«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2006-10-14 | #197, 2006-10-17 | #198, 2006-10-18


ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ՊԻՏԻ ՏՈՒԺԵՆՔ ԿԱՐԳԱԶԱՆՑ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՑ

Մեր քաղաքում ամեն րոպե կյանքդ վտանգված է կարգազանց վարորդների պատճառով: Ինչո՞ւ քաղաքապետարանն ու ոստիկանությունը չեն տուգանում կանգառներում եւ արգելված վայրերում կայանող ավտոմեքենաների վարորդներին, որոնք քիչ է մնում մարդկանց վրա քշեն ու գնան դեռ մի բան էլ իրենք են զայրանում... Ահա այդպիսի մի դեպք կատարվեց ինձ հետ: Հոկտեմբերի 16-ին, երեկոյան ժամը 8.25-ին Տիգրան Մեծի պողոտայի «Սթար» խանութի մոտ, կանգառում երթուղային տաքսու էի սպասում, երբ դիմացի մայթից արծաթագույն ջիպ մեքենան, 9590L64 պետհամարանիշով, կտրուկ հատեց հոծ գիծը, ձախ շրջադարձ արեց, մի կերպ խույս տալով սպիտակ «Ժիգուլիից» եւ վթարային իրավիճակ ստեղծելով, տեղավորվեց խանութի առջեւի մասումՙ իմ կանգնած տեղից 3-4 մետր հեռու: Մի քանի րոպե հետո հանկարծ թիկունքիս հարված զգացի, ցավից ու անսպասելիությունից ծնկեցի: Դեռ չէի հասցրել ուշքի գալ, երբ երկրորդ հարվածը գոտկատեղիս եղավ: Միայն զգացի, որ մի տղամարդ քաշեց թեւիցս ընկած վիճակում ու մյուս ձեռքով հարվածեց մեքենայինՙ բղավելով. «Կանգնի՛ր»: Ցավից ու վախից, որ մեքենան վրայովս կարող էր անցնել, ես մի պահ կորցրի ինձ ու միայն դեղահաբի միջոցով մի քիչ ուշքի եկա: Կարգազանց վարորդը իջավ մեքենայից ու սկսեց հորդորել, թե «չեմ տեսել, որ մեքենայի հետեւում մարդ կար, մեծ մեքենա է, ինչո՞ւ եք այդտեղ կանգնել (պարզվում է, կանգառը մեզ համար չէ) եւ կամ ինչո՞ւ «Մասիվի» խանութները թողած քաղաքից եք առեւտուր անում...»: Գուցե վարորդն ինքն էլ շփոթված էր ու չգիտեր ինչ էր խոսում եւ փորձում էր մեղքն ինձ վրա բարդել: Իսկ եթե չլիներ այն անծանոթը, որը հրաշքով անիվների տակից ինձ փրկեց ու անհետացավ իր պատվիրած տաքսիով... Չնայած վարորդն ինձ իմ իրերով տուն հասցրեց ու վերջապես զգաց, որ մեղավոր է, բայց էլի պնդեց, որ մի քանի շարք մեքենաները խանգարում են իրենց նմաններին օրինապահ լինել:

Դե, ուրեմն, իմ համաքաղաքացիներ, զինվեք համբերությամբ ու մուրճերով, որ երբ ձեզ հետեւից մեքենա հարվածի, դուք էլ պատասխան տվեք, քանի որ նրանք իրենց հարցերն ամեն տեղ հեշտությամբ լուծում են: Իսկ թե ձեզ հետ հետո ինչ կլինի, դա կարեւոր չէ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, «Ազգ», 18.10.2006թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4