«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2006-10-17 | #198, 2006-10-18 | #199, 2006-10-19


ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ Էՙ ԴԻՎԻԴԵՆՏԻ ՊԱՀԱՆՋՈՎ

«Կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանին բացարձակապես ձեռնտու չէ կեղծել 2007 թ. խորհրդարանական ընտրությունները, քանի որ մեկ տարի անց ավարտվում է նրա լիազորությունների ժամկետը: Հազիվ թե նա ցանկանա կապվել կրիմինալ այդ խմբավորման հետ: Երկրորդըՙ նա կփորձի հեռանալ ռեֆորմատրի եւ ազատ, արդար ընտրությունների երաշխավորի դափնիներով: Նա կօգտագործի՞ այդ հնարավորությունը, այլ խնդիր է: Անգամ եթե չօգտագործի, ժողովրդավարության հաստատումը անխուսափելի է», այս համոզմունքը երեկ «Փակագիծ» ակումբում հայտնեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Պատգամավորի կանխատեսմամբ, 2007 թ.-ն այս իմաստով կարող է խաղաղ իշխանափոխության հնարավորություն տալ: Արդար ընտրությունների արդյունքում ներկայիս իշխանությունների ներկայացուցիչ 3-4 պատգամավոր կունենանք, ժողովրդի վստահությունն ու քվեն ստացած խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված վարչապետ եւ մի քանի ամիս հետո հեռանալու պատրաստ նախագահ: Նա հույս ունի, որ այսօրվա ընդդիմությունը տարբեր բեւեռներով այլընտրանքային ծրագրեր կներկայացնի: Ինչ վերաբերում հարցին, թե արդար ընտրությունների արդյունքում ով կգա ԱԺ, օրինակՙ «Բարգավաճ Հայաստանը կլինի՞», Վ. Դալլաքյանը պատասխանեց. «Կգա նա, ով ձայների մեծամասնություն կունենա, եւ նրանց մեջ կլինի նաեւ ձեր նշած կուսակցությունը»:

Նա հայտարարեց, որ երբեւէ որեւէ քաղաքական կառույցի անդամակցելու փորձ չի արել եւ չի անի, քանի որ «ես, որպես անկուսակցական, երեք անգամ անընդմեջ ընտրվել եմ Վանաձորի թիվ 36 ընտրատարածքում: «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցություններից միակ պատգամավորն եմ, որ ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով եւ շնորհակալ եմ բացառապես Վանաձորի իմ ընտրողներին»: Սակայն նա չբացառեց նաեւ կուսակցական ցուցակներով առաջադրվելու տարբերակը: Ընդհանրապես նա համոզված է, որ քաղաքական գործիչն իր ասելիքը ասում է այն ժամանակ, երբ ինքը դա հարմար է գտնում, ոչ թե երբ նրան պարտադրում են: Մինչ մայիս դեռ ժամանակ կա, եւ ինքն իր կողմորոշման մասին կհայտնի:

Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանի դեպքին, Վ. Դալլաքյանի գնահատմամբ այն «տնտեսական ռազբորկա էրՙ քաղաքական ենթատեքստով» եւ իշխանություններն ընկան իրենց իսկ հյուսած թակարդըՙ «պատժե՞լ, թե՞ խայտառակ լինել» տարբերակում նախընտրելով երկրորդը:

«Բարգավաճ Հայաստանի»ՙ կարտոֆիլ բաժանելու ձեռնարկը բանախոսը դրական է համարում մանավանդ այն դեպքում, երբ «գյուղը կարտոֆիլի սերմացու չունի, եւ մեկը, ով 5-6 տարի բարեգործություն է անում, կարտոֆիլ է բաժանում»: Նա Գագիկ Ծառուկյանի արածը Տիգրան Կարապետյանի գործունեության հետ համեմատելով ասաց, որ բնական է համարում նաեւ այն, որ բարեգործության արդյունքում երկուսն էլ ակնկալիքներ ունենան ընտրություններում: Իսկ բարեգործություն-ընտրակաշառք սահմանը, Դալլաքայանի ներկայացմամբ, շատ պարզ էՙ ընտրակաշառքն այն է, երբ բարեգործությունն արվում էՙ դիվիդենտ ստանալու պահանջով:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4