«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2006-10-17 | #198, 2006-10-18 | #199, 2006-10-19


SS ՄԵԿԱՄՍՅԱԿԸ ԱՎԱՐՏՎԵՑ

Իսկ ի՞նչ արժեցավ

Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման առումով անցնում է որակապես նոր փուլ: Նման գնահատական է տալիս ՀՀ վարչապետի խորհրդական, ՏՏ խորհրդի անդամ Արա Հակոբյանը, որ երեկ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանի հետ ամփոփում էր սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը Հայաստանում «Մեկ ամիս ապագայում» ՏՏ մեկամսյակի արդյունքները:

Արա Հակոբյանի ներկայացմամբ, ընդհանուր առմամբ, մեկամսյակը հաջող անցավ, իրականացված միջոցառումներն էլ քանակական, եւ որակական աճ գրանցեցին` ընդլայնելով նաեւ դրանց մասնակցության աշխարհագրությունը: Մեկամսյակի երեք հիմնական բաղադրիչներից մրցույթներն, ըստ Հակոբյանի, լավ արդյունքներ տվեցին, իսկ որոշներն էլ կարող են դառնալ ավանդական: Ցուցահանդեսները բերեցին երկկողմ համաձայնությունների ստորագրման, միջազգային կոնֆերանսներն ու համաժողովներն էլ որպես արդյունք սկիզբ դրեցին, ասենք, հայ-եգիպտական համագործակցությանը ՏՏ ոլորտում երկու երկրներում գործող ընկերությունների մակարդակով:

Ինչ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա խնդիրներին, ապա Հակոբյանը նախ դրանք բաժանեց մասնակի եւ ընդհանուր խնդիրների: Ընդ որում, մասնակի են հեռահաղորդակցության որակին առնչվող հարցերը` «Արմենտել», մենաշնորհ, ինտերնետ եւ այլն: Իսկ ընդհանուր խնդիրներից է այն, որ Հայաստանը հասել է այնպիսի մակարդակի, երբ տեղեկատվական հասարակություն ունենալու համար որակական փոփոխություններ մտցնելը դարձել է անհրաժեշտություն: Թեեւ չհստակեցվեցին ընդհանուր բնույթի խնդիրները, բայց Արա Հակոբյանն ամեն դեպքում նշեց, որ գիտելիքահեն արտադրություն պետք է զարգացնել, միեւնույն ժամանակ կարիք չունենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալ: Փոխարենը ՀՀ վարչապետի խորհրդականը կարեւորում է տեղեկատվական հասարակության ձեւավորման ու զարգացման ռազմավարություն ունենալը:

«Ազգի» հարցին, թե ի վերջո ինչ արժեք է կազմել ՏՏ մեկամսյակի անցկացումը, Արա Հակոբյանը պատասխանեց չգիտեմով, նշելով, որ նախագիծն իրականացվում էր մի քանի աղբյուրների ֆինանսավորմամբ: Ամեն դեպքում, ստացվում է, որ կամ մեկամսյակը ընդհանուր համակարգող չուներ, կամ այն իրականացնելու արժեքը հրապարակելը ցանկալի չէ: «Ազգի» մյուս հարցին, թե արդյոք վարչապետի խորհրդականը ինչ գնահատական է տալիս ներկայումս ՏՏ ոլորտում վարվող պետական քաղաքականությանը, Արա Հակոբյանը կարճ նշեց, որ այն բավարար է այս փուլի համար:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Արդյոք քրեական տարրերը նաեւ ՏՏ ոլորտո՞ւմ են գործում, Արա Հակոբյանը նշեց, ինքը կրիմինալի հետ շատ քիչ առնչություն ունի, եւ ՏՏ այս ոլորտը բարձր մտավոր կարողություններինն է, ու թերեւս կրիմինալն այստեղ հավանաբար շատ քիչ է: Ստացվում է, որ Հակոբյանի կարծիքով, կրիմինալը բարձր մտավոր կարողություններ չունի... Հետաքրքրական դիտարկում է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4