Սահմանվել են ինովացիոն գերակայությունները
Կառավարության սահմանած ինովացիոն ոլորտի զարգացման հետեւյալ գերակայությունները երեկ լրագրողներին ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Այդ ուղղություններն են ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծումը եւ զարգացումը, էներգիայի այլընտրանքային աղբյուրները, բարձր տեխնոլոգիական մշակումները (օրինակՙ քիմիայի կամ էլեկտրոնիկայի բնագավառում), էկոլոգիական նախընտրելի տեխնոլոգիաների ներդրումը եւ զարգացումը:
Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ գերակայությունների ընտրությունը պայմանավորված է Հայաստանում գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու նպատակով ինովացիոն ենթակառուցվածքների համակարգ ձեւավորելու, վերականգնվող եւ այլընտրանքային աղբյուրներից ստացվող էներգիայի միջոցով էներգետիկ անկախության հնարավորությունների մեծացման, բարձր տեխնոլոգիական մշակումների ներդրման, ինչպես նաեւ տեխնոլոգիաների փոխանցման բնագավառում տարածաշրջանում Հայաստանի դերի ամրապնդման անհրաժեշտությամբ: Նախարարը տեղեկացրեց, որ ենթակառուցվածքների ստեղծումը պետք է ավարտվի արդեն եկող տարվա ընթացքում:
Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարին ուղղված «Ազգի» հարցը հետեւյալն էր. «Տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակի ժամանակ այս ոլորտի ներկայացուցիչները ոլորտի հետագա առաջընթացի համար անհրաժեշտ էին համարում հարկային արտոնություններ տրամադրելը: Ինչպիսի՞ն է կառավարության դիրքորոշումն այս կապակցությամբ»: Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ նման արտոնություններ կառավարությունը տրամադրում է այն ճյուղերին, որոնք այլ երկրներում ունեն այդպիսի արտոնություններ: Օրինակՙ ադամանդագործությունը, որն այդպիսի հաջողություններ չէր ունենա, եթե հարկային արտոնություններ նրա համար չսահմանվեին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հարկային դաշտը մյուս երկրների հարկային դաշտից չի տարբերվում:
Նախարարն անդրադարձավ նաեւ դեպի Հայաստան եւ մեր երկրից դուրս կատարվող բեռնափոխադրումների ներկա իրավիճակին, ասելով, որ այդ գործունեությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններն իրենց բեռներն այժմ վերաուղղում են դեպի այն նավահանգիստները, որտեղից Վրաստան մտնելը խնդիրներ չի հարուցում: Սակայն դրա հետեւանքով նրանք 7-25 տոկոսի սահմաններում կորուստներ են կրում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ