշտոնյաներին հիշեցնել, թե երկկողմանի է կյանքի ճամփան», միջոցառումը աղոթքով եզրափակելուց առաջ ասաց Գարեգին արքեպիսկոպոսը:

Ուշ երեկոյան, երբ բարձրախոսը լռեց, զնգացին գավաթները. թեթեւ հյուրասիրությամբ ծանր քննարկումը մարսելու համար:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4