«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2006-10-17 | #198, 2006-10-18 | #199, 2006-10-19


ԻՐԱՔԱՀԱՅԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Հայաստանում է իրաքահայերի եւս 3 ընտանիք

Արդեն երկրորդ տարին էՙ Լոս Անջելեսում գործող Իրաքահայերի օգնության հիմնադրամի աջակցությամբ Հայաստան են տեղափոխվում Իրաքում բնակվող մեր հայրենակիցները: Առաջին խումբը Երեւան է եկել 2005 թ.-ի նոյեմբերի 1-ին: Չորս ընտանիքներով 17 մեր հայրենակիցների ապահով վերադարձը Հայաստան եւ երկրում մեկ տարվա անհրաժեշտ կարիքները հոգացել է Իրաքահայերի օգնության հիմնադրամը: Հիմնադրամի նախագահ Սարգիս Դերձակյանն «Ազգի» հետ զրույցում ներկայացրեց հիմնադրամի ստեղծման պատմությունը: Դեռ 2004 թ. հոկտեմբերին Խաչիկ Ճանոյանի, Գրիգոր Տիրամերյանի եւ իր նախաձեռնությամբ Լոս Անջելեսում ստեղծվում է հիմնադրամՙ Իրաքից հեռանալ ցանկացող մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու նպատակով: 9 անդամներ ունեցող հանձնախումբը Լոս Անջելեսում սկսում է նախաձեռնության մասին տեղեկություն տարածել եւ գումարներ հանգանակել ծրագիրն իրականացնելու համար:

Սարգիս Դերձակյանի խոսքերով, առաջին ամիսներին աշխատանքը դժվար է լինում: Նախաձեռնության մասին տեղեկությունը տեղադրվում է ինտերնետային էջում, սակայն Իրաքում ինտերնետից օգտվելու սահմանափակ հնարավորությունների պատճառով արձագանքներ գրեթե չեն լինում: Հանձնախմբի անդամները տեղեկությունն սկսում են տարածել անձնական միջոցներով, հեռախոսազանգերով, ծանոթ-բարեկամների օգնությամբ: Կարճ ժամանակ անց մեծ թվով իրաքահայեր դիմեցին հանձնախմբին: Որոշվեց Հայաստան եկող ամեն մի քաղաքացուն ինքնաթիռի տոմս գնել, տարեկան 1000 դոլար տրամադրել, Երեւանում ընտանիքի համար բնակության անհրաժեշտ կահ-կարասիով բնակարան վարձակալել, օգնել հայաստանյան հասարակությունում ինտեգրմանը:

Մեկ տարում Հայաստան գալ ցանկացող 48 ընտանիքների դիմումներից ընտրվեց 4-ըՙ 17 հայրենակիցներով: Դերձակյանը տեղեկացրեց, որ առաջնահերթությունը տալիս են այն ընտանիքներին, որտեղ դպրոցահասակ երեխաներ, արհեստավորներ կան: Իրաքահայերի օգնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գայանե Մուրադյանի խոսքերով, հայաստանյան իշխանությունները բավական օգնություն են ցուցաբերել նախաձեռնության իրականացմանը: Առաջին խմբին Հայաստան բերելիս տեղական իշխանություններն ընդառաջել են, եւ կազմակերպիչները չեն մուծել մուտքի վիզաների 30-ական դոլարները:

«Չորս ընտանիքների ճամպրուկները 600 կգ ավելի էին թույլատրվածից: Պատերազմից փախած մեր հայրենակիցներն իրենց հետ թեյ, շաքարավազ, ալյուր էին բերել, քանի որ Հայաստանի մասին սխալ պատկերացումներ ունեին: Տեղի իշխանություններն այս հարցում եւս օգնեցին, բեռը չնչին գումարներով հանեցինք մաքսատնից», տեղեկացրեց Ս. Դերձակյանը:

Արդեն ավարտվում է իրաքահայերի առաջին խմբի օգնության ծրագիրը: Մեկ տարում ընտանիքները կանոնավոր ստացել են իրենց գումարները, դպրոցահասակ երեխաները սովորել են հանրակրթական դպրոցներում: Այս ամիս ընտանիքները կստանան վերջին ամսվա գումարը, որից հետո սեփական ապրուստի հարցն իրենք պետք է լուծեն: Մի քանիսն այս ընթացքում ժամանակավոր աշխատանք են ստացել, սակայն խնդիրն առավել մեծ է. Գայանե Մուրադյանի խոսքերովՙ այսօր Իրաքի մեր փախստականների մասին օրենք ընդունելու անհրաժեշտություն կա: Փորձը ցույց է տվել, որ իրենց աշխատուժի պահանջարկը մեր հանրապետությունում կա, սակայն քանի որ վերջիններս ժամանակավոր կեցության կարգավիճակ ունեն միայն, գործատուները նրանց աշխատանքի չեն ընդունում: Սարգիս Դերձակյանն այնուամենայնիվ համոզված է, որ աշխատել ցանկացողն աշխատանք անպայման կգտնի:

Երկրորդ խումբը Երեւան ժամանեց այս տարվա սեպտեմբերի 28-ին: Իրաքահայերի 3 ընտանիքՙ 13 հոգով, այժմ ապրում է Երեւանի տարբեր համայնքներում: Գայանե Մուրադյանի տեղեկացմամբ, իրենք տեղական իշխանությունների հետ քննարկել են մեր հայրենակիցներին հանրապետության մարզերում բնակության վայր տալու տարբերակը, սակայն պարզվել է, որ քաղաքաբնակ մեր հայրենակիցները գյուղական համայնքներում հարմարվելու պատրաստ չեն:

Գայանե Մուրադյանի հավաստմամբ, Հայաստանում իրաքահայերի համայնք ստեղծելու լուրջ նախադրյալներ կան: Նա համոզված է, որ այսօր Հայաստանում շուրջ 1500 իրաքահայեր կան, որոնց պարզապես համախմբել եւ հաշվառել է հարկավոր: Ամեն երեկո նրանք հավաքվում են օպերայի բակում կամ Հանրապետության հրապարակում: Հայաստան եկած իրաքահայերը կապ են պահում իրաքյան իրենց ծանոթների հետ, տեղեկացնում Հայաստանի իրավիճակի, իրենց ապրելակերպի մասին: Ի տարբերություն առաջին խմբի, երկու շաբաթ առաջ Հայաստան եկած մեր հայրենակիցներն ավելի հստակ էին պատկերացնում տեղի իրավիճակը:

Այժմ հիմնադրամը 95 ընտանիքներից 394 հոգու դիմում ունի: Շուրջ 100 հազար դոլար հայթայթելու դեպքում ընտանիքների կեսին կկարողանան Հայաստան բերել: Ցանկացողները իրենց հանգանակության մասին հիմնադրամին կարող են տեղեկացնել armirqrelfund@yahoo.com էլեկտրոնային հասցեով: Իրաքահայերի օգնության հիմնադրամն ԱՄՆ-ում հարկային արտոնություններ ունի, ինչը բարերարներին հնարավորություն է տալիս իրենց հանգանակած գումարն ազատելու հարկերից: Հայ բարերարների եւ հայկական պետության աջակցության դեպքում իրաքցի մեր հայրենակիցներն ապահով կյանք կունենան Հայաստանում:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4