Պետերբուրգյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է Շլիսելբուրգի հայազգի բնակիչ Աղասի Վարդանյանի անունը, որը Նեւայի ափին` Պետրոս Մեծի արձանի մոտ սարքված թափանցիկ խորանարդի մեջ 50 օր մնաց առանց սննդի: Ծոմապահության ընթացքում նա միայն ջուր էր խմում:
Աղասիից առաջ ծոմապահության առավել աղմկալի պատմությունը ամերիկացի 30-ամյա աճպարար Դեւիդ Բլեյնի 44-օրյա հացադուլն էր Լոնդոնի մարդաշատ Թաուեր կամրջի վրա: Աղասին գերազանցեց նրա ռեկորդը, օգոստոսի 27-ից սկսած 50 օր անոթի մնալով փայտե երկար «ոտքերի» վրա դրված թափանցիկ խորանարդում:
Վարդանյանի մամլո քարտուղարի հաշվարկների համաձայն, ծոմապահության կազմակերպման վրա ռեկորդակիրը ծախսել է 50 հազար ռուբլի: Եթե նա ծոմ չպահեր, ապա 50 օրում կծախսեր 10-15 հազար ռուբլի: Ինքը` Վարդանյանն ասում է, որ ծոմապահության է դիմել այլասիրությունից դրդված: Խորանարդի տակ ամրացված էր բանկային հաշվեհամար հետեւյալ խոսքերով. «Բարեգործական միջոցառում է անցկացվում Գինեսի գրքի համաշխարհային նոր ռեկորդ սահմանելու կապակցությամբ: Կազմակերպիչները պարտավորվում են հանգանակված գումարի 50 տոկոսը փոխանցել վետերանների խորհրդին»:
Վերջում պարզվեց, որ բարեգործության նպատակով սեփական փողերը չէր խնայել միայն երկու մարդ:
Աղասին հետը վերցրել էր տաք հագուստ, սպիտակեղեն, ծածկոց, բարձ, ներքնակ, ինչպես նաեւ 150 լիտր ջուր եւ 50 տուփ ծխախոտ (ծխեց դրանց հազիվ կեսը): Ծոմապահության ընթացքում նա մի քանի անգամ Նեւայի առափնյակ իջավ բուժզննության ենթարկվելու: Վերջում բժիշկներն արձանագրեցին, որ Աղասին նիհարել է 23 կիլոգրամով:
Բայց ականատեսները պատմում են, որ 50-րդ օրը ռեկորդակիրը բավական լավ տեսք է ունեցել, առույգ քայլել է, նստել իր սեւ «Վոլգայի» ղեկին եւ հեռացել: