Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հին մասնաշենքի դահլիճում համալսարանի նորաստեղծ մշակութային կենտրոնը երեկ ուսանողների հետ հանդիպման էր հրավիրել օպերային հանրահայտ երգչուհի Հասմիկ Պապյանին: Ժամը 16-ին հայտարարված հանդիպմանը հրավիրվել էին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, սակայն զարմանքից քար կտրեցի, երբ ճիշտ ժամին դահլիճի դուռը զգուշությամբ բացելով տեսա միայն առաջին շարքի անկյունում նստած 7-8 միջին տարիքի մարդկանց: Ոչ մի ուսանող, ոչ մի կազմակերպիչ: Մի քանի րոպեից հայտնվեցին համալսարանի լրատվական ծառայության աշխատակիցներն ու հայտնեցին, որ երգչուհին մշակութային կենտրոնում է, վերջինիս տնօրենը նրան մի քիչ այնտեղ պիտի պահի, մինչեւ ուսանողները գան: Տասը րոպեից հայտնվեցին 5-6 ուսանողուհիներ, իսկ նշանակված ժամից քսան րոպե անց հանգիստ ճեմելով գալիս էր ուսանողների նոր խումբ: Պարզից պարզ էր, որ երգչուհուն կիսադատարկ դահլիճ չբերելու համար կպահանջվեր եւս կես ժամ:
Կազմակերպչական այսպիսի ունակություններով մշակութային կենտրոն բացելը, թող ներվի ասել, անհարգալից վերաբերմունք է նախեւառաջ համալսարանի, հետո միայն մյուս հրավիրյալների հանդեպ: Ուսանողների հետ ամենօրյա շփում ունեցող մարդիկ գոնե մի քիչ պիտի գաղափար ունենան նրանց հետաքրքրություններից, գոնե աննշան աշխատանք պիտի տանեն նախատեսված հանդիպումը մարդավայել անցկացնելու համար: Իսկ եթե դա արվում է զուտ մշակութային կենտրոնի անունն ի ցույց դնելու համար, ուրեմն պետք է ընտրել շատ նվազ համբավ ունեցող երգչուհիների, այդպես խնայելով նաեւ լրագրողների եւ հյուրի ժամանակը:
Ռ. Պ.