«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2006-10-17 | #198, 2006-10-18 | #199, 2006-10-19


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ

Ուղղաթիռները, երկրաբանական հուշարձանների, հանքային ջրերի պատշաճ ներկայացումն ու ավելի համեստ գներն այն շատ ավելի հրապուրիչ կդարձնեն

Հայաստանն օտարին մենք ներկայացնում ենք հիմնականում մեր պատմամշակութային ժառանգությամբ, որով հարուստ են մեր գրեթե բոլոր մարզերը, բնակլիմայական պայմաններով, որ յուրաքանչյուր 30 կմ-ը մեկ տարբեր են ե՛ւ լանդշաֆտով, ե՛ւ նույնիսկ տարվա նույն եղանակին եւ նույն ժամանակում կլիմայի բոլոր արտահայտություններով: Վերջին տարիներին մեր երկիր այցելած զբոսաշրջիկների հետաքրքրության տեսականիում նկատվում է մեկ այլ երեւույթ եւս` նրանք փորձում են ծանոթանալ տեղացիների ավանդույթներին, կենցաղին, շփվել նրանց հետ, ճաշակել նոր ուտեստներ` վայելելով նոր զգացողություններ, եւ այդ առումով տուրիզմը դառնում է ավելի բազմազան:

Սակայն զբոսաշրջությունը եւս, ինչպես մեր կյանքի շատ ասպարեզներ, ձեւավորման փուլում է, շատ խնդիրներ թերակատար ու քաոսային վիճակում են: Հանրապետական ճանապարհների խնդիրը «Լինսի» հիմնադրամի շնորհիվ գրեթե ամբողջությամբ լուծվեց: Բայց մարզերի ու հեռավոր գյուղերի գեղատեսիլ անկյուններում թաքնված այս կամ այն հուշարձանը տեսնելու համար մեր զբոսաշրջիկները երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ պիտի անցնեն մեքենայով: Գումարած եւ այն, որ մեր ճանապարհների գերակշիռ հատվածները պարզագույն կահավորումների կարիք ունեն` որոշ մարզերում չկան ցուցավահանակներ գյուղերի, զբոսաշրջության առումով հետաքրքրություն ներկայացնող վայրերի համար: Երեւանում արդեն նման բան սկսվել է, բայց դրա կարիքը մարզերն ավելի շատ ունեն: Զբոսաշրջության ավանդույթներ ունեցող երկրներում վաղուց կիրառվում է զբոսաշրջիկների տրանսպորտային առօրյան թեթեւացնող պարզագույն միջոց` ուղղաթիռային փոխադրամիջոցը: Նման հնարավորության մասին զբոսաշրջային բիզնեսում նույնիսկ չի էլ խոսվում:

«Հավանաբար պահանջարկի բացակայությունն է պատճառը, որ առայժմ չի կիրառվում այդ միջոցը: Այսպիսի նախաձեռնություն պիտի ցուցաբերեն նախ եւ առաջ գործարարները», խնդրի լուծման անհրաժեշտությունը հաստատում է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Կանոնավոր ուղերթեր կազմակերպելու եւ ընդամենը 1 տասնյակ ուղղաթիռների առկայությամբ այս բիզնեսը շատ ավելի հրապուրիչ եւ եկամտաբեր կդառնար:

Երկրորդ բացը բավական թանկ հյուրանոցներն են, հաճախ նույնիսկ տեղացիները 300-400 դոլարով նախընտրում են հանգստանալ հարեւան որեւէ երկրի անհամեմատ մատչելի հանգստավայրում, քան դրամը ծախսել Հայաստանի որեւէ գեղատեսիլ անկյունում, ուր մի օրվա համար միայն պատկառելի գումար պիտի վճարի:

Մարզերում տեղաբաշխված իջեւանատները, իհարկե, բոլորը չէ, որ համապատասխանում են հյուրանոց հասկացությանը: Դրանց մի մասը պարզ հյուրատներ են, առողջարաններ ու պանդոկներ: Վերջին տարիներին բավական լայն տարածում է ստացել Bed and breakfast-ը մասնավոր տներում, որ տեղացիների համար աշխատատեղերի չգոյության պայմաններում որոշակի եկամտի աղբյուր է:

Հայաստանի շատ հեռավոր բնակավայրեր, որոնց մեջ նաեւ լքված սահմանամերձ գյուղերը, անզուգական բնություն ունեն, լքված հնավայրեր, եւ դրանք հայտնություն կարող են լինել ամենախստապահանջ զբոսաշրջիկի համար: Վայոց ձորի Արտավան գյուղի մասին արդեն պատմել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, ուր այս տարվա անտանելի շոգին անգամ մեղմ ու զովաշունչ եղանակ էր: Գյուղի բնական պայմանները հրաշալի են նաեւ լեռնադահուկային սպորտի զարգացման համար: Գյուղը սակայն զուրկ է տարրական պայմաններից, եւ անգամ հարեւան համայնքը գնալու համար խորդուբորդ ճանապարհի պատճառով տրանսպորտ չի գործում: Եվ նման տասնյակ գյուղեր կան Հայաստանում: Սա եւս զբոսաշրջային բիզնեսի չհաշվարկված պաշար է հանրապետության համար: «Զբոսաշրջության ապակենտրոնացման խնդիր, իհարկե, կա, քանի որ այն հիմնականում սեւեռված է Երեւանում, եւ նման ներուժ ունեցող վայրերը զրկված են այս ճանապարհով եկամուտ ստանալու եւ կենսամակարդակը զարգացնելու հնարավորությունից», խնդիրը կրկին հաստատում է վարչության պետը: Նման ծրագրերը նույնպես դեռեւս սաղմնային վիճակում են, հրթիռային մեկ-երկու նախագծեր առայժմ իրականացվում են միայն Դիլիջանում եւ Իջեւանում:

Աղքատ է նաեւ ներկայացվող զբոսաշրջության բովանդակային տեսականին, քանի որ մենք սեւեռվում ենք միայն պատմամշակութային տուրիզմի վրա:

Հայաստանը նաեւ երկրաբանական հուշարձանների երկիր է: Ընդամենը 29 հազար քառ. կմ-ի վրա մեր երկիրն ամփոփում է երկրաբանական դարաշրջանների գրեթե ամբողջական պատկերը: Սակայն անձեռակերտ գեղեցկության այն ահռելի պաշարը, որի հեղինակը բնությունն է, մնում է ստվերում: Վայոց ձորն, օրինակ, համարվում է Կովկասի ամենագեղեցիկ հանգած հրաբուխը: Լավային ամենաերկար հոսքը 16 կմ-ով ձգվում է Կարմրաշեն գյուղից մինչեւ Արփա գետի հունը: Առասպելի համաձայն, այդ լավայի տակ թաղվել է Մոզ քաղաքը: Բնության եզակի հուշարձան է Չարենցավանից 2,5 կմ հարավ գտնվող հուշարձանը` «պեռլիտե փիղը»: Անգնահատելի են նաեւ մեր ընդերքի հարստությունները: Նույնիսկ տեղացիներն աղոտ պատկերացումներ ունեն մեր հանքային ջրերի բազմազանության ու բուժական բարձր արժեքների մասին: Մինչդեռ դրանց պատշաճ ներկայացումը զբոսաշրջության նոր հոսանք կարող է առաջացնել դեպի Հայաստան:

Իհարկե, անկախ մեր ներկայացումից, շատ զբոսաշրջիկներ, մեծ մասամբ մասնագիտական բերումով, գալիս են ոչ միայն պատմաճարտարապետական հուշարձանների համար: Գալիս են մեր յուրահատուկ կենսաբազմազանությունը ուսումնասիրելու, օրինակ, թռչունների համար: Գալիս են հայկական գինին համտեսելու: Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, եւ այցելուներից շատերը սեփական նախաձեռնությամբ գալիս են նաեւ այդ պատճառով:

Սակայն նույնիսկ տարրական պայմանը չկա` հասարակական զուգարանները: Դրանք Երեւանում բացակայում են, ուր մնաց մարզերում, չնայած այս մասին տարիներ խոսվում է: Առայժմ միայն եկեղեցիներին կից դրանք ստեղծելու փորձեր են արվում: Սա զբոսաշրջային բիզնեսը որպես լրացուցիչ եկամտի աղբյուր ընկալելու գիտակցության բացակայության կարեւոր ապացույց է:

Չնայած այս բոլոր բացերին, ըստ Մեխակ Ապրեսյանի, հատկապես 2001թվականից հետո մենք տարեկան ունեցել ենք այցելուների հոսքի միջինը 25 տոկոսով աճ: Անցած տարի 318 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, որոնց 60-70 տոկոսը սփյուռքահայեր են եղել, բայց օտարազգիների թիվը եւս որոշակիորեն աճում է: Իհարկե, բացի մեր հարեւաններից, շատ երկրներում նույնիսկ Հայաստանի մասին տարրական պատկերացումներ չունեն, եւ շատերս բազմիցս բախվել ենք այդ իրողությանը: Այժմ պետական մակարդակով Հայաստանի տուրիստական իմիջի քարոզչության աշխատանքներ են իրականացվում: 2001 թվականից այդ խնդրին ձեռնամուխ է եղել զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը: Հայաստան են հրավիրվում օտարերկրյա տուրօպերատորներ եւ լրագրողներ, կազմակերպվում են ճանաչողական այցեր: Ամեն տարի երեւի 4-5 անգամ մասնակցում ենք զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսների Բեռլինում, Միլանում, Լոնդոնում, Հոլանդիայում, տեղեկատվական նյութեր են տարածվում հավանական պահանջարկի շուկաներում, համագործակցության պայմանագրեր են կնքվում: Այս տարի Հայաստանը նաեւ գովազդվելու է CNN հեռուստաալիքով, թեեւ սա բավական թանկ հաճույք է, 30 եւ 60 վայրկյան տեւողությամբ 366 հեռարձակմամբ 2 հոլովակի համար վճարվելու է 360 հազար դոլար: Սակայն ամենահամեստ հաշվարկներով, յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում գտնվելու 7-8 օրվա ընթացքում ծախսում է մոտ 1000 դոլար, այնպես որ այս ուղղությամբ բոլոր տեսակի ծախսերն արդարացված են:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4