Մինչ ֆրանսիացի հանրահայտ դիզայները փորձում է եվրոպական կերպարանք տալ Երեւանի «Վարդավառի» այգուն, Պուշկինի այգին վերափոխելու այլ նախագիծ է պատրաստվում իրականացնել այգիների կառուցապատման ասպարեզում Եվրոպայում ոչ անհայտ շվեյցարացի Պիեռ Ռամբախը: Ժամանակին երեւանցիների սիրելի հանգստավայր Պուշկինի զբոսայգին քաղաքային իշխանությունների կողմից մոռացության է մատնված սկսած դեռ 1990-ական թվականներից:
Այսօր «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի եւ Երեւանի «Կենտրոն» թաղապետարանի ու «Կենտրոն կանաչապատում» ՍՊԸ-ի միջեւ կկնքվի Պուշկինի զբոսայգու վերականգնման 600 հազար դոլարանոց ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորում է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբեր Պողոսյանը, որ նաեւ «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի ղեկավարներից է: Մի անգամ քաղաքում զբոսնելիս նա անցել է այգու կողքով եւ հղացել այն վերակենդանացնելու գաղափարը: Ալբեր Պողոսյանն իր եղբոր` Ժան Պողոսյանի հետ նաեւ ՀՀ նախագահի մրցանակի հովանավորներից է:
«Մեր նպատակն է ստեղծել ավանդական-հայկական եւ ճապոնական այգու խառնուրդ կերպար», ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը: Այգու նախագծի ճապոնական տարրերը վերցվել են նաեւ 2005 թվականին ճարտարագիտական համալսարանում հայտարարված մրցույթի գաղափարներից: Վերականգնումը նախատեսվում է ավարտել 1 տարուց: Այգին հիմնադրամը վարձակալել է 21 տարով:
Շինարարության առաջին փուլում այստեղ կառուցվելու են ջրավազան, որին կից` բացօթյա բեմահարթակ համերգների եւ ներկայացումների համար, ամֆիթատրոն եւ հանրային զուգարաններ, երկրորդ փուլում` սրճարան եւ մանկական լողավազաններ: «Ոչ մի ավելորդ ծառ չի հատվելու, ընդամենը 5 չորացած ու տապալվելու ենթակա բարդիներ են հատվելու, մենք էկոլոգիական փորձաքննություն ենք անցկացրել», հենց սկզբից հավաստիացրեց երեկ այս առիթով մամուլի ասուլիս հրավիրած «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը: Ասենք, որ մինչ այս նոր ձեռնարկը, այգու Դեմիրճյան փողոցին նայող հատվածում ծառերի ու կանաչի մեծ ավերածություններ արդեն իսկ կատարվել են` այստեղ իրականացվող հսկա շինության զոհերը:
Շինարարական աշխատանքներ կատարելու համար մրցույթի մասին մամուլով եւ հեռուստատեսությամբ կհայտարարվի 2 շաբաթից, մրցույթը կանցկացվի 2 փուլով: «ՀՀ նախագահի անմիջական մասնակցությամբ (նա միաժամանակ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է), մենք բավական կոշտացրել ենք մրցույթների անցկացման պայմանները», ասում է Նաիրա Մելքումյանը: Առաջին փուլում ստուգվելու է մրցույթի հայտեր ներկայացրած կազմակերպությունների` մրցույթին մասնակցության արժանի լինելու աստիճանը: Հիմնադրամը մրցույթ է հայտարարում նաեւ շինարարության տեխնիկական հսկիչների վերաբերյալ: Բոլոր միջոցառումները խստացվել են` նկատի առնելով տարիներ առաջ Հյուսիս-Հարավ ճանապարհի մի հատվածի փլուզումները:
«Ազգի» հարցադրմանը, թե ինչպե՞ս են դիմագրավում դոլարի պարբերական անկումներին, Նաիրա Մելքումյանը բացատրեց, որ փոխարժեքի տարուբերումներից շատ չվնասվելու համար «Հայաստան» հիմնադրամը այս տարի պայման է կնքել բարերարների հետ, որ իրենք բոլոր հաշվետվությունները ներկայացնելու են հայկական դրամով: Տվյալ ժամանակային հատվածի վերաբերյալ արձանագրությունների իսկությունը բարեգործները կստուգեն Կենտրոնական բանկի կայքէջի միջոցով:
Մեր բարեգործները, ըստ հիմնադրամի գործադիր տնօրենի, թեեւ ըմբռնումով են մոտենում «հայկական» դոլարի տարօրինակ վարքին, բայց հակված չեն լիովին փոխհատուցելու դոլարի անկման հետեւանքով առաջացող կորուստները: «Այսօր մենք մեր տեղական մարմինների եւ բարերարների հետ պայմանավորվածություն ունենք, որ նրանք մեզ փոխանցելու են ոչ թե նախապես համաձայնեցված դոլարի չափով, այլ այն, ինչ իրականության մեջ կա»: Այս տարի տեղական մարմինների ժողովում որոշվել է, որ յուրաքանչյուր ծրագիր, փոխարժեքի տատանումները նկատի առնելով, պիտի նախատեսի 5-10 տոկոս պահեստային գումար:
Ի դեպ, դոլարի անկումից տուժում են ոչ միայն բարեգործական ծրագրերը: ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում եւս, մեր ինֆորմացիայով, ստիպված են հրաժարվել որոշ նախագծերից:
«Հայաստան» հիմնադրամը Երեւանում իրականացվելիք այլ նախագծեր եւս ունի: Այս պահին հիմնադրամի միջոցներով վերակառուցվում է 3 մարզադպրոց: Հիմնադրամը զբաղված է նաեւ Արթիկի, Սիսիանի հիվանդանոցների վերականգնմամբ, գլխավոր պլանները վերաբերում են Հադրութի շրջանի վերակառուցմանը:
Իսկ հերթական հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 23-ին: Նախապատրաստական ժամանակն արդեն մեկնարկել է: Մինչ այդ կկայանա եվրոպական ֆոնետոն, որին այս տարի միանալու է բելգիական հայ համայնքը: Անցած տարի ֆոնետոնի արդյունքը 1 մլն եվրո եղավ: Ի դեպ, ըստ հիմնադրամի գործադիր տնօրենի, վերջին տարիներին իրենց գործունեության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես երիտասարդ սփյուռքահայերը, եւ հեռուստամարաթոնի կոչերն այս տարի ուղղված են լինելու հենց նրանց: Հայաստանում ֆոնետոն կանցկացվի նոյեմբերի 15-17-ը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Տարածաշրջանային սրտաբանական կլինիկա Գորիսում
Հոկտեմբերի 30-ին Հայաստան կժամանեն Ֆրանսիայի Հայ բժիշկների միության ներկայացուցիչները: Նրանց մասնակցությամբ Գորիսում սկսվելու է տարածաշրջանային սրտաբանական կլինիկայի կառուցումը: Այն սպասարկելու է ոչ միայն ողջ Զանգեզուրին, այլեւ Ղարաբաղին: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի ծրագրերի մեջ է այս հսկա նախագծի իրականացումը, հավաստում է, որ տարիների ընթացքում նոր հաստատությունը հավակնելու է ընդօրինակել Երեւանի Նորք Մարաշ համայնքում կառուցված հիվանդանոցին ե՛ւ հզորություններով, ե՛ւ հեղինակությամբ:
Կ. Դ.