«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2006-10-18 | #199, 2006-10-19 | #200, 2006-10-20


ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱ ԳՈՂԳՈԹԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ռեֆորմը ծանր քայլերով է ընթանում

Այս համակարգի ներդրման մասին արդեն մեկ տասնամյակ խոսվում է, բայց ոչ միայն բնակչությունը, այլեւ բուժաշխատողների մի հսկա զանգված ոչ ընդունում, ոչ էլ, ի դեպ, հավատում են հնարավոր առավելություններին: Համակարգի ներդրումն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկային ծրագրով: Մեր կառավարության եւ Համաշխարհային բանկի 2004 թվականին կնքած համաձայնագրով 4 տարում Հայաստանին է տրամադրվելու 7,1 մլն դոլար: Ընտանեկան բժշկության ժամանակակից խնդիրներին նվիրված հերթական կոնֆերանսը երեկ կայացավ Առողջապահության ազգային ինստիտուտում:

Այս տարվա կառավարական մի որոշմամբ 2007 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում կգործի ընտանեկան բժիշկների ազատ հավաքագրման սկզբունքը: Այսինքն, մեր քաղաքացիներն այլեւս պարտադրված չեն լինի ընդունել պոլիկլինիկայի այս կամ այն բժշկի ծառայությունը, որի հանդեպ առանձնակի համակրանք չեն տածում: Նրանք իրենց պոլիկլինիկաներում, հատուկ կտրոնների վրա կմատնանշեն իրենց նախընտրած բժիշկներին: Նաեւ տարին մեկ անգամ իրավունք ունեն փոխել նրանց, եթե այս կամ այն պատճառով դժգոհ են նրանցից: Բայց որքանո՞վ արդյունավետ կլինի ընտրության գործընթացը բնակչության համատարած պասսիվության եւ բժիշկների անվստահ, թեական վերաբերմունքի պայմաններում: Գյուղական համայնքներում ընտրության խնդիրն ավելի պարզ է: Շատ գյուղեր նույնիսկ բուժքույր չունեն, ուր մնացՙ բժիշկ ընտրելու հնարավորություն:

Ընտանեկան բժիշկը տիրապետում է մի քանի մասնագիտացումների: Ուսումնառության ընթացքում ուսանողներն անցնում են 30-ից ավելի ամբիոններով եւ գործնականում բոլոր նեղ մասնագիտական բնագավառներում որոշակի գիտելիքների են տիրապետում: Այսօր հանրապետությունում 700 մարդ մասնագիտացած է այս ասպարեզում: Նրանք սովորել են բժշկական համալսարանում, ազգային ինստիտուտում, բժշկական հենակետային քոլեջում, ուր վարկային միջոցներով ընտանեկան բժշկության ամբիոններ են բացվել:

Ընտանեկան բժիշկներն այսօր ֆինանսավորվում են 4 նեղ մասնագիտական ոլորտների սպասարկման համար` էնդոկրինոլոգի, նյարդաբանի, սրտաբանի, ինֆեկցիոնիստի: «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիա» կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանի խոստովանությամբ, ընտանեկան բժիշկների վճարման այսօր գործող տրամաբանությունը բավական խառնաշփոթ է եւ անտեղի քաշքշուկների տեղիք է տալիս: Եթե ընտանեկան բժիշկը նեղ մասնագետի մոտ խորհրդատվության է ուղարկում իր հիվանդին, պարտավոր է իրեն հասցեագրված գումարից որոշակի բաժին առանձնացնել նրա համար: Սա որոշակիորեն հարուցում է նրա դժգոհությունը: Մեկ ընտանեկան բժիշկը գործող կարգի համաձայն, սպասարկում է 1600-2000 մարդու, յուրաքանչյուր մարդու հաշվով, նայած տարիքի, ստանալով 30-60 դրամ:

Համակարգի ներդրումը, բժիշկների ազատ հավաքագրման արմատավորումն անկասկած մեր բժիշկների համար գլխացավանք կարող է դառնալ նաեւ այլ առումով: Եթե բնակիչը նրանց չընտրի, եթե նրանք բավարար քանակի հիվանդներ չունենան, հարկադրված կլինեն կաշվից ելնել լավ համբավի հասնելու համար, ստիպված կլինեն ավելի խղճով վերաբերվել իրենց մասնագիտական պարտականություններին:

Մեխանիկորեն հանրապետություն ներմուծված այս ինստիտուտը չի կայանում ոչ միայն այն պատճառով, որ հակադրվում է բնակչության պահպանողական հոգեբանությանը եւ հակառակ է ընդունված ավանդույթներին: Կա ավելի մեծ խնդիր` անվստահությունը: Նույնիսկ նեղ մասնագետներին մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում, ուր մնացՙ միանգամից տասնյակ հիվանդությունների իմացության հավակնություն ներկայացնող բժշկին: Այս իրողությունն իր հերթին հակասություն է ստեղծում նեղ մասնագետների ու ընտանեկան բժիշկների միջեւ:

Կոտայքի մարզի Բուժական գյուղի ընտանեկան բժիշկ Նաիրա Եղիազարյանը նշում է մեկ այլ խոչընդոտ իրենց գործունեության ճանապարհին: Պոլիկլինիկաների անվճար դառնալուց հետո ընտանեկան բժիշկների գործն ավելի բարդացավ: Անվճար սպասարկման այլընտրանքը հայտնվելուն պես մարդիկ շտապեցին դիմել պոլիկլինիկաներ, իրենց ավանդական վայրերը` դիմելու հենց այն հիվանդության մասնագետ բժշկին, որով իրենք տառապում են:

Երեւանի պոլիկլինիկաներում ընտանեկան բժշկի մասնագիտացմամբ 166 մարդ կա, սակայն նրանցից ընդամենը 23-ն է աշխատում նոր մասնագիտությամբ: Մնացածները հավանաբար մի քանի տարի անց կմոռանան այն, ինչ սովորել են: Եվ բուհական ուսումնառության, մասնագիտական վերապատրաստումների համար ծախսված հսկա միջոցները եւս հօդս կցնդեն: «Համապատասխան պայմաններ չստեղծվելու, այս տեմպերով ներդրումը շարունակելու դեպքում մենք ստիպված կլինենք վերադառնալ հին համակարգին», իրավիճակն այսպես է բնութագրում քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Սողոյանը: Նույնիսկ նման փաստի առկայության պայմաններում համակարգի ներդրման ծրագրով նախատեսվում է 2005-2009 թվականների ընթացքում վերապատրաստել եւս 930 բժիշկ եւ նույնքան բուժքույր` 12-ամսյա եւ 6-ամսյա կրթական ծրագրերով: Համենայն դեպս...

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4