Առնո Բաբաջանյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնք կանցկացվեն հոկտեմբերի 18-22-ը, մեկնարկեցին երեկ` նրան նվիրված գիտաժողովով: «Առնո Բաբաջանյան» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռոբերտ Հակոբյանի ներկայացմամբ, հոբելյանական միջոցառումները ներառում են կամերային երաժշտության, սիմֆոնիկ նվագախմբի համերգները, իսկ հոկտեմբերի 22-ին առաջին անգամ ելույթով հանդես կգա Առնո Բաբաջանյանի անվան էստրադային նվագախումբը: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, «Առնո Բաբաջանյան» բարեգործական հիմնադրամի եւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների գիտաժողովով տրված երեկվա մեկնարկին մասնակցում էին արվեստագիտության թեկնածուներ, դոկտորներ, պրոֆեսորներ, կոնսերվատորիայի ուսանողներ, ինչպես նաեւ Առնո Բաբաջանյանի վաստակը գնահատող բազմաթիվ երկրպագուներ եւ ընկերներ:
Բաբաջանյանին նվիրված այս գիտաժողովը երկրորդն է, առաջինը կազմակերպվել է 5 տարի առաջ` նրա ծննդյան 80-ամյակի առիթով: Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանը համոզված է, որ ժամանակ առ ժամանակ կազմակերպվող նման գիտաժողովներն օգնում են նոր լույսի տակ տեսնել Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: «Դաշնամուրային ոլորտում ինչ-որ արել է Բաբաջանյանը չափանիշային է», ասաց Սվետլանա Սարգսյանը` իր զեկուցման մեջ անդրադառնալով Բաբաջանյանի ստեղծագործության արդի լուծումներին: Գիտաժողովին հնչած 12 զեկուցումները համակողմանի ներկայացնում էին Բաբաջանյանին, անդրադառնում նրա ջութակի կոնցերտին, երրորդ լարային կվարտետին, երաժշտության ոճական առանձնահատկություններին, երգերի մեղեդայնությանը, ձայնագրություններին, ինչպես նաեւ Բաբաջանյանի առնչություններին աշուղական արվեստին, կինոյին եւ թատրոնին:
Հանդիպմանը չանտեսվեց նաեւ Առնո Բաբաջանյանի մարդկային կերպարը: Դաշնակահար Արթուր Փափազյանը, որը դեռ առիթ չի ունեցել կատարելու կոմպոզիտորի որեւէ ստեղծագործությունը, Առնոյի մասին նշում է. «Հիանալի կոլորիտով մի մարդ էր»: Կոմպոզիտոր եւ դաշնակահար Առնո Բաբաջանյանին մեծարելու ցանկությունն ու կոչն էլ ուղղեց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը. «Նորից հավաքվել ենք` մեծարելու մեր սիրելի Առնոյին, աշխարհի ժողովուրդների սիրելի Առնոյին: Սիրելի Առնոյին պիտի մեծարենք քանի կանք, իսկ մենք միշտ կանք»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ