«Ինդիփենդենտ» թերթի Միջին Արեւելքի հատուկ թղթակից Ռոբերտ Ֆիսքը, որին մեր ժողովուրդը ճանաչում է ցեղասպանության հարցում իր հստակ դիրքորոշումով, ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոկտեմբերի 14-ի հոդվածում անվեհեր պատրաստակամություն է հայտնում Թուրքիայում մեղադրյալի աթոռից դատապարտելու Հայոց ցեղասպանությունը ուրացողներին:
Հոլոքոսթը սատարողների համար վատ շաբաթ էր: Խոսքս վերաբերում է նրանց, ովքեր դիտավորյալ ստում են օսմանյան թուրքերի իրականացրած 1915 թվի 1,5 մլն հայ քրիստոնյաների ցեղասպանության առնչությամբ: Անցյալ հինգշաբթի օրը Ֆրանսիայի ստորին պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագիծ: Մի ժամ չանցած Թուրքիայի ամենահայտնի գրողը` Օրհան Փամուքը (որին վերջերս միայն արդարացրին թրքությանը վիրավորանք հասցրած լինելու մեղադրանքից), արժանացավ գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի: Սիրիայի անապատների եւ հարավային Թուրքիայի հողերի տակ գտնվող զանգվածային գերեզմաններում մի քանի հոգիներ հավանաբար ավելի հանգիստ ննջեցին:
Մինչ Թուրքիան շարունակում է իր անմեղության վերաբերյալ դատարկաբանություններ դուրս տալ (հարյուր հազարավոր հայ տղամարդկանց հետեւողական սպանությունները եւ կանանց խմբակային բռնաբարությունները «քաղաքացիական պատերազմի» հետեւանք համարելով), հայ պատմաբանները, օրինակՙ Վահագն Տատրյանը, շարունակում են գերեզմանափորի ջանասիրությամբ նորանոր ապացույցներ երեւան բերել այդ կանխամտածված Հոլոքոսթի վերաբերյալ:
Այո, այդ բառը մեծատառով գրվելու իրավունք ստացել է, քանի որ հրեական Հոլոքոսթի անմիջական նախորդն էր, եւ իրագործած նացիստ «ճարտարապետներից» մի քանիսը Թուրքիայում էին 1915 թվին:
Փամփուշտները խնայելու համար հայերին սպանում էին խանչալներով, թրերով, կացիններով ու կռաններով: Սեւ ծովում եւ Եփրատի գետերում կանանց եւ երեխաներին զանգվածաբար խեղդում էին: Դիակներն այնքան շատ էին, որ խցանման հետեւանքով որոշ հատվածներում գետն «ստիպված էր» մոտ կես մղոնով փոխել ընթացքը: Պրոֆ. Տատրյանը, որ սահուն խոսում եւ կարդում է թուրքերեն, վերջերս հայտնաբերել է նաեւ, որ տասնյակ հազարավոր հայեր խոտանոցում ողջ-ողջ հրկիզվել են:
Նա հայտնաբերել է պատերազմից հետո թուրք ջարդարարներին հետաքննող թուրքական զինվորական դատարանին ուղղված 3-րդ բանակի հրամանատար, զորավար Մեհմեդ Վեհիբ փաշայի ստորագրությամբ գրավոր մի ցուցմունք (երդմամբ հաստատված), որտեղ գեներալը վկայում է, որ Ջուրիկ (նշանակում է «փոքրիկ ջուր») հայկական գյուղն այցելելով, բոլոր տները գտել է այրված մարդկային կմախքներով լեցուն: Այնքան լիքն են եղել այդ տները, որ կմախքները բոլորը կիպ կանգնած վիճակում են եղել: «Իսլամի ամբողջ պատմության մեջ հնարավոր չէ գտնել նման վայրագության զուգահեռներ», գրել է նա այդ փաստաթղթում:
Հայոց Հոլոքոսթը (որն այժմ «անհիշատակելի» է դարձել Թուրքիայում) բոլորովին էլ գաղտնիք չէր երկրի բնակչության համար 1918 թվին: Միլիոնավոր մահմեդական թուրքեր ականատես էին եղել երեք տարի առաջ իրագործված զանգվածային տեղահանություններին: Նրանցից քչերը, անասելի խիզախություն ցուցաբերելով, պաշտպանել էին իրենց հայ հարեւաններին եւ ընկերներին, վտանգելով իրենց իսկ մահմեդական ընտանիքների կյանքը: Իսկ 1918 թվի հոկտեմբերի 19-ին թուրքական սենատի նորընտիր նախագահ եւ երիտթուրքերի նախկին պաշտպան Ահմեդ Ռիզան իր երդման արարողության ընթացքում խոստովանել էր. «Եկեք ընդունենք, որ մենք թուրքերս վայրենաբար (վահշիանե` թուրքերեն) հիմնովին սպանեցինք հայերին»:
Տատրյանը մանրամասն նշում է, թե ինչպես 2 զուգահեռ հրամաններ էին արձակվել, նացիստական ոճով, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի կողմից: Դրանցից մեկում թախանձագին կարգադրություն կար տեղահանված հայերին ապահովել հացով եւ ձիթապտղով, իսկ մյուսում` «ձեր առաքելությունը մինչեւ վերջ» կատարել, որը նշանակում էր քաղաքի մարդաշատ կենտրոնական վայրերից հեռանալուն պես սպանել բոլորին` ականատեսներից հեռու: Թուրք սենատոր Ռեշիդ Աքիֆ փաշան 1918 թվի նոյեմբերի 19-ին խոստովանել է, որ «առաքելությունը» նշանակում էր հարձակվել եւ կոտորել բնակչությանը: «Որպես մահմեդական եւ որպես օսմանցի պետական գործիչ ես ամաչում եմ: Այդ ոճրագործ մարդիկ արատավորել են օսմանյան կայսրության հեղինակությունը», նշել է նա:
Տարօրինակ է, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները 1918 թվին կարող էին արտասանել նման ճշմարտություններ, կարող էին իրենց իսկ խորհրդում ընդունել, որ կատարվել է հայերի ցեղասպանություն եւ կարդալ իրենց թերթերում խմբագրականներ քրիստոնյա այդ ժողովրդի դեմ գործված վայրագությունների մասին: Տարօրինակ է նաեւ, որ նրանց հետնորդներն այսօր այդ բոլորը համարում են առասպել եւ օրենքի չարագուշակ 301 հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկում բոլոր նրանց, ովքեր կրկնում են այն, ինչ 1918-ին մարդիկ ընդունում էին եւ բացահայտ խոսում դրա մասին:
Վստահ չեմ, որ Հոլոքոսթը ուրացողներին (լինի դա հակահայկական, թե հակասեմական) պետք է դատարան կանչել: Դեյվիդ Իրվինգը խոսքի ազատության «տհաճ զոհ է» դարձել, իսկ Բեռնար Լյուիսի մեկ ֆրանկի արժողությամբ տուգանքը «Մոնդի» 1993 թվի նոյեմբերի համարում Հայոց ցեղասպանությունը ուրանալու համար, կարծում եմ, ավելի շատ նպաստել է նրա անվան հրապարակայնությանը, քան որեւէ այլ բանի:
Բայց անչափ գոհունակություն է պատճառում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ նրա ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզիի դիրքորոշումը, որ նախքան Եվրոմիությանը անդամակցելը Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նման խիզախություն չէր ցուցաբերել ո՛չ Քութ-Էլ-Ամարայի լորդ Բլերը, ո՛չ էլ Եվրոմիությունը, որն անամոթաբար եւ երեխայական մոտեցումով հայտարարեց, որ ընդունվելու դեպքում ֆրանսիական այդ բանաձեւը «կխոչընդոտի երկխոսությանը», որն այնքան անհրաժեշտ է Թուրքիայի եւ այսօրվա Հայաստանի համար: Կուզենայի իմանալ այդ բոլորի ենթատեքստը: Նշանակո՞ւմ է, արդյոք, որ չպետք է խոսենք հրեական Հոլոքոսթի մասին, որպեսզի չխաթարենք Գերմանիայի եւ Եվրոպայի հարեւանների «հաշտությունը»:
Անցյալ շաբաթ հանկարծ իմ աչքերի առաջ ուրվագծվեցին հայկական այդ զանգվածային գերեզմանները: Հաջորդ ամիս թուրք հրատարակիչները պատրաստվում են թուրքերենով հրատարակել իմ վերջին` «Մեծ պատերազմը հանուն քաղաքակրթության» վերնագրով գիրքը, որտեղ մի ամբողջ գլուխ նվիրված է Հայոց ցեղասպանությանը եւ կրում է «Առաջին Հոլոքոսթը» խորագիրը: Հինգշաբթի օրը Ստամբուլի «Ագորա Բուքա» հրատարակչությունից ֆաքս ստացա. ինձ հայտնում էին, որ իրենց իրավաբանների կարծիքով «հավանաբար դատական պատասխանատվության կանչվեն 301 օրենքի համաձայն», որն արգելում է անպատվել թրքությանը կամ Թուրքիային: Այդ օրենքով մեղադրել էին Փամուքին: Բայց ինձ հայտնում էին, որ որպես օտար «զերծ կմնամ» նման հետապնդումից, իսկ ցանկության դեպքում կարող էի ներառվել թուրքական դատարանում ընթացող դատավարությանը` որպես վկա:
Ճիշտն ասած, կասկածում եմ, որ Թուրքիայում Հոլոքոսթը ուրացողները դիպչեն մեզ: Բայց եթե փորձեն, ապա պատիվ կլինի ինձ համար կանգնել մեղադրյալի աթոռին` իմ հրատարակիչների կողքին եւ դատապարտել մի ցեղասպանություն, որ նույնիսկ ներկա թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալն է ժամանակին դատապարտել:
Թարգմ.ՙ Հ. ԾՈւԼԻԿՅԱՆ