«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2006-10-14 | #197, 2006-10-17 | #198, 2006-10-18


ՆԱՄԱԿ ՓԱՍԱԴԵՆԱՅԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ

Փասադենայում գործող «Հայ ոստիկանների խորհրդատվական կազմակերպության» նախաձեռնությամբ Փասադենայի հայկական կենտրոնում վերջերս կայացել է դրամահավաքի յուրահատուկ մի միջոցառում, որին ներկա են եղել, ըստ խմբագրությանը հասցեագրված նամակի պատճենի, հայկական գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները, Փասադենայի ոստիկանության պետ Բեռնար Մելիքյանը եւ Հայաստանից հրավիրված Երեւանի ոստիկանության պետ Ներսես Նազարյանը:

Երեկոյի ընթացքում արժանի շնորհավորանքներ են հնչել եւ մրցանակներ շնորհվել բոլոր նրանց, ում ջանքերով բարելավվել են Հայաստանի ոստիկանության աշխատանքները: Երեւանի ոստիկանության պետը հոտնկայս ծափահարությունների է արժանացել Երեւանը աշխարհի անվտանգ ու ապահով քաղաքներից մեկը դարձնելու համար:

Համաձայնելով հնչած գովասանքներին եւ շնորհակալություն հայտնելով ցարդ ձեռքբերված արդյունքների համար, ներկաներից Պետրոս Զարոքյանն իր պարտքն է համարել, հանուն Հայաստանում առավել կատարելագործված ոստիկանական համակարգ տեսնելու իր ցանկության, նամակով դիմել Փասադենայի ոստիկանության պետին եւ նրա ուշադրությունը հրավիրել հետեւյալ կետերի վրա, որոնց ականատես է եղել իր Երեւան այցելությունների ժամանակ:

«Ամեն տարի այցելում եմ Հայաստան եւ պետք է խոստովանեմ, որ շատ դրական փոփոխություններ եմ նկատել այնտեղ: Բայց դրանցով չպետք է բավարարվել: Դեռ շատ բան կա անելու, եւ ես պատրաստ եմ իմ կարողությունների սահմաններում օժանդակել:

(ա) Երեւանի ոստիկանությունը դեռ ի վիճակի չէ օրենքը պարտադրելու հասարակության այն հատվածին, որն ազատորեն խախտում է ամեն մի օրենք ոստիկանների իսկ աչքերի առաջ: Այս ամառ ականատես եղա, թե ինչպես 9 քաղաքացիական եւ զինվորական ոստիկանության 2 ներկայացուցիչների առաջ մի «հաստագլուխ» օպերայի բացօթյա սրճարաններից մեկում աթոռների հրմշտոցի ու բարձրաձայն լուտանքների ուղեկցությամբ ծեծեց մեկ ուրիշ երիտասարդի: Ոստիկանները չմիջամտեցին, իսկ սրճարանում նստած էին բազմաթիվ զբոսաշրջիկներ եւ երեւանցիներ` իրենց ընտանիքներով:

Դրանից երկու օր անց «Փարվանա» ռեստորանի (որը խորհրդարանի անդամներից մեկին է պատկանում) մոտ, ավտոմեքենաների կանգառում մեկ ուրիշ դեպքի ժամանակ կռիվը տասը րոպե տեւեց, որի ընթացքում մեկին դանակահարեցին: Երբ ռեստորանի աշխատողներին հարցրեցի, թե ինչու ոստիկանություն չեն կանչում, երեսիս նայեցին ապշած եւ ծիծաղեցին:

(բ) Երեւանում հետիոտնը իրավունք չունի խաչմերուկներում փողոցն անցնելու, անգամ եթե կանաչ լույս է վառվում: Խնդիրն այն է, որ այդ կանաչ լույսը նաեւ մեքենաներին է իրավունք տալիս կողքի փողոցներից աջ կամ ձախ թեքվելու: Իսկ Հայաստանում մեքենաներին միշտ առաջնահերթության են տալիս, մի բան, որ որեւէ ուրիշ երկրում կամ քաղաքում չեմ նկատել: Կանաչ լույսի առկայության դեպքում հետիոտնը այդ վայրերում միշտ կարող է համարձակ եւ անվրդով անցնել փողոցը:

(գ) Չնայած ոստիկանների կաշառակերության դեպքերը, իմ կարծիքով, նվազել են, բայց խնդիրը դեռ առկա է: Ակտ գրելը դեռ այնքան լայնորեն չի կիրառվում, քանի որ «խնդիրը կաշառքի միջոցով լուծելու» ընդունված ձեւն ավելի ձեռնտու է:

(դ) Անհրաժեշտ է համապատասխան քարոզարշավ տանել թիկնապահների վերաբերյալ ՀՅԴ-ի առաջարկած բանաձեւի օգտին: Դրանով այդ թիկնապահները կբերվեն իրավական դաշտ: Ներկայում նրանք հաշվետու են միայն իրենց «տերերին», եւ ոստիկանությունը չի կարողանում նրանց անօրինականությունների առաջն առնել:

(ե) Երեւանը պետք է որոշակի կշռի, հասակի եւ կարողությունների տեր մարդկանց միայն ընդունի ոստիկանության շարքերը: Ներկա դրությամբ շատ ոստիկաններ չեն համապատասխանում իրենց կրած համազգեստի պարտավորություններին, եւ զգացվում է, որ նրանք պարզապես «գնել» են ոստիկանի այդ «պաշտոնները»: Ցավալի է, որ նրանք ֆիզիկական կարողություն անգամ չունեն ձերբակալելու որեւէ մեկին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4