«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2006-10-17 | #198, 2006-10-18 | #199, 2006-10-19


«Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐՆ» ԷՐՙ ԱՌԱՆՑ ՓՈՂԻ»

Հայերենի քննական թեստի մասին սրամտեցին տասներորդցիները

«Էս ի՞նչ քննություն էր որ», Էրեբունի համայնքի թիվ 35 դպրոցի դարպասից ներս մտնելիս ականջիս հասավ դիմացից եկող աղջիկների զրույցը: Դպրոցի բակում հավաքված տասներորդցիները նոր էին դուրս եկել հայոց լեզվի եւ գրականություն միասնական փորձնական քննությունից եւ ուրախ - զվարթ զրուցում էին, կարծիքներ փոխանակում, տարբերակներ քննարկում: Նրանցից մեկն, օրինակ, չէր իմացել ինչպես համառոտ գրել պրոֆեսոր բառը, սակայն բնավ չէր տխրել հասկանալի պատճառովՙ քննությունը փորձնական էր, բուհից դուրս մնալու խնդիր չկար եւ դեռ կարելի էր անհոգ լինել: Հայոց լեզվի եւ գրականության քննական նոր թեստերը, որոնց «Ազգն» անդրադարձել էր նախորդ համարներից մեկում, երեկ փորձարկվեցին Արարատի մարզում եւ Երեւանում: Էրեբունու համայնքում միասնական քննություններն անցկացվեցին թիվ 35, 43 եւ 160 դպրոցներում:

Թիվ 35 դպրոցում քննություն էին հանձնում նաեւ նույն համայնքի թիվ 6, 17, 178 դպրոցների տասներորդցիները: Միանգամից ասենք, որ նրանցից ոչ մեկը գոհ չէր թեստային համակարգին անցնելուց: Ինչո՞ւ, որովհետեւՙ «դրանք պարզունակ են ու շփոթեցնող, իսկ որոշ հարցեր ձեւակերպված են անհասկանալի ու դժվար է գլխի ընկնել, թե ինչ է պահանջվում: Շտեմարանն ավելի նախընտրելի էր, ավելի շատ գիտելիք էր պահանջում, իսկ սա կարելի է հանձնել նույնիսկ առանց պարապելու: Համարյա ոչինչ չէինք արել, բայց ահագին հարցերի պատասխանեցինք: Գրականության նոր հարցերից դժվարացանք, որովհետեւ չէինք պարապել», ասացին թիվ 6 դպրոցի աշակերտուհիները: Գրեթե նույն կարծիքը հայտնեցին նաեւ թ. 35 դպրոցի աշակերտները, նրանցից մեկը չափազանց ուրախ էր, որ հարցերն այդքան հեշտ են ու հաջորդ տարի բուհ ընդունվելու համար հայերեն քննության վրա համարյա ջանք չի թափելու:

Հետաքրքրական էր լսել նաեւ տղաների կարծիքը, մանավանդ որ աղջիկները դրսում մեծամասնություն էին կազմում: «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր խաղն էր, առանց փողի», սրամտեց նույն դպրոցի աշակերտ Արտակը:

Նրանց հետ զրույցի բռնվելուց առաջ չներկայացա որպես լրագրող, որպեսզի չկաշկանդվեն, չնայած ոչ մի վայրկյան չէի կասկածում, որ թեստերի մասին անկեղծ կարծիքներ դպրոցում կարելի էր ակնկալել միայն նրանցից:

Ու թեպետ փորձնական քննության ու թեստերի մասին թիվ 35 դպրոցի տնօրենի կարծիքը կանխավ ենթադրելի էր, բայց եւ այնպես լսեցինք նաեւ նրան. «Մեր կարծիքը ընդհանուր առմամբ դրական է, մանավանդ որ թեստերում բավականին հարցեր են մտցված հայ գրականությունից: Ինձ թվում է, թեստերից դժգոհում են աշակերտների հետ պարապողները, որովհետեւ հիմա ստիպված են հայոց լեզվից բացի գրականություն էլ պարապել: Շատ լավ կազմված, նորմալ թեստեր են, ի՞նչ է եղել»: «Շատ ուրախ ենք, ի՞նչ է եղել», ասաց հայոց լեզվի ու գրականության մասնագետ Ասատուր Սարյանը, որը նաեւ քննական կետի ղեկավարն էր: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների կարծիքը մեզ անհայտ մնաց, քանի որ երեկ նրանց արգելվել էր դպրոց գալ, թեպետ մեզանում հայտնի բան է, որ տնօրեններն իրենց կարծիքը պարտադրում են նաեւ ուսուցիչներինՙ կրթության նախարարությանը հաճոյանալու համար:

Մեզ հաջողվեց զրուցել պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանի հետ: «Այդօրինակ թեստերը կիրառելի են ամերիկյան «փաբլիք» (հասարակական) դպրոցներում, որոնք աշակերտին տալիս են նվազագույն գիտելիքներ, դարձնում են ընդամենը տառաճանաչ, մի քիչ էլ սովորեցնում են իրենց երկրի պատմությունը: Ոչ մի առարկա այդ դպրոցներում խորությամբ չի ուսումնասիրվում, դա արվում է միայն մասնավոր դպրոցներում, որոնք շատ մոտ են խորհրդային դպրոցի կրթական համակարգին: Սակայն դրանք չափազանց թանկ են, եւ այնտեղ կրթություն ստանալը շատ քչերին է հասու: Իսկ մենք այսօր հրաժարվում ենք խորհրդայինիցՙ անցնելով տարրական գրագիտություն տվող արեւմտյան դպրոցների կրթակարգին: Հայերեն թեստերի բովանդակությունը շատ պարզունակ է, չի կարելի այդպես լեզվի կամ գրականության իմացություն ստուգել»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4