«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2006-10-17 | #198, 2006-10-18 | #199, 2006-10-19


«ԱՐԵՎԱՄԱՆՈՒԿ». ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ԿԱՌՈՒՅՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՍՐՏՈՒՄ

«Շվեյցարացի շինարար Լեոնարդո Գմյուրը մտահղացավ կառուցել այս շենքը` հույսով ու հավատով հայ ժողովրդի ապագայի նկատմամբ». Գյումրու կենտրոնում հառնած նոր գեղեցիկ կառույցի` Համայնքային ընտանեկան խնամքի եւ ուսուցման «Արեւամանուկ» կենտրոնի եռահարկ շենքի դիմաց զետեղված հուշաքարի այս մակագրությունը հարգանքի տուրք է մի եզակի մարդու հիշատակին, որը 88-ի ավերիչ երկրաշարժից հետո եկավ հաստատվեց Հայաստանում եւ շուրջ 16 տարի, մինչեւ իր ողբերգական մահը` 2005 թ., շինարար-կազմակերպչի իր ուժերը նվիրեց մեր բնակավայրերի վերականգնմանն ու շենացմանը, թողնելով երախտագիտության արժանի բազում բարի գործեր:

«Արեւամանուկ» կենտրոնը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 12-ին, կառուցվել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ղեկավարությամբ, «Արմենիանոս» հիմնադրամի (Լիխտենշտեյն եւ Շվեյցարիա), «ԿԱԶԱ» միության («Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան միություն) եւ Շվեյցարիայի մի շարք այլ կազմակերպությունների, համայնքների, անհատ նվիրատուների ֆինանսական հովանավորությամբ, «Փրոջեքթ ընդ դիզայն» ՍՊԸ-ի նախագծով: Կենտրոնը կոչված է իր գործունեությամբ նպաստելու Գյումրու վերածննդին: Շենքի առաջին եւ երկրորդ հարկերում կգործի երեխայի պաշտպանության «Լեոնարդո Գմյուր» սոցիալական հիմնադրամը, որն ունի հոգեբանական ու հատուկ մանկավարժական աշխատանքների հարուստ փորձ եւ համագործակցության լայն շրջանակ եվրոպացի մասնագետների հետ: Հիմնադրամը քաղաքի եւ մարզի բնակչությանը մատուցում է մի շարք ծառայություններ, մասնավորապես հոգեբանական թերապիա եւ խորհրդատվություն, հատուկ մանկավարժական ու սոցիալական աշխատանք, «թեժ գիծ», երեխայի խնամքով զբաղվող մասնագետների եւ ծնողների համար դասընթացներ: Շինության երրորդ հարկում գործելու է «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնը, որը կհամակարգի այս կազմակերպության գործունեության բոլոր ոլորտները Շիրակի մարզում` մարդասիրական օգնություն, լեզուների եւ մասնագիտական որակավորման դասընթացներ, մշակութային միջոցառումներ, կամավորների եւ զբոսաշրջիկների ընդունելություն, մանկական խաղասենյակ, տեսասրահ, համայնքային ինտերնետ կենտրոն (CIC) եւ այլն:

Կարծում ենք, գյումրեցիները սիրով կօգտվեն եւ գոհ կմնան այս հոյակապ շենքում իրենց առաջարկվող ծառայություններից:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4