Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը իր 150 տարիների ընթացքում ծանր ու դժվարին ուղի է անցել, բայց միշտ մնացել է հավատարիմ հայ թատրոնին ու նրա երախտավորներին: Երկու օր առաջ Թբիլիսիում մեծ շուքով տոնեցին թատրոնի հոբելյանը, որին հրավիրված էին Հայաստանից պաշտոնական պատվիրակությունը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, ՀԳՄ պատվիրակությունը Լեւոն Անանյանի գլխավորությամբ, Վրաստանի թատերասերները եւ շատ ուրիշ հյուրեր: Տիկին Պողոսյանից տեղեկացանք, որ հոբելյանական միջոցառումը կազմակերպված է բարձր մակարդակով եւ հավուր պատշաճի: Պ. Ադամյանի թատրոնի բեմում հյուրերի շարքում էին նաեւ Հայաստանի մի քանի թատրոնների գեղարվեստական ղեկավարներ. ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը, Վրաստանի մշակույթի նախարար Գ. Գաբաշվիլին, Ռուսթավելու, Մարջանաշվիլու, Քութայիսի, Բաթումի, Ադրբեջանի ու Գրիբոյեդովի թատրոնների ղեկավարները ադամյանցիների հետ:
Միջոցառումը բացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ողջույնի ու շնորհավորանքի ընթերցմամբ եւ Վիրահայոց թեմի առաջնորդի Տերունական աղոթքով: Այնուհետեւ ընթերցվեցին Հայաստանի ու Վրաստանի նախագահների ուղերձները, որից հետո Վրաստանի, Հայաստանի մշակույթների նախարարների ելույթները, եւ ուրիշ այլ ելույթներ ու շնորհավորանքներ: Հոբելյանի առթիվ Ադամյանցի 4 երախտավորների հանձնվեց «Մովսես Խորենացի» մեդալ (մեկ ռեժիսոր 3 դերասան) եւ 7 շնորհակալագրեր ՀՀ վարչապետի կողմից:
Շնորհակալագրեր ստացան նաեւ թատրոնի կոլեկտիվը իր երկարամյա անբասիր գործունեության եւ հոբելյանի առիթով: Հաջորդ օրը նախարար Հասմիկ Պողոսյանին եւ ՀԳՄ պատվիրակության անդամներին ընդունել է Վրաստանի մշակույթի նախարար Գ. Գաբաշվիլին: Հանդիպման ընթացքում քննարկվել է 2005 թ. չգործող փոխադարձ համաձայնագրերի թարմացման եւ նոր ծրագրերի հարցը, որոնց թվում է նաեւ մշակութային օրերի փոխանակումը: Բուն ու գործնական քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ տարեվերջ Երեւանում ստորագրել համագործակցության փաստաթուղթը հստակ նշված ծրագրերով: Այդ առիթով Վրաստանի նախագահին տիկին Պողոսյանը հրավիրեց Հայաստան: Բացի դրանից խոսվել է նաեւ քաղաքական իրավիճակի ու հետագա մի շարք խնդիրների, երկկողմ համագործակցության, օրենսդրական դաշտի հատկացման եւ առաջիկա ծրագրերի մասին: Դրանցից հստակեցվել է սահմանամերձ գոտում միջոցառումների անցկացման, երիտասարդ ստեղծագործողների համագործակցության եւ երիտասարդական ճամբարների ստեղծման հարցը: ՀՀ կառավարությունը հոբելյանական միջոցառումները կազմակերպելու համար հատկացրել էր 10 մլն դրամ, այդ թվում տպագրական տեխնիկայի գնում: Հայտնի բարերար Վահագն Հովնանյանը ներկա գտնվելով հոբելյանական միջոցառմանը, 5000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց թատրոնին ազգանվեր ու քրտնաջան աշխատանքի համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ