Ստիպված ուղղում ենք թերթի միջոցով
Նախարարությունների, պետական կոմիտեների եւ այլ գերատեսչությունների կողմից վերջերս սկսել է դրսեւորվել լրագրողներին եւ լրատվամիջոցներին պատժելու մի նոր ձեւՙ տվյալ կառույցում տեղի ունեցող մամուլի ասուլիսների կամ հրապարակային այլ միջոցառումների մասին իրենց ոչ հաճո լրատվամիջոցին տեղյակ չպահելը: Մաքսային պետական կոմիտեն դրա դասական օրինակն է ցույց տալիս: Վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած ոչ մի միջոցառման անցկացման մասին կոմիտեից «Ազգին» չի տեղեկացվել: Կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի մամուլի նախորդ օրվա ասուլիսը նույնպես բացառություն չկազմեց: Չենք զարմանում կամ անհասկանալի համարում նման խտրական մոտեցումը մեր թերթի նկատմամբ: Մաքսային համակարգի կոռումպացվածության ցուցանիշների մասին մեր հրապարակումները թերեւս այնքան էլ հաճելի չեն եղել այդ կառույցի ղեկավարների համար: Այդ մասին պետք է լինեին նաեւ մեր հարցերն ուղղված կոմիտեի նախագահին, եթե հրավիրված լինեինք նրա մամուլի ասուլիսին: Նկատի ունենալով, որ պրն Արմեն Ավետիսյանը հավաստիացրել է, որ պայքարում են համակարգում առկա կոռուպցիայի դեմ եւ հնարավորություն չենք ունեցել մեր հարցերն ուղղել նրան, ստիպված ենք դա անել թերթի միջոցով:
1-ին հարց: Համաձայն 2004 թ.-ին գործարարների շրջանում Համաշխարհային բանկի անցկացրած հարցման արդյունքների, արտահանողների համար մաքսազերծման ընդհանուր ծախսերի 46 տոկոսը եւ ներմուծողների համար ծախսերի 8 տոկոսը կազմում են մաքսային կառույցին տրված կաշառքները: Այդ կառույցի ղեկավարի կարծիքով, ներկայումս ինչպիսի՞ն է պատկերը: Մաքսավորներին տրվող կաշառքները գործարարների ընդհանուր ծախսերի մեջ ավելացել են, թե՞ նվազել:
2-րդ հարց: Համաշխարհային բանկի մեկ այլՙ «Ձեռնարկատիրություն 2007. բարեփոխումների ճանապարհին» զեկույցում Հայաստանը միջազգային առեւտրի առումով 2005 թ.-ին 119-րդ տեղում է: Ըստ զեկույցի հեղինակ Սիմեոն Դյանկովի, Հայաստանից ավելի վատ ցուցանիշ այստեղ ունեն միայն մի շարք աֆրիկյան երկրներ, եւ այս ցուցանիշը մաքսային ընթացակարգերի բարեփոխումներ է ենթադրում: Զեկույցի հեղինակը նշել էր նաեւ, որ ներմուծման-արտահանման ընթացակարգերն այժմ Հայաստանում տեւում են 35-37 օր, մինչդեռ մեր հարեւան Վրաստանում օրինակ դրանք պարզեցվել են եւ հասցվել 5 օրվա: Տեղյա՞կ է այս զեկույցի մասին մաքսային կոմիտեի նախագահը եւ համաձա՞յն է դրանում տրված գնահատականների հետ:
Թերեւս այսքանը: Ակնկալում ենք, որ մաքսային կոմիտեի նախագահի համար մեծ բարդություն չի լինի այս հարցերին պատասխանելը: Թեեւ պատասխանի բացակայությունը նույնպես պատասխան է, դրանից բխող եզրահանգումներով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ