Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը պատրաստվում է իր անունը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում: Հոկտեմբերի 22-ին Մեխիկոյում կայանալիք շախմատային փառատոնի ընթացքում Կարպովը պետք է իր ստորագրությունը դնի ինքնակենսագրական 2000 գրքերի վրա: Զուգահեռաբար, Մեխիկոյի Սոկալո հրապարակում փառատոնի կազմակերպիչները մտադիր են Գինեսի ռեկորդների գրքին արժանի եւս երկու նվաճում գրանցել` կազմակերպելով առավելագույն թվով մասնակիցներով միաժամանակյա խաղի սեանս եւ նրանցով շախմատի «կենդանի» խաղատախտակ ստեղծելով: Փառատոնի ընթացքում 13800 շախմատասերներ իրենց ուժերը կչափեն 600 գրոսմայստերների հետ: Վերջիններից յուրաքանչյուրը միաժամանակյա խաղի սեանս կանցկացնի 20-40 խաղատախտակների վրա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ